ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի` 2015թ. ապրիլի 18-ի նիստում հաստատվել են ԵՊՀ ԻՄ-ի նոր ներքին կարգապահական կանոնները:
Նոր կանոններն իրենց բովանդակությամբ ու գործնական նպատակներով չեն փոփոխվել, սակայն նրանց առանձին բաժիններում և հոդվածներում կատարվել են որոշակի փոփոխություններ ու լրացումներ, որոնցից հատկանշական են հետևյալները.
1. «ԵՊՀ» ՊՈԱԿ Իջևանի մասնաճյուղի ներքին կարգապահական կանոնները վերանվանվել են «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ներքին կարգապահական կանոններ:
2. Եթե նախկին կանոններն ունեին 1 բաժին` 108 հոդվածներով, ապա նորն ունի 12 բաժին` 77 հոդվածներով:
3. Եթե նախկին կանոնների դրույթները հիմնականում վերաբերում էին մասնաճյուղի բոլոր աշխատողներին և սովորողներին, ապա նորն իր իրավական ազդեցությունը թողնում է նաև այն անձանց վրա, ովքեր մասնաճյուղի հետ մտել են քաղաքացիական իրավահարաբերությունների մեջ, օգտվում են մասնաճյուղի ծառայություններից կամ աշխատանքներից, ինչպես նաև այլ նպատակով ժամանակավորապես գտնվում են մասնաճյուղի տարածքում:
4. Նոր կանոնների 2-րդ բաժնում աշխատանքի ընդունման կարգի վերաբերյալ բովանդակության մեջ լրացվել է նաև այն օրենսդրական իրավունքը, որ, բացի աշխատանքային պայմանագիր կնքելուց, աշխատողների հետ աշխատանքային հարաբերություններ կարող են ծագել նաև գործատուի կողմից օրենքով սահմանված կարգով աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ ընդունելու միջոցով:
5. 2-րդ բաժինը, որը վերաբերում է մասնաճյուղի տնօրենի իրավունքներին, էական փոփոխությունների չի ենթարկվել:
6. 4-րդ բաժնում, որը վերաբերում է մասնաճյուղի աշխատողների իրավունքներին ու պարտականություններին, կատարվել են որոշակի լրացումներ, մասնավորապես` ավելացվել են հետևյալ իրավունքները.
– Աշխատողներն իրենց աշխատանքային իրավունքների և սոցիալական շահերի պաշտպանման նպատակով ազատորեն կարող են անդամակցել արհեստակցական կազմակերպությանը,
– Օրենքով չարգելված բոլոր միջոցներով կարող են պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքներն ու շահերը:
– Աշխատողների պարտականությունների բաժնից հանվել են մի շարք կետեր, մասնավորապես` ա) դասախոսն իրավունք չունի ուսանողին ազատել դասից, իսկ երբ ուսանողը փաստացի ներկա չէ դասին, պարտադիր կարգով նրան հաշվում է որպես բացակա` անկախ բացակայության պատճառի հարգելի կամ անհարգելի լինելուց:
– Նոր կանոնների համապատասխան բաժնից հանվել է նաև դասախոսի այն պարտականությունը, համաձայն որի` նա 15 րոպեի ընթացքում սահմանված կարգով պետք է լրացնի դասամատյանը: Նույն բաժնում ավելացվել են աշխատողների վերաբերյալ պարտավորվածությունները.
– Բարձր պահել ԵՊՀ ԻՄ-ի պատիվն ու հեղինակությունը:
– Աշխատավայրում ունենալ արժանավայել պահվածք` հետևելով հասարակության համակեցության կանոններին:
– Փոխհատուցել մասնաճյուղին պատճառված նյութական վնասը, որ առաջացել է գույքը փչացնելու, կորցնելու, նյութերի գերածախս թույլ տալու, նյութական արժեքները ոչ պատշաճ պահպանելու և նյութական ու դրամական արժեքները հափշտակելու հետևանքով:
7. Նոր և հին կանոնների 5-րդ բաժինները, որոնք վերաբերում են սովորողների իրավունքներին ու պարտականություններին, հիմնականում էական փոփոխությունների և լրացումների չեն ենթարկվել:
8. Փոփոխություններ չեն կատարվել նաև 6-րդ, 7-րդ և 8-րդ բաժիններում, որոնք համապատասխանաբար վերաբերում են մասնաճյուղի վարչակազմի պարտականություններին, աշխատաժամանակին և հանգստի ժամանակին:
9. 9-րդ բաժնում, որը վերաբերում է աշխատանքային և ուսումնական հաջողությունների խրախուսման կարգին, չկա շնորհակալության հայտնումը` որպես խրախուսանքի տեսակ, դրա փոխարեն նախատեսվել է պատվոգրի, շնորհակալագրի և մեդալի հանձնում:
10. 10-րդ բաժնում, որը վերաբերում է պատասխանատվությանը աշխատանքային և ուսումնական կարագապահության խախտումների դեպքերում, էական լրացումներ և փոփոխություններ չեն կատարվել:
11. Համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի և նոր ներքին կարգապահական կանոնների` տույժի տեսակներ են համարվում`
ա) նկատողությունը,
բ) խիստ նկատողությունը,
գ) աշխատանքային օրենսգրքի 113, 120, 121 և 122 հոդվածների հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծումը, իսկ ուսանողների համար` հեռացումը համալսարանից:
Առկա և հեռակա ուսուցման համակարգերում դասերից սահմանված ժամաքանակներով անհարգելի բացակայությունների դեպքում կիրառվող կարգապահական տույժերը մնացել են նույնը:
12. 11-րդ բաժնի հոդվածները և նորմերը ներառվել են նոր կանոնների 10-րդ բաժնի մեջ:
13. 11-րդ բաժնը, որը վերաբերում է ուսանողների իրավունքների վերականգնմանը, չի ընդգրկվել նոր կանոններում, և այդ գործընթացը կարգավորվում է առանձին իրավական ակտով:
14. Նոր կանոնների 11-րդ բաժնում, որը վերաբերում է ուսումնական կարգապահությանը, ավելացվել է նոր բովանդակություն, համաձայն որի` մասնաճյուղում սահմանվող ուսումնական պարապմունքների տեսակներ են համարվում`
– դասախոսությունը,
– գործնական, սեմինար և լաբորատոր պարապմունքները,
– խորհրդատվությունը,
– ուսումնական և արտադրական պրակտիկան:
15. Նոր կանոններում ամրագրվել են նաև հետևյալ կարգապահական պահանջները.
– Ընթացիկ և եզրափակիչ քննությունների կամ ստուգարքների ժամանակ քննասենյակ մտնելիս ուսանողին արգելվում է իր հետ վերցնել կապի, հեռախոսահաղորդակցության, համացանցային հաղորդակցության տեխնիկական միջոցներ կամ այլ սարքավորումներ:
– Այդպիսիք հայտնաբերելու դեպքում դասախոսը պարտավոր է դադարեցնել տվյալ ուսանողի քննությունը, նրան հեռացնել քննասենյակից և քննական տեղեկագրում նշանակել «անբավարար» գնահատական:
16. Հին կանոնների 14-րդ և նորի 12-րդ բաժինները վերաբերում են ուսումնական մասանաշենքերի շահագործման կարգին և դրանցում էական լրացումներ ու փոփոխություններ չեն կատարվել:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի իրավական ակտերի նախագծերի մշակման
և փորձաքննության հանձնաժողովի նախագահ Ա.Ս.Հովհաննիսյան