2018թ. դեկտեմբերի 7-8-ին Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում երկրորդ անգամ անցկացվեց «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով համաժողովը:
Համաժողովի նպատակն էր բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորման գործընթացներում Շիրակի մարզի հաջողված փորձի ներկայացումը, առկա մարտահրավերներին ուղղված առաջարկների քննարկումն ու այլ մարզերի հետ փորձի փոխանակումը՝ որպես մարզերի հզորացման երաշխիք։
Ներկա էին 10-ական երիտասարդներ ՀՀ յուրաքանչյուր մարզից, պետական մարմինների և մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Տավուշի մարզի խմբի ղեկավարն էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս, «Ստեղծամիտ երիտասարդների միություն» ՀԿ նախագահ Սլավիկ Ալավերդյանը:
Համաժողովին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության (առկա ուսուցման) 3-րդ կուրսի ուսանողներ Գերասիմ Ալավերդյանը, Արգիշտի Մարգարյանը և Վազգեն Փայտյանը, «Սերվիս» մասնագիտության (հեռակա ուսուցման) 5-րդ կուրսի ուսանող Գևորգ Ամիրխանյանը, ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներ, «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի Իջևանի գրասենյակի համակարգող Հարություն Ալիխանյանը և Տավուշի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նարեկ Սարդարյանը, ինչպես նաև «Արմաթ» լաբորատորիաների խմբակավարներ Նարինե Դանելյանը և Նանե Գասպարյանը, 3D մոդելավորող Ռոման Աբովյանը:
Համաժողովի բացման խոսքով հանդես եկավ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) մարզերի տեխնոլոգիական ծրագրերի զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը: Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին 1988թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՁԻՀ-ի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Եվրոմիության պատվիրակության ղեկավար Պյոտր Անտոնիո Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսսուտրոն, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ՄԱԶԳ Հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի տեղակալ Դմիտրի Մարիասինը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, ՁԻՀ-ի, «YEA Ինժեներական ասոցացիա» ՀԿ-ի ու Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) միջև ստորագրվեց հուշագիր՝ ի նպաստ մարզերում տեխնոլոգիական ոլորտի զարգացման:
Հուշագիր ստորագրվեց նաև 4 մասնավոր ընկերությունների և Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի միջև:
Առաջին օրը տեղի ունեցան 3 թեմատիկ քննարկումներ, որոնց ժամանակ քննարկվեցին միջազգային բիզնեսների մարտահրավերները մարզերում, ձեռներեցության էկոհամակարգի խթանումը մարզերում և տեխնոլոգիաների դերը այլ ոլորտների զարգացման գործում: Նախորդ համաժողովի մասնակիցներից մի քանիսը ներկայացրին իրենց ձեռքբերումները և հաջողությունները:
Առաջին քննարկման ժամանակ ելույթ ունեցան և մասնակիցների հարցերին պատասխանեցին «Նեյշնլ Ինսթրումենթսի» տնօրեն, «YEA Ինժեներական ասոցացիայի» տնօրեն Արամ Սալաթյանը, «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» հետազոտության և զարգացման էկոհամակարգի ղեկավար Մարիամ Դավթյանը, «Սիներջի Հայաստան» ընկերության տնօրեն Աննա Ստեփանյանը, «ՎՕԼՕ» ընկերության համահիմնադիր և տնօրեն Արմեն Քոչարյանը, «ՓՄՁ ԶԱԿ» տնօրեն Արշակ Գրիգորյանը:
Երկրորդ թեմատիկ քննարկման խոսնակներն էին ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, “ISTC” տնօրեն Արեգ Գևորգյանը, “Blue Idea” լեհական ընկերության մասնաճյուղի տնօրեն Տիգրան Ամատունին, “IT Space” ընկերության հիմնադիր Կարեն Գասպարյանը, “Luseen Technologies” ընկերության համահիմնադիր Վարազդատ Ավետիսյանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Պատվական Հախինյանը: Ելույթ ունեցավ նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
Վերջին քննարկմանը մասնակցեցին “FAST” հիմնադրամի աքսելերացիոն և ինկուբացիոն ծրագրերի ղեկավար Դավիդ Բեգեթը, «Բրեյնֆորսի» տնօրեն Գուրգեն Ղարիբյանը, «Դ-Լինքի» որակի ապահովման խորհրդատու Արամ Խաչատրյանը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանը:
Համաժողովի առաջին օրն ավարտվեց “Di Napoli” պիցցերիայում մատուցված տոնական ընթրիքով, որի ժամանակ տարբեր մարզերի մասնակիցները հնարավորություն ունեցան միմյանց հետ շփվելու, կապեր ստեղծելու և առաջիկա տարվա անելիքները քննարկելու՝ հաջողություններ մաղթելով համաժողովին և ՀՀ-ում տեխնոլոգիաների միջոցով մարզերի հզորացման գործընթացին:
Երկրորդ օրը համաժողովի աշխատանքները շարունակվեցին զուգահեռաբար ընթացող հետաքրքիր սեմինարներով և աշխատաժողովներով: Մասնակիցներն իրենց ցանկությամբ էին ընտրում, թե որ սեմինարին մասնակցեն։
“ISTC” տնօրեն Արեգ Գևորգյանը ներկայացրեց, թե ինչպես պետք է սկսել ստարտափ:
“Deworkacy” ընկերության տնօրեն Ջուլիա Թումասյանը անցկացրեց «Դիզայներական մտածողություն» թեմայով սեմինար։
«ՇԵՄՄ» կենտրոնի տնօրեն Տիգրան Մինասյանը հանրամատչելի կերպով խոսեց ֆինանսների և բիզնեսի կառավարման խնդիրների մասին:
Սեմինարներից և աշխատաժողովներից հետո Գյումրիի հյուրերը բաժանվեցին 4 թիմերի («Կումայրի», «Ալեքսանդապոլ», «Լենինական», «Գյումրի») և 3 տասնյակ առաջադրանքներից (շինությունների անվանումներ, տեղեկություններ, մշակութային կոթողների հետ նկարվել և այլն) բաղկացած խաղի միջոցով բացահայտեցին քաղաքը: Առաջինը բոլոր առաջադրանքները կատարեցին և առավելագույն միավոր հավաքեցին Տավուշի և Սյունիքի մարզերի երիտասարդներից բաղկացած «Ալեքսանդապոլ» թիմը:
Օգտվելով առիթից` Տավուշի մարզի ներկայացուցիչները համաժողովի կամավոր Արա Գևորգյանի ուղեցությամբ ծանոթացան Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնին և նրա տարածքում գործող մի շարք կազմակերպություններին:
Փակման խոսքով հանդես եկավ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բիզնես զարգացման մենեջեր Բելլա Հարությունյանը և համաժողովի մասնակիցներին հանձնեց շնորհակալագրեր:
Համաժողովի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց 2019թ. փետրվարից ՀՀ մարզերում իրականացնել հանդիպումներ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ և արդյունքները ամփոփել հաջորդ համաժողովի ժամանակ:
Համաժողովի բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: