2019թ. փետրվարի 7-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2006թ. շրջանավարտ, «Յունիբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղի կառավարիչ Ջուլիետա Սամվելի Ճաղարյանի հետ:

- Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

- Ծնվել եմ 1985 թվականին Սևքար գյուղում:

- Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի (ծնողների, ամուսնու, զավակների) մասին:

- Հայրս՝ Սամվել Ճաղարյանը, 29 տարի (սկսած 23 տարեկանից) եղել է Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրենը, մայրս՝ Անահիտ Դավթյանը, գյուղապետարանում աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ: Ես ամուսնացած եմ, ունեմ երկու զավակ. որդիս ութ տարեկան է, դուստրս՝ հինգ, ամուսինս ապահովագրական ընկերությունում հայցեր կարգավորող մասնագետ է:

- Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

- Ես, խղճից թույլ մարդ լինելով, փոքր հասակում երազում էի դառնալ դատապաշտպան, որպեսզի կարողանամ օգնել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց:

- Ի՞նչ կրթություն եք ստացել:

- 2002-2006 թթ. սովորել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տեսական տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրիատում: 2006-2008 թվականներին սովորել եմ ԵՊՀ մագիստրատուրայում՝ «Դրամաշրջանառություն, ֆինանսներ, բանկային գործ» մասնագիտացմամբ:

 - Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

- ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը առաջնային, հիմնական դեր է խաղացել իմ կյանքում: Իմ հարազատ բուհն ինձ շատ բան է տվել՝ ոչ միայն որակյալ կրթություն, այլև հոգևոր ու բարոյական դաստիարակություն, ինձ շատ է խրախուսել: Առաջին անգամ այդտեղ է ինձ վստահվել դրսևորելու լիդերության հատկանիշներ. նշանակվել եմ կուրսի ավագ, որին շատ մեծ պատասխանատվությամբ էի մոտենում: Առաջին անգամ ԵՊՀ ԻՄ-ում է օրինակելի վարքի և առաջադիմության համար ինձ տրվել շնորհակալագիր, որով շատ էի ոգևորվել: Թեև մասնաճյուղում սովորել եմ վճարովի հիմունքներով, բայց բարձր առաջադիմության համար ինձ տրվել է ուսման վարձի փոխհատուցում, անվճար հիմունքներով էլ սովորել եմ ԵՊՀ մագիստրատուրայում:

- Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

- Ուսանողական տարիներից՝ 3-րդ կուրսից, աշխատել եմ «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպությունում (ՄԲԿ)՝ որպես տարածքային դիտորդ: 2008-ից աշխատում եմ «Յունիբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ որպես գլխավոր մենեջեր, 2017թ. մարտից կառավարիչն եմ:

- Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

- Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպը:

- Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

- Ժամանակի սուղ լինելու պատճառով գեղարվեստական գրքեր շատ չեմ հասցնում կարդալ, անընդհատ ընթերցում եմ մասնագիտական գրականություն, հետևում օրենսդրության փոփոխություններին:

- Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

- Նախընտրում եմ ռուսական շանսոն:

- Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

- Սիրում եմ խորիմաստ ֆիլմեր: Նույն ֆիլմը երկրորդ անգամ չեմ դիտում: Հավանում եմ, օրինակ, «Ծովահենները» ֆիլմը:

- Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

- Լող: Մարտական մարզաձևեր չեմ սիրում:

- Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

- Հայաստանում՝ իմ Իջևանը, արտասահմանում ինձ շատ է գրավում «Սիրո քաղաք» Փարիզը:   

- Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

- Մարդասիրությունը, երախտապարտ լինելու, իր ունեցածը գնահատելու հատկությունները, ազնվությունը: Չեմ ընդունում երկերեսանի մարդկանց:

- Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

- Նայած իրավիճակին՝ ունեմ նախընտրելի մի քանի ասույթ, ինչպես «Ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում», «Ուրիշի համար փոս փորողն ինքն է մեջն ընկնում», «Գեղ կանգնի, գերան կկոտրի», «Այն աղբյուրը, որից ջուր ես խմում, քար մի՛ գցիր»:  

- Ի՞նչ երբեք չեք անի:

- Որևէ մեկի իրավունքները չեմ ոտնահարի, գողություն, անազնվություն չեմ անի, ապերախտ չեմ լինի:

- Ինչի՞ց եք վախենում:

- Մենակությունից:

- Ինչի՞ համար եք ափսոսում:

- Ափսոսում եմ, որ ծնողներիս չեմ կարող վերադարձնել այն, ինչ իրենք են ինձ տվել:

 - Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

- Ժամանակը. հապշտապ որոշումներ չեմ կայացնում, սպասում եմ, կշռադատում, հետո նոր կայացնում: Որոշում կայացնելիս էլ առաջնային նշանակություն եմ տալիս մարդկայնության գործոնին:

- Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

- Ընտանիքս և իմ ստացած դաստիարակությունը:

- Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

- Աշխատասիրությունը, նվիրումը գործին, պատասխանատվության բարձր զգացումը:

- Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

- Հայրս ինձ միշտ ասում էր. «Հույսդ միշտ քեզ վրա դի՛ր. ձեռքդ դի՛ր ծնկիդ և վե՛ր կաց»:

- Ո՞րն է այն հիմնական խորհուրդ-պատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

- Մեր երիտասարդներին՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին, խորհուրդ կտամ, որ, բնականաբար, լավ սովորեն, որովհետև առանց սովորելու, առանց պարտաճանաչության և պատասխանատվության զգացումի (թե՛ ուսման և թե՛ աշխատանքի նկատմամբ) չեն կարող գտնել իրենց տեղը կյանքի ոչ մի բնագավառում: Մարդ պիտի ձգտում ունենա և հասնի դրան իր արժանիքների շնորհիվ:   

- Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:  

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

Spread the article
©2023 All rights reserved.