2019թ. հունվարի 21-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2007թ. շրջանավարտ, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի փոխդեկան, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Վահան Արշակի Աղաբաբյանի հետ:

- Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

- Ծնվել եմ 1982 թվականի դեկտեմբերի 8-ին Տավուշ աշխարհի հրաշալի անկյուններից մեկում՝ Կողբ գյուղում:

- Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի (ծնողների, կնոջ, զավակների) մասին:

- Ավանդապաշտ ու արժանավոր հայ գյուղացու ընտանիքի զավակ եմ: Ծնողներս հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ: 2009 թվականին ամուսնացել եմ: Կինս՝ Հասմիկը, Ջավախքից է՝ արմատներով Վահան Տերյանի տոհմից: Միասին սովորել ենք ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայում: 2010 թվականին ծնվել է որդիս՝ Նարեկը:

- Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

- Շատ երազանքներ եմ ունեցել: Երբեմն ցանկանում էի դառնալ զինվորական, երբեմն՝ բժիշկ: Հետագայում այդ երկու մասնագիտությամբ էլ սովորեցի, բայց հասկացա, որ իմը գրքերի աշխարհն է:

- Ի՞նչ կրթություն եք ստացել:

- Դպրոցն ավարտելուց հետո երկար ժամանակ չէի կարողանում ընտրել, թե ինչ մասնագիտությամբ սովորեմ: Տարբեր կրթական հաստատություններում կիսատ-պռատ սովորելուց հետո 2003 թվականին գտա իմ «մեծ» սերը: Ընդունվեցի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության բակալավրիատը, 2009-ին՝ նույն մասնագիտության մագիստրատուրան: 2010-13 թթ. սովորել եմ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում: 2013թ. պաշտպանել եմ գիտական ատենախոսություն «Սերո Խանզադյանի պատմվածքներն ու վիպակները» թեմայով՝ ստանալով բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2017թ. ԲՈՀ-ի կողմից ստացել եմ դոցենտի գիտական կոչում:

- Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

- Իմ երիտասարդ կյանքի գրեթե կեսը կապված է մասնաճյուղի հետ: Այնտեղ ես ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան տանը: Ունեցել եմ հրաշալի դասախոսներ, որոնց հետ պատիվ ունեմ այսօր աշխատելու: Հիշում եմ նրանց յուրաքանչյուր դասը՝ փորձելով «գողանալ» ամենից հաջողված մեթոդները: Հետագա տարիներին՝ այլ բուհերում սովորելու ընթացքում, երբեք չեմ դժվարացել, քանի որ ունեցել եմ բակալավրական հիանալի կրթություն:

- Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

- Աշխատել եմ տարբեր օղակներում: Եղել եմ ԵՊՀ ԻՄ-ի կրթության որակի ապահովման և գնահատման բաժնի ավագ մասնագետ, Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավար, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ, դեկանի տեղակալ: Բայց ամենակարևորը դասախոսական աշխատանքն է: Այսօրվա երիտասարդները շատ խելացի են, շատ զարգացած, և ինձ համար հաճելի ու պատասխանատու է յուրաքանչյուր դասաժամը: Հիմնականում դասավանդում եմ «Արդի հայ գրականություն» և «Հայ գրականության պատմություն»:

- Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

- Գիրքը իմ կյանքի անբաժան ուղեկիցն է: Շատ գրքեր, ավելի ճիշտ, շատ սիրելի հեղինակներ  ունեմ: Սիրում եմ Հ.Թումանյան, Վ.Տերյան, Ե.Չարենց, Հր. Մաթևոսյան: Ընդհանրապես բոլոր գրքերն էլ հաճույքով եմ կարդում: Յուրաքանչյուրը մի նոր աշխարհ է, նոր կյանք ու փիլիսոփայություն:

- Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

- Մ.Սահակաշվիլիի «Ուժերի զարթոնք» գիրքը:

- Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

- Տրամադրությունից կախված՝ լսում եմ տարբեր ոճերի երաժշտություն: Սիրում եմ հեղինակային, ժողովրդական, ազգագրական երգեր: Ամենասիրելի երգը Վ.Տերյանի խոսքերի հիման վրա գրված «Իմ խաղաղ երեկոն է հիմա» երգն է:

- Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

- «Մենք ենք, մեր սարերը»:

- Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

- Երկար տարիներ հաջողությամբ զբաղվել եմ ֆուտբոլով: Հիմա էլ եմ մեկ-մեկ խաղում, բայց արդեն «վետերանների» թիմում:

- Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

- Իմ ծննդավայրը: Այնտեղ ամեն ինչ այնքան գեղեցիկ է, որ երբեմն զարմանում ես Աստծո արարչագործության վրա: Արտերկրում հիմնականում սիրում եմ հանգստանալ Գանձայում՝ Փարվանայի ափին: Աշխարհում երևի չկա այլ վայր, որտեղ երկիրն ու երկինքն այնքան մոտ լինեն իրար, թվում է՝ երկնքում ես:

- Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

- Կզարմանաք, բայց մարդու մեջ գնահատում եմ հենց Մարդ լինելու հատկանիշը: Շատ եմ հարգում խոսքի և գործի մարդկանց:

- Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

- Առաջնորդվում եմ պարզ, հասարակ կենցաղավարությամբ: Ես գործի մարդ եմ: Ծնողներիցս ժառանգել եմ աշխատասիրություն: Սիրում եմ աշխատել... շատ աշխատել: Երևի հենց դա է կյանքի իմ կարգախոսը: Իսկ կարգախոսներ, որպես այդպիսիք, չունեմ:

- Ի՞նչ երբեք չեք անի:

- Երևի երբեք օդապարիկով չեմ թռչի:

- Ինչի՞ց եք վախենում:

- Բարձրությունից:

- Ինչի՞ համար եք ափսոսում:

- Ափսոսում եմ, որ մեր ժամանակը սահմանափակ է, իսկ համաշխարհային գրականությունը՝ անսահմանափակ:

- Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

- Խղճի ձայնը: Եթե որոշում կայացնելուց հետո քո ներքին դատավորը բավարարված է, ուրեմն՝ կայացրածդ որոշումը ճիշտ էր:

- Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

- Որդուս ծնունդը:

- Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

- Աշխատասիրությունը, դժվարին իրավիճակներում չհանձնվելու կարողությունը: Երբեմն թվում է, թե տարբերակներ չկան, բայց, որպես կանոն, լավագույն տարբերակները այդ ժամանակ են ծնվում:

- Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

- Յուրաքանչյուրս էլ շատ խորհուրդներ ենք ստանում: Դժվար է պատկերացնել՝ խորհրդատուն ինչ խորհուրդ կտար, եթե հայտնված լիներ հենց նույն իրավիճակում, որում դուք եք:

- Ո՞րն է այն հիմնական խորհուրդ-պատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

- Իսկ ահա մեր ուսանողներին խորհուրդ կտամ օգտագործել յուրաքանչյուր պահը: Անընդհատ սովորել: Այսօր աշխարհն անասելի արագ է զարգանում: Միայն դիպլոմի առկայությունը դեռևս բավարար պայման չէ հաջողակ կյանք ունենալու համար: Պետք է ավելի շատ փորձեն զարգացնել գործնական հմտությունները և բավարարեն աշխատաշուկայի պահանջներին:

- Շատ շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար:  

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

Spread the article
©2024 All rights reserved.