Բնական գիտությունների ֆակուլտետ

Անկախ Հայաստանի հյուսիս-արևելքում ժողովրդական տնտեսության համար որակյալ գիտատեխնիկական կադրեր պատրաստելու նպատակով 1991 թ. Իջևանում բացվեց տարածաշրջանային քոլեջ, որի երեք ֆակուլտետներից մեկը Բնական գիտությունների ֆակուլտետն էր: Ֆակուլտետի հիմնադրման գործում մեծ մասնակցություն ունեցան Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, «Հայէլեկտրամեքենա» և «Հրազդանմեքենա» գիտաարտադրական միավորումները, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի ինստիտուտը, որոնք ապահովեցին բուհը ժամանակակից սարքավորումներով ու կահավորանքով:

Բուհի ռեկտոր հաստատվեց ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Համլետ Սուրենի Կարայանը: Բնական գիտությունների ֆակուլտետի առաջին դեկան նշանակվեց ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վալերի Տեր-Անտոնյանը:

1994 թ. սեպտեմբերի 19-ի թիվ 440 որոշմամբ Իջևանի տարածաշրջանային քոլեջը վերակազմավորվում է որպես Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ:

Իջևանի տարածաշրջանային քոլեջի բնական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական հիմնական կազմն  ապահովելու համար մայրաքաղաքից հրավիրվեցին գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Ռոլանդ Ավագյանը, Մարտին Աբրահամյանը, Վիդոկ Մուսոյանը, Իշխան Խաչատրյանը, Յուրի Մովսիսյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Վլադիմիր Աբրահամյանը, Միսակ Դավթյանը, Գեորգի Միրզաբեկյանը, Արամ Առաքելյանը, նաև գիտությունների տասնյակ թեկնածուներ, դոցենտներ:

Հաշվի առնելով երկրի առջև ծառացած արդյունաբերական և տեխնոլոգիական հարցերը՝ Բնական գիտությունների ֆակուլտետում հիմնադրումից ի վեր պատրաստվել են մասնագետներ հետևյալ մասնագիտություններով.

  • «Կիրառական մաթեմատիկա»,
  • «Ֆիզիկա»
  • «Կենսաքիմիա»
  • «Բժշկական և կենսատեխնիկական սարքավորումներ և համակարգեր (Կենսատեխնոլոգիա)»,
  • «Էլեկտրոնային տեխնիկայի նյութերի բաղադրիչների տեխնոլոգիա և ֆիզիկա»,
  • «Էլեկտրոնային կայաններ»,
  • «Ֆիզիկական էլեկտրոնիկա»:

Կրթական գործընթացներն իրականացվել են Ֆիզիկական էլեկտրոնիկայի և էլեկտրաֆիզիկայի, Բարձրագույն մաթեմատիկայի, Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների և ծրագրավորման, Կենսաբանաության և քիմիայի մասնագիտական ամբիոններում:

1995 թ. ֆակուլտետի դեկան է նշանակվել ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանը։ 1995 թ. ամռանը մասնաճյուղը տվել է բակալավրական կրթությամբ  իր առաջին շրջանավարտները՝ 59  մասնագետ:

Հաշվի առնելով անտառաշատ մարզի բնական առանձնահատկությունները` 2002 թ. ֆակուլտետի կազմում ավելանում է «Անտառային և անտառապուրակային տնտեսություն» մասնագիտությունը, որի նպատակն էր մարզի

անտառտնտեսությունները համալրել բարձրակարգ մասնագետներով:

Նույն թվին «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» մասնագիտությունների փոխարեն ընդունելություն է կատարվում «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ` հնգամյա կրթությամբ:

2004 թվականից ֆակուլտետն սկսում է իրականացնել եռաստիճան կրթական համակարգով բակալավրիական կրթական ծրագիր:

Հաշվի առնելով ԿԳՆ պահանջները՝ 2007 թ. կատարվում է մասնագիտությունների փոփոխություն. «Մաթեմատիկա, ինֆորմատիկա և ֆիզիկա» մասնագիտությունը, որը գործում էր 2001 թ.-ից, փոխարինվում է «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտությամբ, իսկ 2013 թ.-ից վերափոխվում է «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի:

«Անտառային և անտառպուրակային տնտեսություն» մասնագիտությունը փոխարինվում է «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությամբ:

2016-2019 թթ. Բնական գիտությունների ֆակուլտետում իրականացվել է բակալավրիական կրթություն «Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրով:

2022 թվականից ֆակուլտետի գործնեության ռազմավարության մեջ կատարվեցին որոշակի շեշտադրումներ, որոնք բխում էին շուկայի պահանջներից: «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրում ներդրվեցին «Ռոբոտատեխնիկա», «Թվային անվտանգություն» հատուկ մասնագիտացումները, որոնց հիման վրա ստեղծվեցին արդիական լաբորատորիաներ:

Բուհի գործունեության ընթացքում Բնական գիտությունների ֆակուլտետի աշխատանքները ղեկավարել են.

1993-1995 թթ․՝ ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Մարտին Աբրահամյանը,
1995-1996 թթ.՝ ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ռոլանդ Ավագյանը,
1996-1997 թթ.՝ տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ Օնիկ Մկրտչյանը,
1997-2004 թթ.՝ տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ Կամո Այվազյանը,
2004-2014 թթ.՝  ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Արտակ Ցուցուլյանը,

2014-2024 թթ.՝ ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Մանվել Զաքարյանը,

2024-2025 թթ.՝ ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչության պետ (համատեղության կարգով) Արկադի Դավթյանը։


2025 թ. ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար է նշանակվել տեխն. գիտ. թեկնածու, դոցենտ Ռոբերտ Մառլենի Յոլչյանը, որը ֆակուլտետի ղեկավարման աշխատանքներում առաջնահերթ ուշադրություն է դարձնում հետազոտական, տեխնոլոգիական աշխատանքներին և կիրառական մշակումներին:


Ֆակուլտետի մրցանակները.

2002 թ. Եվրասիա հիմնադրամ, «Ինտերնետի ազատ մուտք» դրամաշնորհ,

2022 UNDP Agrotech2002, ֆակուլտետի «Green ground» թիմ:

2020 թվականից ֆակուլտետի լավագույն ուսանողի  համար սահմանված է «Համլետ Կարայան» կրթաթոշակ, լավագույն ուսանողները ներկայացվում են մասնաճյուղի և ԵՊՀ կողմից սահմանված անվանական կրթաթոշակներին: 2024 թ․ ֆակուլտետի ուսանող Սահակ Գուլակյանը ճանաչվել է ՀՀ տարվա լավագույն ուսանող:

Ֆակուլտետում ուսանողների գիտակրթական աշխատանքների կազմակերպման և ինքնակառավարման համար ակտիվ գործում են Ուսանողական գիտական ընկերությունը և  հասարակական ուսումնական աշխատանքների կազմակերպման համար՝ Ուսանողական խորհուրդը, որոնք ակտիվ մասնակցում են ֆակուլտետի և ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի քննարկումներին:

Ֆակուլտետի բազմաթիվ շրջանավարտներ իրենց կրթությունն են շարունակում մագիստրոսական և ասպիրանտական կրթական ծրագրերում: Նրանցից ավելի քան մեկ տասնյակը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություններ, և շատերն իրենց գործունեությունն են շարունակում՝ աշխատելով նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում:

Այժմ Բնական գիտությունների ֆակուլտետն ունի՝

Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոն, որի վարիչն է տեխն․ գ․թ․ Աննա Հովակիմյանը:

Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոն, որի վարիչն է ք․գ․թ․, դոցենտ Գևորգ Սիմոնյանը։

Ֆակուլտետում դասավանդում են 17 դասախոսներ, այդ թվում՝ 12 գիտ. թեկնածու, դոցենտ: Ուսանողների թիվը 70 է:

2025 թ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ընդգրկվեց Եվրոպական կրթական ERAZMUS-Digitech ծրագրում, որի ֆինանսավորման միջոցներով ներկայումս Բնական գիտությունների ֆակուլտետում հիմնվում է տեղեկատվական և ռոբոտատեխնիկայի ժամանակակից փորձասենյակ (կենտրոն), որը կահավորվելու է գերժամանակակից տեխնիկական ու հետազոտական սարքավորումներով ու միջոցներով: Ծրագրի շրջանակում մինչև 2027 թվականը նախատեսված է դասախոսների և ուսանողների փոխայցելություններ իրականացնել եվրոպական և համագործակից մի շարք համալսարաններ, որի միջոցով Բնական գիտությունների ֆակուլտետի կրթական միջավայրն ավելի կմոտենա միջազգային կրթական և տեխնոլոգիական չափանիշներին ու պահանջներին:

Ներկայումս Բնական գիտությունների ֆակուլտետում իրականացվում են ինտենսիվ նորոգման ու կահավորման աշխատանքներ, որոնք մինչև 2027 թվականը կապահովեն որակապես նոր ուսումնական պայմաններ՝ ստեղծելով ապագային միտված յուրահատուկ կրթական միջավայր:

Ֆակուլտետում ներկայումս գործում են 2 փորձասենյակ, 2 համակարգչային սրահ: Վերակառուցումից հետո այդ թիվը կավելանա ևս 2-ով:

Այժմ ֆակուլտետում գործում է «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագիրը, որը պարբերաբար վերանայվում է՝ հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերն ու պահանջները, և գործող կրթական ծրագիրն ապահովում է բակալավրական կրթություն մասնագիտական 3 ուղղվածությամբ.

  • «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»,
  • «Ռոբոտատեխնիկա»,
  • «Թվային անվտանգություն»:

Կրթական ծրագրեր

Կոնտակտներ

Էլ. փոստ`  natural_ib@ysu.am

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: