Ijevan Branch of Yerevan State University

«Հասարակություն-ոստիկանություն» թեմայով քննարկում ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հետ

2014թ. դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Հասարակություն-ոստիկանություն» թեմայով քննարկում ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Գարիկ Միրզոյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը, մասնաճյուղի իրավախորհրդատու Ալբերտ Հովհաննիսյանը և ուսանողներ:

Նախ մասնաճյուղի տնօրենը ներկայացրեց հանդիպման նպատակը, այն է` հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումը, ոստիկանի մասնագիտության գործառույթները, ուսանողության դերը մարզի հասարակական կարգի պահպանության գործում:

Ապա ելույթ ունեցավ ոստիկանապետ Կ. Հակոբյանը` ներկայացնելով օպերատիվ իրավիճակը Իջևանի տարածաշրջանում, ոստիկանության և նրա անձնակազմի առջև ծառացած խնդիրները:

Այնուհետև ուսանողները ոստիկանապետին ուղղեցին հասարակական կարգին, երթևեկության անվտանգությանը, բնապահպանական նորմերին և ընդհանրապես ոստիկանության համակարգին վերաբերող հարցեր:

Վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց նորից հանդիպելու և քննարկելու ուսանողության դերը իրավախախտումների կանխման և օրինականության պահպանման գործում:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները կազմակերպել էին ինտելեկտուալ խաղ

2014թ. դեկտեմբերի 3-ին «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների կողմից մասնաճյուղի գրադարանում կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ, որն առնչվում էր ալկոհոլի, ծխախոտի, ՁԻԱՀ-ի և հոգեմետ դեղերի վնասակար ազդեցությանը:

Ինտելեկտուալ խաղին ներկա էին «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները և ուսանողներ:

Խաղին մասնակցում էին Տնտեսագիտության, Հումանիտար գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների թիմերը:

Առաջին փուլում թիմերը ցուցաբերեցին հետևյալ արդյունքները.

• Հումանիտար գիտությունների ֆակուլտետի թիմ` 21 միավոր,

• Կիրառական արվեստի ֆակուլտետի թիմ` 15 միավոր,

• Տնտեսագիտության ֆակուլտետի թիմ` 18 միավոր:

Երկրորդ փուլ անցան Տնտեսագիտության և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների թիմերը:

Հավասարապես հավաքելով 27-ական միավոր` երկու թիմերն էլ գրավեցին առաջին պատվավոր տեղը և ստացան պատվոգրեր:

 

Անգլերենի բաց դաս` նվիրված Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին

2014թ. դեկտեմբերի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության III կուրսի անգլերենի բաց դասը՝ նվիրված աշխարհահռչակ դրամատուրգ և բանաստեղծ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին:

Դասը վարում էր Օտար լեզուների ամբիոնի դասախոս Էմմա Թեմրազյանը:
Բաց դասին ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդան Ալեքսանյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսները, գրադարանի աշխատակիցները և ուսանողներ:

Նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ համառոտ ներկայացվեց Վ.Շեքսպիրի կյանքն ու գործունեությունը, ինչպես նաև “Գլոբուս” թատրոնը, որտեղ բեմադրվել են դրամատուրգի պիեսները:

Այնուհետև ուսանողները ներկայացրին գրողի չքնաղ սոնետները՝ անգլերեն, ֆրանսերեն և հայերեն լեզուներով: Ներկաները տեղեկացան սոնետի պատմությանը, կառուցվածքին և գրականության մեջ ունեցած դերին:

Բաց դասի վերջում տիկին Թեմրազյանը, պատմական անդրադարձ կատարելով, ներկայացրեց «Շեքսպիրը և հայերը» թեման, ընդգծեց այն վիթխարի ազդեցությունը, որ Շեքսպիրը թողել է հայ մշակույթի, գրականության և հասարակական-քաղաքական մտքի ու ազգային գաղափարախոսության զարգացման վրա:

Անգլերեն լեզվով ամփոփիչ խոսք ասաց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը` կարևորելով մեծն Շեքսպիրի դերը հայ իրականության մեջ, նրա ծննդյան 450-ամյակին նվիրված բաց դասի կապակցությամբ գոհունակություն ու շնորհակալություն հայտնելով դասախոսին և ուսանողներին:

«Քրիստոնեական աշխարհի 7 հիմնարար խորհուրդները» թեմայով բաց դաս

2014թ. դեկտեմբերի 2-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների գրադարանում «Քրիստոնեական աշխարհի 7 հիմնարար խորհուրդները» թեմայով բաց դաս անցկացրեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ Հակոբ Ազատի Զորոյանը:

Բաց դասին ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Հ.Զորոյանը ներկայացրեց Հայ առաքելական եկեղեցու 7 խորհուրդները (1.Մկրտություն, 2.Դրոշմ, 3.Ապաշխարություն, 4.Հաղորդություն, 5.Պսակ ամուսնության, 6.Վերջին օծում կամ կարգ հիվանդաց, 7.Ձեռնադրություն):

Հանգամանորեն բացատրեց քրիստոնեական կյանքի կարևորագույն կողմերն ընդգրկող հիմնարար խորհուրդների նշանակությունը.

Մկրտությունը մեզ ազատում է ադամական մեղքից և որդեգրում Քրիստոսին։

Դրոշմը պարգևում է Սուրբ Հոգու շնորհները և զորացնում ընդդեմ փորձությունների։

Ապաշխարությունն օգնում է ազատվել այն մեղքերից, որոնք մարդը գործում է մկրտությունից հետո։

Հաղորդությունը, իբրև հոգևոր կերակուր, մեր մեջ հասունացնում է առաքինություններն ու հոգևոր գիտակցությունը, մաքրում է մեղքերից և հավիտենական կյանքի հույս է տալիս։

Պսակ ամուսնության օրհնում և հոգեղինացնում է ամուսնական կյանքը և որդեծնությունը։

Ձեռնադրությունն ապահովում է քահանայագործության և բոլոր խորհուրդների կատարումը հանձինս հոգևորականների։

Հիվանդաց կարգը բժշկում է մարմնի տկարությունները՝ քավելով հիվանդության պատճառը՝ մեղքերը։

Մասնակիցների կողմից Հ.Զորոյանին ուղղվեցին հարցեր. ծավալվեց հետաքրքիր քննարկում:

Դասի վերջում անցկացված հարցազրույցի ընթացքում պարոն Զորոյանը, ընդգծելով ընտրված թեմայի արդիականությունը, նշեց. «Այսօր մեզանում ցավոք պահպանվել է միայն խորհուրդների արտաքին կողմը, ծեսը, ծիսականությունը, այնինչ մերօրյա մարդը` մասնավորապես ուսանողը, պետք է խորամուխ լինի իմաստի, բովանդակության, դրանց բարոյական չափանիշների մեջ: Խորհուրդների բովանդակությամբ է պայմանավորված այսօրվա մարդու քրիստոնեական բարոյականության արժեհամակարգը»:

Ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլում հաղթեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներից կազմված թիմը

2014թ. նոյեմբերի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում կայացավ ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլը:

Ինտելեկտուալ խաղին ներկա էին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, ուսանողական գիտական ընկերության և ուսանողական խորհրդի նախագահները և ուսանողներ:
Եզրափակիչ փուլ էին անցել «Անգլերեն լեզու և գրականություն», «Տնտեսագիտության տեսություն», «Կիրառական արվեստ» և «Դիզայն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտությունների ուսանողներից կազմված թիմերը:

Եզրափակիչ խաղն անցավ երկու փուլով:
Առաջին փուլում թիմերը ցուցաբերեցին հետևյալ արդյունքները. «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Անգլերեն լեզու և գրականություն»` 6-ական միավոր, «Տնտեսագիտության տեսություն»` 5 միավոր, «Կիրառական արվեստ» և «Դիզայն»` 3 միավոր:

Երկրորդ փուլ անցան «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությունների ուսանողներից կազմված թիմերը:

Միավորների 7:4 հարաբերակցությամբ հաղթեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներից կազմված թիմը:

Ինտելեկտուալ խաղի վերջում ամփոփիչ խոսք ասաց մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը` շնորհավորելով եզրափակիչ փուլի մասնակիցներին ու հաղթողներին, կոչ անելով ուսանողներին հաճախակի կազմակերպել նման միջոցառումներ:

Թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և հուշանվերներով: