IMG_3414

 2018թ. նոյեմբերի 27-ին ԵՊՀ ԻՄ-ի մի խումբ ներկայացուցիչներ՝ տնօրենի օգնական Ա.Եգանյանը, Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ Մ.Զաքարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի ԺՊ Ա.Մարգարյանը և յոթ ուսանողներ, այցելեցին Դիլիջանի կենտրոնական դպրոց և վերջինիս կից գործող ֆաբլաբ (fabrication laboratory, «խելացի» լաբորատորիա)՝ զինված  նորարարական տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են տալիս «համարյա ոչնչից» ստեղծել «գրեթե ամեն ինչ»:

Համալսարանականները շրջեցին Դիլիջանի կենտրոնական դպրոցի՝ ժամանակակից տեխնոլոգիական միջոցներով հարուստ դասարաններով, ծանոթացան դպրոցի հիմնադրման պատմությանը, առաքելությանը, խնդիրներին:

Ներկայացվեց, որ 2013թ. «Այբ» կրթական հիմնադրամը, ՀՀ կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ, Դիլիջան քաղաքում բացեց Դիլիջանի կենտրոնական դպրոցը, որը պատկանում է «Այբ» դպրոցների ընտանիքին և «Այբ»-ի՝ արտաքին պատվերով և ֆինանսավորմամբ իրականացրած առաջին դպրոցական նախագիծն է: Այն քաղաքային դպրոցի մոդել է՝ հասանելի ոչ միայն ՀՀ ԿԲ-ի աշխատակիցների, այլև Դիլիջանում բնակվող այլ ընտանիքների երեխաների համար: Կենտրոնական դպրոցը հիմնական դպրոց է՝ իր տարրական և միջին բաղադրիչներով: Դպրոցի գաղափարախոսությունը, ֆիզիկական միջավայրն ու կրթական բովանդակությունը (ուսումնական առարկայական ծրագրերը, այդ թվում՝ հոգեբանի և լոգոպեդի աշխատանքի համար, դասավանդման մեթոդաբանությունը, ուսուցիչների և աշակերտների ընդունելության քաղաքականությունը, գնահատման չափանիշները և այլն) նախագծված են «Այբ»-ի չափանիշներով:

Ընդգծվեց, որ դպրոցի առաքելությունն է դառնալ ամբողջական ու մրցունակ կրթություն ու դաստիարակություն ապահովող միջավայր՝ կերտելով մի սերունդ, որը կրթված է, ունի ամուր հոգևոր արժեքներ, առաքինություն, գեղագիտական բարձր ճաշակ և առողջ կենսակերպի ձգտում:

Իր գործունեության առաջին իսկ տարում Դիլիջանի կենտրոնական դպրոցն ազդեցություն ունեցավ մի քանի կապակցված ոլորտներում՝ կրթական, մշակութային, սոցիալական, համայնքաստեղծ: Դպրոցը պարբերաբար հանդես է գալիս Դիլիջանի այլ դպրոցների հետ համագործակցության և համայնքային զարգացմանն ուղղված նախաձեռնություններով:

Մասնաճյուղի ներկայացուցիչների հաջորդ կանգառը Դիլիջանի ֆաբլաբն (Ֆաբ լաբ) էր, որտեղ ուսանողները ծանոթացան «խելացի» լաբորատորիայի գործունեությանը, ականատես եղան այդ պահին լաբորատորիայում իրականացվող գործընթացներին՝ 3D մոդելավորման, փայտամշակման սարքի աշխատանքներին, երեխաների կողմից նախագծված անօդաչու թռչող սարքերի մանրակերտներին (մակետներին):

Համալսարանականներին նաև ընդհանուր տեղեկություններ հաղորդեցին Դիլիջանի ֆաբլաբի գործունեության վերաբերյալ, ներկայացրին նպատակը, առաքելությունը, իրականացվող դասընթացները և այլն:

Մասնավորապես ներկայացվեց, որ 2015թ. Հայաստանի կենտրոնական բանկը Դիլիջանում հիմնադրեց առաջին մարզային ֆաբլաբը, որը տեխնիկական նախատիպերի պատրաստման հարթակ է  նորարության և գյուտերի համար և խթանում է տեղական ձեռներեցությունը: Այն նաև նորարարական և կրթական միջավայր է՝ ստեղծելու, սովորելու, սովորեցնելու համար:

Դիլիջանի ֆաբլաբը նպատակ ունի Տավուշի մարզի բնակիչներին տրամադրել համապատասխան միջոցներ և միջավայր, որի շնորհիվ կզարգանան ստեղծագործ միտքը, գիտությունը և ճարտարագիտությունը: Վերջինիս առաքելությունն է՝

  • Ձևավորել ստեղծագործ համայնք:
  • Խթանել հետաքրքրություն դեպի նախագծում և պատրաստում:
  • Խրախուսել գաղափարների, նախագծերի, գիտելիքի, սարքավորումների և ռեսուրսների փոխանակումը համայնքի շրջանակներում:
  • Նոր գիտելիքի ձեռքբերման հնարավորություն տրամադրել:
  • Խրախուսել նորարարական ձեռներեցությունը մարզային երիտասարդների շրջանում:

Նորարարության նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու նպատակով Դիլիջանի ֆաբլաբում իրականացվում են հետևյալ մասնագիտական դասընթացները.

  • Ծրագրավորման դասընթաց, որի ընթացքում ուսանողները սովորում են միկրոկոնտրոլերների ծրագրավորում (15 տարեկանից բարձր տարիքային խմբի համար):
  • Խաղերի պատրաստման և ռոբոտների հավաքման, ծրագրավորման դասընթաց 8-13 տարեկան երեխաների համար, որի ընթացքում նրանք սովորում են Scratch-ի միջոցով խաղերի պատրաստում: Ծրագրավորման դասընթացից հետո սովորում են Vex կոնստրուկտորի միջոցով ռոբոտների հավաքում և ծրագրավորում:
  • «Էլեկտրոնիկայի հիմունքներ» դասընթացի ժամանակ ուսանողները սովորում են նախագծել անալոգային, թվային և կոմբինացված համակարգեր, ուժային էլեկտրոնիկայի համակարգեր, ուժային էլեկտրոնիկայի հիմունքներ, Altium PCB design  գործիքով սխեմաներ (15 տարեկանից բարձր տարիքային խմբի համար): 
  • Հեռահաղորդակցության և մեխանիկայի հիմունքներ (15 տարեկանից բարձր տարիքային խմբի համար):
  • Նախագծում և մոդելավորում (Autocad, Solidworks, Fusion, Corel Draw ):
  • Անօդաչու թռչող սարքերի նախագծման և պատրաստման դասընթաց  դեռահասների համար:
  • Ճարտարապետության հիմունքներ (15 տարեկանից բարձր տարիքային խմբի համար):
  • RF և համակաարագիտություն առավել առաջադեմ ուսանողների համար:
  • Նախագծերի կառավարում, արտադրանքի մշակում, ձեռներեցություն, մտավոր սեփականության և այլ վարժանքներ:

Spread the article
©2024 All rights reserved.