Դավիթ Հայկի Ալեքսանյանը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահն է, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Պատմություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 3-րդ կուրսի ուսանող:

Դավիթը կարծում է, որ յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր դերը պետականաշինության գործում, և մասնագիտական երազանքի իրականացմամբ ուսանողը նույնպես դառնում է այդ գործի ուղիղ մասնակիցը։ «Պատմություն» մասնագիտությունը շատ կարևոր դեր է խաղում երկրի զարգացման գործում։ Պատմությունն օգնում է ոչ միայն վերականգնել անցյալի արժեքները, այլև սահմանել, թե ինչպես պետք է ուղղորդվի երկրի զարգացումը ներկայում ու ապագայում։

-Ինչու՞ պետք է ընտրել ԵՊՀ ԻՄ-ը ուսումնառության համար…
-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ՀՀ-ում գործող լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը և ուսանող-դասախոս հարաբերությունների բարձր մակարդակը  հնարավորություն  են  տալիս  ուսանողներին  ձեռք  բերել  ավելի  ամուր  ու  կայուն  մասնագիտական  ունակություններ:

-Մասնագիտական երազանքի իրականացման մասին…
-Յուրաքանչյուրի կյանքում մասնագիտության ընտրությունը կարևորագույն քայլերից մեկն է։ Մասնագիտական երազանքի իրականացումը ոչ միայն անձնական հաջողություն է, այլև ներքին բավարարվածություն ու կյանքի նպատակին մոտեցում։ Յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր դերը պետականաշինության գործում, և մասնագիտական երազանքի իրականացմամբ ուսանողը նույնպես դառնում է այդ գործի ուղիղ մասնակիցը։

-Հիմնարար կրթության կամ կարիերայի առաջին քայլերը ԵՊՀ ԻՄ-ում…
-ԵՊՀ ԻՄ-ը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել գերազանց մասնագիտական գիտելիքներ և դրանք գործնականորեն կիրառել։ Համալսարանում կազմակերպվող ոչ ֆորմալ հանդիպումները տարբեր մասնագիտություններում մեծ հաջողություններ գրանցած գործիչների հետ հնարավորություն են տալիս ուսանողներին փորձի փոխանակման միջոցով  ավելի  ամրապնդել գիտելիքները և ձեռք բերել նախնական փորձառություն։

-Ուսանողական չկրկնվող տարիները քո համալսարանում…
-Մարդու կյանքում յուրաքանչյուր փուլ իր ուրույն տեղն է ունենում աշխարհընկալման գործում։ Ուսանողական տարիները լավագույն ժամանակահատվածներից են։ Լինելով ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհրդի նախագահը՝ կարող եմ ասել, որ մասնաճյուղում ուսանողական կյանքի եռուզեռը թույլ է տալիս ուսանողներին հաստատվել ոչ միայն մասնագիտական, այլև հասարակական ոլորտում։ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող  ժամանցային,  ուսուցողական,  հայրենիասիրական  ծրագրերը  հնարավորություն  են  տալիս  ուսանողներին  լցնել  իրենց  կյանքի  էջերը  ավելի  դրական  հիշողություններով։

-Քո մասնագիտությունը որպես երկրի զարգացման ուղղություններից մեկը…
-Ես մասնագիտությամբ պատմաբան եմ։ «Պատմություն» մասնագիտությունը շատ կարևոր դեր է խաղում երկրի զարգացման գործում։ Այն մեծ նշանակություն ունի կրթական և գիտական ոլորտներում, հանրային և ազգային ինքնության ձևավորման հարցում։ Պատմությունն օգնում է ոչ միայն վերականգնել անցյալի արժեքները, այլև սահմանել, թե ինչպես պետք է ուղղորդվի երկրի զարգացումը ներկայում ու ապագայում։

-ԵՊՀ ԻՄ-ը ուսանողին տալիս է…
-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ուսանողին տալիս է շատ ավելին, քան պարզապես գիտելիքն է։ ԵՊՀ ԻՄ-ն ուսանողների համար ապահովում է անձնական և մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ բոլոր միջոցները, որոնք կարևոր են կյանքի ընթացքում։
 

Spread the article
©2025 All rights reserved.