Иджеванский филиал Ереванского государственного университета

Հասանելի է մեթոդական ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը

Շուտով լույս կտեսնի «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնասկզբունքները: Մեթոդական ցուցումներ» ձեռնարկը, որտեղ ներկայացված են ինչպես ուսումնական, այնպես էլ ակադեմիական հետազոտական աշխատանք (ռեֆերատ, կուրսային, բակալավրի և մագիստրոսի ավարտական աշխատանք, հոդված, ատենախոսություն և այլն) պատրաստելու հիմնասկզբունքները` հետազոտական աշխատանքի պլանավորման նրբությունները, աշխատանքների կառուցվածքային և բովանդակային պահանջները, գիտական էթիկայի հիմնատարրերը:

Ձեռնարկի հեղինակներն են՝

Աշխ. գիտ. թեկն., դոց. Գուրգեն Հովհաննիսյանը
(Գլուխ 1. Բաժին 1, Բաժին 2, Հավելվածներ),

Քաղ. գիտ. թեկն., դոց. Նարեկ Գալստյան
(Գլուխ 2. Բաժին 2, Բաժին 3),

Պատմ. գիտ. թեկն., ասիստ. Մենուա Սողոմոնյանը
(Գլուխ 2. Բաժին 1),

ԵՊՀ հայոց պպատմության ամբիոնի ասպիրանտ Միքայել Մալխասյանը
(Ներածություն, Գլուխ 1. Բաժին 2, Վերջաբանի փոխարեն):

ԵՊՀ Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմված այս ձեռնարկը կօգնի ուսանողներին և երիտասարդ գիտնականներին` արդյունավետ պլանավորել իրենց հետազոտությունները, պատրաստել գիտականության և գիտական էթիկայի կանոններին համապատասխանող աշխատանքներ:

Հասանելի է ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը:


Ձեռնարկի հակիրճ բովանդակությունը

Գլուխ 1. Գիտական ճանաչողությունը և գիտահետազոտական աշխատանքների դասակարգումը

1.1. Գիտահետազոտական աշխատանքի ընդհանուր մեթոդաբանությունը

1.2. Գիտահետազոտական աշխատանքների տարատեսակները և դասակարգումը

Գլուխ 2. Փաստարկման ընդհանուր մեթոդաբանությունը և ակադեմիական ազնվությունը

2.1. Փաստարկման ընդհանուր տրամաբանությունն ու մեթոդաբանությունը գիտական աշխատանք կատարելիս Ջ. Միրշայմերի «Դարձ դեպի ապագա. անկայուն Եվրոպան Սառը պատերազմից հետո» հոդվածի օրինակով

2.2. Հղումները գիտական հրապարակումներում

2.3. Գրագողություն

Վերջաբանի փոխարեն. գիտահետազոտական աշխատանք գրելու ընդհանուր սկզբունքներ

Հավելված 1. Գիտահետազոտական աշխատանք կատարելիս առավել հաճախ հանդիպող հասկացություններ

Հավելված 2. Կուրսային և ավարտական աշխատանքների տիտղոսաթերթի օրինակելի նմուշներ

Աղբյուրը` armscoop.com

Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակ 2014

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակը ֆինանսավորում է «Պողոսյան» Հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա):

Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգեւ` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով:

Մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի` (2015թ. մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսին, մրցանակները կշնորհի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը) լավագույն ստեղծագործություններ, հայտնագործություններ (գյուտեր) և աշխատանքներ կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հեղինակներին հետևյալ յոթ բնագավառներում`

• բնական գիտություններ

• տեխնիկական գիտություններ և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ

• ֆիզիկա

• բժշկագիտություն

• արվեստ (այդ թվում ճարտարապետություն, կերպարվեստ, թատրոն, կինոարվեստ, ֆոտոարվեստ և արվեստի այլ ձևեր)

• գրականություն (գեղարվեստական, գեղարվեստա-թարգմանական)

• հումանիտար գիտություններ

Մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել միայն այն գործերը, որոնք առաջին անգամ հրատարակվել, հրապարակվել, կատարվել, ցուցադրվել, բեմադրվել, կառուցվել-ավարտվել են 2012-2014թթ. ընթացքում:

Ներկայացվող աշխատանքը պետք է ունենա միասնական, ընդհանրական ուղղվածություն:

ԾԱՆՈՒՑՈՒՄ

• Մրցույթին չեն կարող ներկայացվել բառարաններ, փաստաթղթերի ժողովածուներ, հուշագրություններ, դասագրքեր, ատենախոսություններ, ինչպես նաև այնպիսի աշխատանքներ, մենագրություններ, որոնց հիմքում ընկած են ատենախոսության նյութեր:

• Եթե աշխատանքը կամ նրա մի մասն ընդգրկված է եղել նախորդ տարիներին ներկայացված աշխատանքում, ապա այն չի կարող մասնակցել մրցույթին:

• Մրցույթին ներկայացվող մեկ հայտում մրցանակի հավակնորդների թիվը չպետք է գերազանցի հինգը:

• Մրցույթին մասնակցելու հայտ չի կարող ներկայացվել մահացած անձի համար:

• Մրցանակ ստացած անձը տվյալ բնագավառի մրցույթին մասնակցելու իրավունք չունի:
Հայտատուն կարող է իր գործը ներկայացնել տվյալ բնագավառում գործող հաստատության կամ այլ անձի միջոցով, ինչպես նաև անձամբ:
Հայտերն ընդունվում են 2014 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 30-ը ներառյալ:
Ներկայացման համար անհրաժեշտ փաստաթղթերը կարելի է ստանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակից կամ Հիմնադրամի կայքից http:// www.himnadram.org:
Գործերը ներկայացնելու և մանրամասն տեղեկությունների համար դիմել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչություն` Աիդա Խաչիկյանին:

Հեռ. 52-09-40 (106); 56-01-06 (106)

է-փոստ` aida@himnadram.org

0010, Երևան, Հայաստանի Հանրապետություն, Կառավարական 3-րդ մասնաշենք,2-րդ հարկ:

 

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ  (87kb)


Հայցադիմումի ձև  (87kb)


Երաշխավորագրի օրինակ  (52kb)

 

Աղբյուրը` www.himnadram.org

Մեկ ժամ Շիրազի հետ (Հովհ. Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառում)

2014թ. նոյեմբերի 18-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Հովհ. Շիրազի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Աիդա Սարհատյանը:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ Ա.Սարհատյանը` արժևորելով Շիրազ բանաստեղծին, ընդհանուր գծերով ներկայացնելով նրա պատկառելի վաստակը, վայելած ժողովրդականությունը. «Դարեր շարունակ հայոց բարձրիկ լեռներում մեր ժողովուրդը ծով գանձեր, անգին գանձեր է երկնել ու ծնել, որոնք համալրվում են նոր գանձերով, նոր, լուսապայծառ դեմքերով… Գողթան երգիչներից մինչև Ոսկեդարի մեծանուն պատմիչները, մինչև մեծ աղոթասաց Նարեկացի, մինչև սիրո անզուգական երգիչ Սայաթ-Նովա, մինչև Աբովյան, Չարենց ու Սևակ…

Ու նրանց մեջ մեր ժողովրդին շա~տ սիրելի մի անուն` Շիրազ, որ տասնամյակներ շարունակ ու այսուհետ իր ոգեշունչ քնարով, իր խորազգաց հայրենասիրությամբ, խորարմատ ազգասիրությամբ, մայրության ու սիրո երգերով ուղեկցում ու կուղեկցի աշխարհով մեկ սփռված հայերին…

Հզոր, ըմբոստ, ընդվզող, անհանդուրժող էություն` մերթ պոռթկուն, ինչպես լեռնային գիժ գետերը, մերթ մեղմակարկաչ ու բուրյան, ինչպես Արագածի փեշերին վառվող ծաղիկներն ու նրանց նուրբ թերթիկները շոյող քնքուշ զեփյուռը…

Այդ նա էր առաջինը, ով խոսեց Արցախի մասին, ու համոզված էր, որ նրա լեռների պես մի օր պիտի բռունցքվեն հայերը ու ազատագրեն գերված Արցախը:

Նրա երգերը ճեղքում էին խորհրդային երկաթյա պատնեշները, ծովերն ու օվկիանոսներն ու հասնում աշխարհասփյուռ հայերին:

Նրա գրքերը սպառվում էին այնպես, ինչպես պատերազմի տարիներին բաժանվող սև հացը…Նրան հետապնդում էին, երբեմն կալանում, որովհետև նրա մի խոսքն անգամ կարող էր հոգիներ այրել, բայց նրա մտքի ազատությունը, նրա խոսքը վանդակել ու կալանել չկարողացան:

Նա այսօր էլ իր ժողովրդի հետ է, մեզ հետ`բազմահազար ընթերցողներիս: Ու որպես մեր անհուն սիրո ու երախտիքի տուրք` նրա հարյուրամյակին ենք նվիրում այս փոքրիկ միջոցառումը…»:

Այնուհետև «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի շնորհաշատ ուսանողուհիները ներկայացրին Հովհ. Շիրազի մասին մեծերի ասույթները, նրա կյանքի ուշագրավ ու հուզիչ դրվագներից, սիրային, մայրական, հայրենասիրական թեմաներով Շիրազի բանաստեղծական գյուտերից:

Միջոցառման ընթացքում հնչեցին նաև նրա գողտրիկ բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:

Մասնակիցների ելույթներն ուղեկցվեցին համապատասխան շնորհանդեսներով:

Վերջում խոսք ասաց Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը` գեղեցիկ միջոցառման համար շնորհակալություն հայտնելով տիկին Սարհատյանին և մասնակիցներին. «Հովհաննես Շիրազը մեծ բանաստեղծ չէ սոսկ, նա ասես մեր էպոսից ելած մի խենթ է, տաղանդի ժայթքում, հրաբուխ: Շիրազին դիմելիս հիրավի հաղորդակցվում ես «Նոյի վաղնջական ժամանակներից, Ավարայրի ռազմադաշտերից, Անիի բերդապարիսպներից, հայոց պատմության քառուղիներից մեր օրերը հասած հրաշագործ առասպելական հերոսի հետ»։ Շնորհակալություն ձեզ` այս գանձերը յուրացնելու և տարածելու համար»:

Ուսումնագործնական այց Երևան

2014թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման համակարգերի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության առաջին կուրսերի մի խումբ ուսանողներ` ասիստենտներ Սմբատ Դավթյանի և Պավել Ասիլբեկյանի ղեկավարությամբ, ԵՊՀ հարակից այգու տարածքում իրականացրին «Կադաստրային գործի ներածություն» և «Տեղագրություն գեոդեզիայի հիմունքներով» առարկաների գործնական աշխատանքները:

Նախ Ս.Դավթյանը ուսանողներին մանրամասն ներկայացրեց ժամանակակից էլեկտրոնային տախեոմետրի կառուցվածքը և աշխատանքի սկզբունքները, ծանոթացրեց հանույթի իրականացման տարածքին և ընթացքին:

Ապա ուսանողները համալսարանի հարակից այգու տարածքում ինքնուրույն իրականացրին չափագրումներ` գործնականորեն ամրապնդելով իրենց տեսական գիտելիքները:

Ս.Դավթյանի ղեկավարությամբ` ստացված դաշտային չափումների տվյալները «AutoCad» ծրագրով մշակման կենթարկվեն ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի համակարգչային սրահում:

Այնուհետև մասնաճյուղի ուսանողները այցելեցին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի քարտեզագրության և գեոինֆորմատիկայի լաբորատորիա, ծանոթացան լաբորատորիայի բազային և աշխատանքի պայմաններին:

«ԱՐԻՆՍԱՅԹՍ» հետազոտական ընկերությունում աշխատելու առաջարկ

Հարգելի՛ ուսանողներ,

«ԱՐԻՆՍԱՅԹՍ» հետազոտական ընկերությունը, որը զբաղվում է սոցիոլոգիական հետազոտություններով, առաջարկում է հարցազրուցավարի աշխատանք Հայաստանի բոլոր մարզերի բնակիչների համար:

Հարցազրուցավարի աշխատանքը պահանջում է այցելել բնակարաններ կամ կազմակերպություններ` կախված հետազոտության տեսակից և շրջանակներից, և լրացնել հարցաթերթ՝ նախօրոք հաստատված չափանիշներին համապատասխանող անհատների հետ:

Աշխատանքը վարձատրվում է ըստ յուրաքանչյուր լրացված հարցաթերթի (հարցաթերթի արժեքը տարբեր է` ըստ հարցաթերթի ծավալի, թեմայի բարդության, հարցվողների չափանիշների բարդության և քանակի):

Վարձատրությունն իրականացվում է հետազոտությունն ավարտելուց հետո:

Հարցազրուցավարը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին.

• Տարիքը՝ 21 և ավելի,

• միջին մասնագիտական կրթություն, բարձրագույն կրթությունը ցանկալի է
(կարող են դիմել նաև ուսանողները),

• հաղորդակցվելու հմտություններ (մարդկանց հետ ազատ շփվելու ունակություն, գրագետ խոսք, լսելու ունակություն և այլն),

• հայերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր),

• տեղանքում կողմնորոշվելու ունակություն,

• թիմային աշխատանքի հմտություններ,

• պատասխանատվության զգացում,

• դրական անձնային հատկանիշներ (ճշտապահություն, ազնվություն, աշխատանքին նվիրվածություն, քաղաքավարի պահվածք):

Հետադարձ կապ հաստատելու համար կարող եք զանգահարել

+37 477 38 75 95

+37 410 32 25 22

կամ գրել lilit.ghabanyan@r-insights.am հասցեով: