2015թ. մայիսի 30-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի խորհրդական, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Անուշավան Մակարյանը մասնաճյուղի դասախոսների համար իրականացրեց «Դասախոսի աշխատանքը ուսանողակենտրոն ուսուցման տեսանկյունից» թեմայով վերապատրաստման դասընթաց:
Դասընթացի ժամանակ շնորհանդեսի ուղեկցությամբ հիմնականում քննարկվեցին հետևյալ հարցերը.
- Ուսանողակենտրոն և դասախոսակենտրոն մոտեցումներ,
- Կրթության որակ և որակի ապահովում,
- Դասախոսների ներգրավվածութան կարևորությունը որակի ներքին ապահովման գործընթացներում:
Մասնավորապես ներկայացվեցին դասախոսակենտրոն և ուսանողակենտրոն մոտեցումների առանձնահատկությունները, որակի կառավարման վերջնարդյունքային, գործընթացային, վերջնարդյունքագործընթացային մոտեցումները:
Հարցադրումների միջոցով պարզաբանվեցին, թե ինչ բնույթի կրթական ծառայություններ են մատուցվում մասնաճյուղում, իրատեսական են արդյոք նման մոտեցումների կիրառումը, ինչպիսի խոչընդոտներ են նկատվում ուսանողակենտրոն կրթություն իրականացնելու ճանապարհին:
Մատնանշվեցին բուհերում ներկայումս իրականացվող գործընթացները.
- Ստեղծում են որակի ապահովման կառույցներ,
- Փորձում են կանոնակարգել գործընթացները. մշակում են բազմաթիվ փաստաթղթեր,
- Բարելավում են կրթական ծրագրերը,
- Իրականացնում են ինքնավերլուծություն և պատրաստում զեկույցներ, վեր են հանում սեփական կարիքները,
- Իրականացնում են վերապատրաստումներ:
Ցույց տրվեց դասախոսական կազմի ներգրավվածության անհրաժեշտությունն ու պատասխանատվությունը բուհում իրականացվող որոշակի գործընթացներում (ծրագրերի մշակում, գնահատում ու բարելավում, կրթական վերջնարդյունքների և բովանդակության մշակում, ՈԱՇ, մասնագիտությունների սեկտորյալ շրջանակ, կրթական չափորոշիչներ, բենչմարքինգ, փորձաքննություն, ուսումնառության արդյունք, դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդներ և այլն):
Դասախոսական աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ կարևորվեցին մասնագիտական ինքնազարգացումը և կարիքների արտահայտումը.
- Քննադատական վերաբերմունքը սեփական գործունեությանը,
- Ինքնակրթությունը բոլոր հնարավոր միջոցներով,
- Մասնակցությունը բուհի կողմից կազմակերպված վերապատրաստումներին,
- Մասնակցությունը ամբիոններում իրականացվող որակի ապահովման գործընթացներին,
- Լավագույն փորձի ուսումնասիրությունը և տարածումը,
- Համագործակցությունը բուհի որակի ապահովման կառույցի հետ: