Երկու տարի առաջ, երբ նախաձեռնությամբ ու հովանավորությամբ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Բ․ Մաշալյանի, Ստամբուլում լույս տեսավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դոցենտ Լևոն Լաճիկյանի (Լաչիկյան) «Պոլիսը՝ Հին եւ Նոր» եռալեզու պատկերագիրքը, շնորհանդես կազմակերպվեց ԵՊՀ ԻՄ գրադարանում։

Գրքում ընդգրկված 100-ից ավելի գծանկարների մոտ կեսն այս օրերին հաջողությամբ ցուցադրվեց Երևանում՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությունում։ Այն նվիրված էր բարեսիրական այդ կազմակերպության 120-ամյակին և նկարների ցուցադրությունից զատ ներառում էր նաև բանախոսություն՝ «Պոլիսը և հայերը» թեմայով։

Հարյուրից ավելի արվեստասերների առջև ելույթ ունենալով՝ Լևոն Լաճիկյանը հանգամանորեն խոսեց մի կողմից՝ Բոսֆորի ափերին փռված այդ քաղաքի ճակատագրում հայերի ունեցած տեղի ու դերի մասին, մյուս կողմից՝ անդրադարձավ Պոլսի՝ «հայ մշակույթի մայրաքաղաք» լինելու հանգամանքին։ Բանախոսը կոնկրետ օրինակներով պատմեց այդ զարմանահրաշ բնակավայրի կյանքին մեր հայրենակիցների բերած անուրանալի նպաստի և ունեցած ձեռքբերումների մասին, որոնք զարմանքի հետ նաև հպարտություն են առաջ բերում։

Ներկայացված ստեղծագործություններում նուրբ գծերի միջոցով ու ջրաներկի զուսպ կիրառմամբ պատկերված էին Կ․Պոլիս-Ստամբուլի պատմական պարիսպներն ու բերդերը, նեղլիկ փողոցներն ու հին փայտե տները, ետնաբակերն ու ժամանակակից երկնաքերները, եկեղեցիներն ու մզկիթները, Բոսֆորի ափերը զարդարող հոյակերտ ու հայակերտ պալատները, քաղաքի համապատկերին այնքան բնորոշ գերեզմանոցները, ինչպես նաև հայաշունչ Գնալը և Մեծ կղզիների զմայլելի տեսարանները։

Ցուցահանդեսի այցելուների թվում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մի խումբ դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև Հայաստան ժամանած բազմաթիվ պոլսահայեր, որոնց շարքում էին հանրահայտ երգչուհի Սիպիլը, նշանավոր բանաստեղծ Զարեհ Խրախունու դուստր Նորա Ճյումպյուշյանը, մատենագետ Կարո Աբրահամյանը, «Մարմարա» օրաթերթի խմբագիր Նաիրա Մկրտչյան-Սյուզմեն, շատ ուրիշներ։ Նրանց համընդհանուր բնորոշմամբ՝ այս ցուցահանդեսը յուրատեսակ պտույտ էր «Պոլսոյ թաղերուն մէջ» ՝ գծանկարների միջոցով։ 

Spread the article
©2026 All rights reserved.