2026 թ. փետրվարի 28-ին կայացավ ԵՊՀ ԻՄ դասախոսների և աշխատակիցների վերապատրաստում՝ «Մասնագիտական ոլորտում տվյալների մշակում և վերլուծություն Data Science տեխնոլոգիայով» թեմայով։ Վերապատրաստումն իրականացրեց ԵՊՀ ԻՄ ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի վարիչի պաշտոնակատար Աննա Հովակիմյանը:

Բնութագրվեց տվյալագիտությունը (գիտություն տվյալների մասին՝ Data Science)՝ որպես միջճյուղային ոլորտ, որը կառուցվածքային և ոչ կառուցվածքային տվյալներից դուրս է բերում գիտելիք և օրինաչափություններ՝ օգտագործելով գիտական մեթոդներ, գործընթացներ, ալգորիթմներ և ծրագրային համակարգեր:

Մատնանշվեց տվյալագիտության կապը տվյալների ինտելեկտուալ մշակման (Data Mining)  և մեծածավալ տվյալների (Big Data) հայեցակարգերի հետ:
Ա. Հովակիմյանն անդրադարձավ տվյալագիտության հիմնական խնդիրներին և կիրառման ոլորտներին, ինչպիսիք են առողջապահությունը, ֆինանսները և բանկային համակարգը, կրթությունը, խորհրդատվական համակարգերը, խելացի գյուղատնտեսությունը, լեզվաբանությունը և բնական լեզուների մշակումը, սոցիալական մեդիան, անհատականացված համակարգերը և այլն: 

Նշվեց, որ տարբեր մասնագիտական ոլորտներում տվյալագիտության մեթոդների կիրառումը ենթադրում է մաթեմատիկական վիճակագրության, մեքենայական ուսուցման և արհեստական բանականության մոդելների ստեղծում և ուսումնասիրություն:


Ներկայացվեցին տվյալագիտության կյանքի ցիկլի հիմնական փուլերը՝ տվյալների հայտնաբերում և հավաքագրում, տվյալների նախամշակում և վիճակագրական վերլուծություն, մեքենայական ուսուցման մոդելի ընտրություն, ուսուցում, թեստավորում և գնահատում, մոդելի ներդրում և շահագործում, տարբեր կատեգորիաների շահակիցների համար հաշվետվությունների պատրաստում և ներկայացում։ Այս փուլերը  մեկնաբանվեցին բուժառուների մոտ շաքարային դիաբետի ախտորոշման խնդրի օրինակի վրա:
 

Spread the article
©2026 All rights reserved.