2019թ. մարտի 15-ին Տավուշի մարզպետարանում մամուլի ասուլիսի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղեկատվական հանդիպման միջոցով ներկայացվեցին մարզում մեկնարկող տեխնոլոգիական կրթական ծրագրի մանրամասները:

Նախ Տավուշի մարզպետարանում կայացավ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանի համատեղ մամուլի ասուլիսը, որին ներկա էր նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

Մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեց Տավուշի մարզում մեկնարկող տեխնոլոգիական կրթական ծրագիրը, ընդգծվեց բարձր տեխնոլոգիական ոլորտի երկարաժամկետ ռազմավարական նշանակությունը Տավուշի մարզի համար:

«Մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացումը դառնալու է դրանց հզորացմանը նպաստող լուրջ քայլ: Սա իրական հնարավորություն է աշխատատեղեր ստեղծելու ՏՏ ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար՝ այդպիսով կանխելով նրանց արտագաղթը մարզից և առհասարակ Հայաստանից»,-ասուլիսի ընթացքում շեշտեց ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Այնուհետև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տեղեկատվական հանդիպում, որի ժամանակ ներկայացվեցին Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի (ԳՏՏԿ) կողմից Տավուշի մարզում նախատեսված տեխնոլոգիական կրթական ծրագրի մանրամասները:

Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, ԳՏՏԿ-ի տնօրեն Ամալյա Եղոյանը, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, դասախոսներ, ուսանողներ, ուսուցիչներ, աշակերտներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և տեխնոլոգիաներով հետաքրքրված այլ անձինք:

IMG_5773

Ս.թ. փետրվարի 22-ին Տավուշի մարզպետարանի, ԳՏՏԿ-ի և ԵՊՀ ԻՄ-ի միջև ստորագրվել էր եռակողմ հուշագիր, որով կողմերը համաձայնության էին եկել միավորել իրենց ջանքերը՝ նպաստելու Տավուշի մարզում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացին: Դրանով ազդարարվել է Իջևանում ԳՏՏԿ-ի կրթական ծրագրի մեկնարկը, որը կիրականացվի Հայ օգնության ֆոնդի համաֆինանսավորմամբ:

ԵՊՀ ԻՄ-ում կայացած հանդիպման ժամանակ Ա.Ցուցուլյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին ցուցաբերած հետաքրքրության համար, ներկայացրեց ծրագրի նպատակը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ունեցած հնարավորությունները, կոչ արեց ակտիվորեն մասնակցել ծրագրին, ապա խոսքը փոխանցեց Տավուշի մարզպետին:

Հ.Չոբանյանը նշեց, որ ինքը պատրաստ է աջակցել մարզի զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը, կարևորեց տեղեկատվական տեխնոլոգիաների դերը, շեշտեց Տավուշի սահմանամերձ լինելու առավելությունը, որը պետք է ստիպի ստեղծել մասնավորապես անվտանգության ապահովման կիրառական տեխնոլոգիաներ, շնորհակալություն հայտնեց ԳՏՏԿ-ին Տավուշի մարզում գործունեություն սկսելու համար:

Ս.Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ թեև Շիրակի մարզից է, բայց հաճախ է լինում Տավուշում (մասնավորապես «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» նախաձեռնության շրջանակներում) և դրական լիցքեր է ստանում այստեղից ու այլ մարզերում ներկայացնում Տավուշի առավելություններն ու հաջողությունները:

Ա.Եղոյանը ներկայացրեց ԳՏՏԿ-ի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) հաջողված փորձը Գյումրիում և Վանաձորում, նշեց, որ ծրագրի նպատակը տավուշեցիներին հայրենի բնակավայրում պահելը և արժանապատիվ աշխատանքային միջավայր ստեղծելն է, հույս հայտնեց, որ ծրագրի հաջողության դեպքում ներդրումներ կլինեն մարզում, և կստեղծվի տեխնոլոգիական կենտրոն:

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը գնահատանքի խոսք ասաց ծրագրի ակունքներում կանգնած բոլոր մարդկանց և օրհնեց ծրագրի մեկնարկը:

Այնուհետև Ա.Եղոյանը ներկայացրեց դասընթացների կառուցվածքը, ներկաներին ծանոթացրեց ծրագրի համակարգող, ԵՊՀ ԻՄ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Ներսիսյանի հետ:

ԳՏՏԿ-ի ուշադրությունը դեպի Տավուշ ուղղելու համար նա շնորհակալություն հայտնեց և խոսքը փոխանցեց ԵՊՀ ԻՄ-ի դասախոս Սլավիկ Ալավերդյանին: Վերջինս նշեց, որ մասնակցել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ»  ՏՏ համապետական երկու համաժողովներին, որոնցից առաջինի շրջանակներում 2017թ. նոյեմբերի 17-ին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար Տավուշի մարզի ունեցած ներուժը, և այժմ ուրախ է, որ ընդամենը մեկուկես տարի անց մեկնարկում է այս ծրագիրը, հավելեց, որ ինքը ևս կմասնակցի դասընթացին և կոչ արեց ակտիվորեն ներգրավվել ծրագրում:

Ելույթ ունեցավ նաև նույն համաժողովների մասնակից, Դիլիջանի պետական քոլեջի դասախոս և «Արմաթ» խմբակավար Նարինե Դանելյանը, ով ևս ողջունեց ծրագիրը, նշեց, որ տեղեկանալուն պես անմիջապես գրանցվել է դասընթացին և կոչ արեց Դիլիջանի և մարզի այլ համայնքների բնակիչներին մասնակցել դասընթացին՝ մեջբերելով Տավուշի մարզպետի խոսքը, որ անհրաժեշտության դեպքում մարզպետարանը լուծի մասնակիցների տրանսպորտային խնդիրը:

Վերջում Ամալյա Եղոյանը պատասխանեց ներկաներին հուզող տարաբնույթ հարցերին, նշեց, որ առաջիկայում կլինի ծրագրի տեխնիկական մանրամասների վերաբերյալ հանդիպում և հորդորեց ուշադիր լինել նորություններին:

Դասընթացներին ծանոթանալու և գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, իսկ հարցերի դեպքում զանգահարել 077-65-99-55 հեռախոսահամարով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ. մարտի 25-ը ներառյալ, դասընթացը կմեկնարկի 2019թ. ապրիլի 1-ից

Spread the article
©2024 All rights reserved.