- Main
- Բարի երթ ձեզ, ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2026 թ. սիրելի՛ շրջանավարտներ
Միջոցառմանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը, տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը, ՈՒՄՎ ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն. Առուշանյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ն. Գրիգորյանը, վարչական անձնակազմի այլ ներկայացուցիչներ:
Նրանք շնորհավորեցին և իրենց ստացած գիտելիքները նպատակային կիրառելու, սերունդների կրթության ու դաստիարակության գործը սիրով և պատասխանատվությամբ ստանձնելու, հարազատ կրթօջախի հեղինակությունը բարձր պահելու մաղթանքներ հղեցին ԵՊՀ ԻՄ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով մագիստրատուրայի հինգերորդ տարվա շրջանավարտներին:
Տնօրենն իր խոսքում մասնավորապես նշեց. «Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր ոչ միայն տոն է, ձեր դիպլոմների հանձնման գեղեցիկ արարողությունը, այլև դուք ձեզ վրա եք վերցնում շատ մեծ պատասխանատվություն. դա ապագա սերունդներին կրթելու և դաստիարակելու ծանր պատասխանատվությունն է: Ես համոզված եմ, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ձեր ստացած գիտելիքները լիարժեք և արդյունավետ կերպով կծառայացվեն մեր ապագա սերունդների զարգացման, կրթության և դաստիարակության գործին: Շնորհավորում եմ բոլորիդ և ցանկանում, որ դուք միշտ հպարտանաք, որ ավարտել եք Երևանի պետական համալսարանի միակ մասնաճյուղը, ստացել եք մագիստրոսի աստիճան և համալսարանի անունը բարձր կպահեք….»:
Իրենց հերթին ելույթ ունեցան «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտները՝ շնորհակալություն հայտնելով ԵՊՀ ԻՄ ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ իրենց ջերմ վերաբերմունքի, փոխանցած արժեքավոր գիտելիքների, կյանքի դասերի համար, հարազատ բուհին ցանկանալով շարունակական առաջընթաց և բարգավաճում:
Ապա տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մագիստրատուրայի՝ 2025-2026 ուստարվա 17 շրջանավարտներից 8-ը ստացավ գերազանցության դիպլոմ:
Սիրով շնորհավորում ենք ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2026 թ. բոլոր շրջանավարտներին, նրանց մաղթում անձնական և մասնագիտական նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, ամենայն բարիք: