Ijevan Branch of Yerevan State University

Գիտական խորհրդի` տարեվերջյան ընդլայնված նիստում

2014թ. դեկտեմբերի 25-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Գիտական խորհրդի` տարեվերջյան ընդլայնված նիստը, որին ներկա էին մասնաճյուղի աշխատակիցները, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության անդամները:

Նիստի ընթացքում մասնաճյուղի գիտխորհրդի նախագահ Սամվել Առաքելյանը ներկայացրեց օրակարգով նախատեսված հետևյալ հարցերը.

1. ԵՊՀ ԻՄ-ի` 2013-2014 ուստարվա գործունեության վերաբերյալ տնօրենի
հաշվետվությունը:

2. ԵՊՀ ԻՄ-ի` 2014թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջեի)
հունվար-դեկտեմբեր կատարողականի մասին:

3. ԵՊՀ ԻՄ-ի` 2015թ. եկամուտների և ծախսերի նախահաշիվը (բյուջեն) հաստատելու մասին:

4. ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետների կանոնակարգերի փոփոխության հաստատման մասին:

5. ԵՊՀ ԻՄ-ի ներքին աուդիտի անցկացման կարգի հաստատման մասին:

6. ԵՊՀ ԻՄ-ի մեթոդխորհրդի նոր կազմը հաստատելու մասին:

7. Ընթացիկ հարցեր:

Առաջին հարցի վերաբերյալ որոշվեց հավանություն տալ 2013-2014 ուստարվա ընթացքում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների և 2011-2015թթ. ԵՊՀ ԻՄ-ի զարգացման ռազմավարական ծրագրով 2013-2014 ուստարում նախատեսված գործողությունների վերաբերյալ տնօրենի հաշվետվությանը և մասնաճյուղի` 2013-2014 ուստարվա գործունեությունը գնահատել բավարար:

Երկրորդ հարցի կապակցությամբ որոշվեց հավանություն տալ ԵՊՀ ԻՄ-ի` 2014թ. (հունվար-նոյեմբեր) եկամուտների և ծախսերի վերաբերյալ տնօրենի հաշվետվությանը, հաշվեքննության արդյունքների հիման վրա կատարել դրա գնահատում և ներկայացնել Երևանի պետական համալսարան` հաստատման:

Երրորդ հարցի վերաբերյալ որոշվեց հաստատել ԵՊՀ ԻՄ-ի` 2015թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, հանձնարարել մասնաճյուղի տնօրենին 2015թ. ծախսերը կատարել ԵՊՀ ԻՄ-ի` 2015թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվին համապատասխան:

Գիտխորհրդի նիստի ընթացքում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի բոլոր ֆակուլտետների նոր կանոնակարգերը, ներքին աուդիտի անցկացման կարգը, ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցներին խրախուսելու կարգ սահմանելու մասին կանոնակարգը, մասնաճյուղի մեթոդխորհրդի նոր կազմը, էթիկայի և կոռուպցիոն երևույթները համակարգող հանձնաժողովների կազմերը:

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, ներկայացնելով տարեվերջյան հաշվետվություն, ըստ մասնագիտությունների ամփոփեց 2014 թվականին մասնաճյուղի կողմից գրանցված ձեռքբերումներն ու բացթողումնեը, խոսեց իրականացվելիք ծրագրերի մասին:

Ս.Առաքելյանը 2013-2014 ուստարվա ամենակարևոր ձեռքբերումներից համարեց մասնաճյուղում «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի ստեղծումը, որը սերտ կապեր է պահում մարզի սահմանապահ զորամասերի հետ, երիտասարդ ուժեղ կադրերով բուհի անձնակազմի համալրումը և գիտական ակտիվ գործունեության իրականացումը. «2014թ. տպագրվել են մասնաճյուղի աշխատակիցների հեղինակած շուրջ 126 գիտական հոդվածներ, մենագրություններ և մեթոդական ձեռնարկներ:

Թեկնածուի գիտական աստիճան են ստացել տեղի դասախոսներից 7-ը (Աննա Սիմոնյան, Հասմիկ Վանյան, Ալեքսան Մարգարյան, Վահան Աղաբաբյան, Սոնա Խաչատրյան, Հայկ Քամալյան, Նաթելլա Գրիգորյան), որոնցից 5-ը հենց մասնաճյուղի շրջանավարտներ են»:

Տնօրենը առավել կարևորեց դաստիարակչական գործառույթի իրականացումը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում. «Մենք դեռևս խնդիր ունենք Իջևանը դարձնելու համալսարանական քաղաք: Շատ կարևոր է մեր ուսանողների մեջ սերմանել համալսարանականի հոգեբանություն, ձևավորել իսկական քաղաքացի»:

Վերջում պարոն Առաքելյանը շնորհավորեց բոլոր համալսարանականների Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ հղելով բարեմաղթանքներ, ցանկանալով, որ գալիք 2015 թվականը լինի մեծ հաջողությունների տարի:

Գիտխորհրդի նիստից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:

Բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում

2014թ. դեկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր ֆակուլտետի ուսանողական խորհուրդը:

Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր կուրսերի ուսանողներ, շրջանավարտներ, հյուրեր:

Ուսանողները ներկայացրին տոնական ծրագիր. հանդես եկան ուրախ երգ ու պարով, ասմունքով ու բարեմաղթանքներով:

Վերջում Բնական գիտությունների ֆակուլտետի դեկան Մանվել Զաքարյանը սիրով ողջունեց միջոցառման մասնակիցներին ու ներկաներին, շնորհավորեց բոլորի գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը:

Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության` 2013-14 ուստարվա շրջանավարտներին` իրենց մասնակցության և մատուցած անակնկալ-նվերի համար:

Կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպում

2014թ. դեկտեմբերի 19-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում կայացավ վոլեյբոլի ընկերական հանդիպում` մասնաճյուղի և Դիլիջանի ավագ դպրոցի հավաքական թիմերի միջև:

Գեղեցիկ խաղով աչքի ընկավ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հավաքականը և 5:0 հաշվով հաղթեց մրցակցին:

Տնօրենության կողմից հյուրերին հանձնվեց հուշանվեր:

Երկու կողմերի համաձայնությամբ որոշվեց փետրվար ամսին Դիլիջանում անցկացնել պատասխան խաղ` ոչ միայն ուսանողների, այլև աշխատակիցների մասնակցությամբ:

Տնտեսագիտության ֆակուլտետում ներկայացվեց «NLS» բիզնես-ծրագիրը

2014թ. դեկտեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհիներ Լուիզա Ալեքսանյանը, Սևաչյա Խառատյանը և Նաիրա Թիրաբյանը ներկայացրին «NLS» (New Life Style) բիզնես-ծրագիրը:

Ներկա էին Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոսներ Էդգար Հովհաննիսյանը, Անուշ Սարիբեկյանը և «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները:

Ծրագիրը նախատեսված էր «Միկրոտնտեսագիտություն» առարկայի շրջանակներում` որպես խմբային աշխատանք:

Համապատասխան շնորհանդեսի ուղեկցությամբ ուսանողները ներկայացրին իրենց կազմած բիզնես-ծրագիրը, նախատեսվող ծախսերը, հնարավոր ռիսկերի կանխատեսումը, մարքեթինգային ռազմավարությունը, ծրագրի SWOT վերլուծությունը:

Ցուցադրվեց նաև «NLS» ժամանցային կենտրոնի գովազդը:

Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոս Է.Հովհաննիսյանը` ներկայացված ծրագրի կապակցությամբ արտահայտելով մեծ գոհունակություն:

Ուսանողական ամանորյա միջոցառում

2014թ. դեկտեմբերի 17-ին  Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ուսանողական  ամանորյա միջոցառում:

Ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Տավուշի մարզպետի խորհրդական Կ.Իսկանդարյանը, մարզպետի օգնական Գ.Ազատյանը, Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրեն Հ.Պողոսյանը, զինծառայողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տավուշ»  ռազմահայրենասիրական ակումբի անդամներ, ուսանողներ, դասախոսներ, հյուրեր։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ամանորյա և ռազմահայրենասիրական երգեր, բանաստեղծություններ, պարային կատարումներ, որոնց մեծ ոգևորությամբ միացան նաև զինծառայողները:

Վերջում շնորհակալական խոսք ասացին զինվորները` ակնկալելով, որ նման միջոցառումները կլինեն շարունակական` ի շահ բանակ-հասարակություն կապի ամրապնդման: