2019թ. սեպտեմբերի 23-25-ին Ծաղկաձորի «Ալպինա» հյուրանոցում կայացավ «Նորարար գրադարաններ 2019» աշխատաժողովը, որին մասնակցում էին ՀՀ քաղաքային և մարզային, հանրային և համալսարանական գրադարանների աշխատողներ, այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը:

Նախ մասնակիցներին ողջունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության ամերիկյան կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը։ Նա նշեց, որ դեսպանությունը մեծ պատրաստակամությամբ է հովանավորել այս միջոցառումը, որը կնպաստի գրադարաններում նոր ծրագրեր ներդնելուն, նորարար տեխնոլոգիաներով գրադարանային առօրյան հագեցնելուն և գրավիչ դարձնելուն։

 «Գուգլի ամպային տեխնոլոգիաները գրադարանավարի առօրյա աշխատանքում», «Սմարթ գրադարանի ձևավորում Ամազոնի տեխնոլոգիական լուծումներով» թեմաների շրջանակներում բանախոս Ավետիկ Պետրոսյանն ընդգծեց, որ ժամանակակից գրադարանների վերաձևման և նորարար գաղափարների իրացման համար անհրաժեշտ է հետևել տեխնոլոգիական զարգացման միտումներին, և գրադարանների փոխակերպումն այդ ճանապարհին ուղղակի բացառում է այլընտրանքը։

«Օնլայն համայնքների հետ աշխատանք, մոդերացիա», «Կայքերի ու սոցցանցային օգտահաշիվների անվտանգություն», «Լուսանկարչության հիմունքներ» թեմաների շրջանակներում բանախոս Արթուր Պապյանը նշեց, որ ժամանակակից գրադարանն առանց սոցհարթակների և էլեկտրոնային լուծումների չի կարող բավարարել  մերօրյա ընթերցողի պահանջները, և գրադարանային հանրույթը պետք է օգտագործի հնարավորությունները՝ սոցիալական հարթակներում նոր ընթերցող գտնելու և գրադարանը գրավիչ դարձնելու համար։

«Հայաստանի գիտատեղեկատվական հանգույցը գործունեության մեջ։ Ձեռքբերումներ և խնդիրներ», «Digital Humanities. Ներածություն», «Տվյալների շտեմարանների կառուցման սկզբունքները (փոքր գրադարանի օրինակով)» թեմաների շրջանակներում բանախոսներ Տիգրան Զարգարյանն ու Հովհաննես Կիզողյանն անդրադարձան Հայաստանի գրադարանային համայնքի խնդիրներին ու մատենավարման տեխնոլոգիական նորագույն լուծումներին։

Աշխատաժողովի վերջին օրը մասնակցիները ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Լիա Միլլերի հետ ունեցան հանդիպում, որի ընթացքում քննարկեցին Հայաստանի գրադարանների զարգացման ուղիներն ու միտումները։

ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանն իր ելույթում աշխատաժողովի մասնակիցիներին ներկայացրեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանի նորարար ձեռքբերումները, ԵՊՀ ԻՄ-ի էլեկտրոնային գրադարանի կառուցվածքը, նպատակները, բաց և մատչելի էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև էլեկտրոնային գրականությունից օգտվելու հնարավորություններն ու վիճակագրությունը։ Վ.Պողոսյանը նշեց, որ այս աշխատաժողովը հնարավորություն է ընձեռում ոչ միայն ծանոթանալ ՀՀ գրադարանային միջավայրի խնդիրներին, այլև կանխատեսել զարգացման միտումներ, որոնցում գրադարանային յուրաքանչյուր աշխատակցի դրակատարումը գերակա է։

Spread the article
©2024 All rights reserved.