Հանձնաժողովի որոշմամբ՝ Երևանի պետական համալսարանին շնորհվել է հավատարմագրում 6 տարի ժամկետով, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանին և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանին (նախկին ՀՊՃՀ)` 4 տարի ժամկետով:
«Բուհերի հավատարմագրման նոր կարգը հաստատվել էր ՀՀ Կառավարության կողմից, և սահմանվել էր պարտադիր ինստիտուցիոնալ հավատարմագրում և կամավոր ծրագրային հավատարմագրում: Համալսարանն արդեն 3 տարի այս գործընթացի մեջ է: Ըստ կարգի՝ առաջին փուլը ինքնավերլուծության զեկույցի պատրաստումն էր, հաջորդ քայլը փորձագիտական այցն էր (փորձագիտական խմբի անդամներից երկուսը արտասահմանյան փորձագետներ էին): Դրան հաջորդեց փորձագիտական զեկույցը»,- այսպես է հավատարմագրման գործընթացը ներկայացնում ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, ով համակարգել է հավատարմագրման գործընթացի ուղղությամբ ԵՊՀ-ում տարվող աշխատանքները բոլոր փուլերում:
Հավատարմագրում ստանալու վերջին քայլը գործողությունների ծրագրի մշակումն ու ներկայացումն էր, որից մեկ տարի անց ԵՊՀ-ն միաձայն ստացավ հնարավոր ամենաերկարաժամկետ հավատարմագրումը:
Նիստի ընթացքում յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում հավատարմագրման հանձնաժողովի, բուհում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարի, ԿԳՆ և բուհի ներկայացուցիչների մասնակցությամբ: ԵՊՀ-ն ներկայացնում էին պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը և Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը:
Փորձագիտական խմբի ղեկավարները ներկայացրին փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի մատուցված խորհրդատվությունները և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին տրված փորձագիտական խմբի գնահատականը: Ապա բուհերի ներկայացուցիչները քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին և պատասխանեցին հավատարմագրման հանձնաժողովին հուզող հարցերին: Ընդհանուր քննարկմանը հաջորդեց հավատարմագրման հանձնաժողովի դռնփակ քննարկումը և քվեարկությունը:
Հավատարմագրման հանձնաժողովի որոշումները ՈԱԱԿ-ը կներկայացնի ԿԳՆ, նախարարության կողմից հաստատվելուց հետո գրառում կկատարվի բուհերի հավատարմագրման գրանցամատյանում, իսկ բուհերին համապատասխան վկայական կշնորհվի:
Նշենք, որ հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:
Հավատարմագրման հանձնաժողովն առաջիկայում որոշում կկայացնի նաև հավատարմագրման գործընթացն անցած մյուս բուհերի վերաբերյալ:
ԵՊՀ փորձագիտական զեկույցին կարող եք ծանոթանալ ԵՊՀ պաշտոնական պորտալի «Փաստաթղթեր» բաժնում:
Աղբյուրը` ysu.am