ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դրամաշնորհների հատկացման հանձնաժողովն ամփոփել է 2025-2026 ուստարվա գիտական թեմաների ներբուհական մրցույթի արդյունքները: Հանձնաժողովի որոշմամբ 95 միավորով հաղթող է ճանաչվել Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Արմենի Պողոսյանի ներկայացրած «Կովկասի Հայոց բարեգործական ընկերության (ԿՀԲԸ) գործունեությունը Ղազախի գավառում 1900-1910-ական թվականներին» գիտական նախագիծը:

Հետազոտության կենտրոնում 20-րդ դարասկզբի տարածաշրջանային բարեգործական ավանդույթների վերհանումն է, որտեղ առանցքային տեղ է զբաղեցնում բարեգործական առաքելության դերը կրթական համակարգերի ձևավորման և դպրոցաշինության գործում: Նախագիծը նպատակ ունի համակողմանիորեն ուսումնասիրել ԿՀԲԸ տեղական ճյուղերի (Դիլիջան, Քարվանսարա, Սևքար) փորձը դպրոցների հիմնադրման, ուսուցիչների պատրաստման և կրթական օջախների պահպանման ոլորտներում: 

Հեղինակի համոզմամբ՝ պատմական այս հարուստ փորձը կարող է ծառայել որպես գործնական ուղեցույց ժամանակակից դպրոցաշինության խնդիրների լուծման և համայնքային համախմբման համար:

Հետազոտության արդյունքները խիստ արդիական են ոչ միայն կրթական ռազմավարությունների մշակման, այլև ժամանակակից մարտահրավերների, մասնավորապես՝ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանության պայմաններում ցուցաբերվող օգնության և սոցիալական աջակցության մեխանիզմների վերարժևորման տեսանկյունից:

Նախագիծն առանձնանում է նաև նորարարական մեթոդաբանությամբ. նախատեսվում է կիրառել արհեստական բանականության գործիքները տարածաշրջանի պատմական լուսանկարների, այդ թվում՝ հին դպրոցների և մշակութային հաստատությունների պատկերների վերականգնման և գունավորման համար:
Ծրագրի իրականացման համար հատկացվել է 450,000 ՀՀ դրամ, իսկ աշխատանքները կտևեն 12 ամիս: Հետազոտական խմբում ներգրավված են ԵՊՀ ԻՄ երկու ուսանողներ՝ Աստղիկ Էլլարյանը և Լիլիթ Թամրազյանը․ դա կնպաստի բուհում երիտասարդ գիտնականների մասնագիտական աճին:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է.
• հրատարակել երկու գիտական հոդված,
• իրականացնել հանրային բաց դասախոսություններ,
• ստեղծել հանրամատչելի տեսանյութեր և մեդիա բովանդակություն,
• մշակել առաջարկներ Իջևան համայնքի մշակութային քաղաքականության ռազմավարության համար:
Շնորհավորում ենք Վլադիմիր Պողոսյանին և նրա հետազոտական խմբին՝ մաղթելով արդյունավետ գիտական գործունեություն տարածաշրջանի պատմության և բարեգործական ավանդույթների լուսաբանման կարևոր գործում:

 

Spread the article
©2026 All rights reserved.