2026 թ. հոկտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության փոխնախագահ Պոլետ Կուտանը, «AgurArménie» Ֆրանսիայի Բիարից քաղաքում գործող հայկական մշակութային և բարեգործական հասարակական կազմակերպության անդամներ Պիեռ Ղևեյանը և Լյուսի Ուբույան-Ղևեյանը:

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանի հետ նրանց հանդիպումը, որին մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ն. Գրիգորյանը, «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ռ. Միրզոյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոս Ա. Հովհաննիսյանը, Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատասխանատու Մերի Գասպարյանը:

Հանդիպման ընթացքում տնօրենը ողջունեց և շնորհակալություն հայտնեց «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության փոխնախագահ Պոլետ Կուտանին՝ մասնաճյուղի հետ սերտ համագործակցության համար, ստորագրվեց մասնաճյուղի և միության միջև համագործակցության շարունակման համաձայնագիրը, քննարկվեցին փոխանակման ծրագրերին, ուսանողների մասնագիտական պրակտիկան Ֆրանսիայում անցնելու հնարավորությանը, փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր:  Հանդիպման վերջում պարոն Օթարյանը մասնաճյուղի անունից տիկին Կուտանին նվիրեց «ԵՊՀ արվեստանոց» աշխատարանի աշխատանքներից մեկը՝ «Էջմիածին» վիտրաժը:

Այնուհետև կազմակերպվեց «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների հետ ֆրանսիացի հյուրերի հանդիպումը, որի նպատակը 2026-2027 ուստարում տվյալ կրթական ծրագրի ուսանողներին կրթաթոշակներ հանձնելն էր:
Տիկին Պոլետ Կուտանը ողջունեց ուսանողներին և իր գոհունակությունը հայտնեց Տավուշի մարզում ֆրանսերենի տարածմանն ու զարգացմանն ուղղված նրանց աշխատանքի վերաբերյալ, ապա կրթաթոշակները հանձնեց նրանց:

Կրթաթշակ ստացան «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի վճարովի ուսուցման համակարգում սովորող 8 ուսանողուհիներ՝ Տ. Իսկանդարյանը, Գ. Եգանյանը, Հ. Դավթյանը, Լ. Վարդանյանը, Թ. Էլլարյանը, Լ. Սարգսյանը, Մ. Քարտաշյանը, Ա. Բլբուլյանը, անվճար ուսուցման համակարգում սովորող 3 ուսանողուհիներ՝ Ա. Աղբալյանը, Լ. Մադաթյանը, Է. Մկրտումյանը:

Միության նախկին անդամ Դոմինիկ Պտիժանի կողմից առաջին անգամ խրախուսվեցին նաև ԵՊՀ ԻՄ շրջանավարտներ Ա. Ղալթախչյանը, Հ. Ջանինյանը, Դ. Մելիքյանը, Մ. Խաչինյանը և Ա. Սանթրոսյանը՝ միության հետ համագործակցությունը շարունակելու համար արժանանալով դրամական պարգևների:

«Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ռ. Միրզոյանը և կրթաթոշակ ստացած ուսանողներն ու շրջանավարտները շնորհակալություն հայտնեցին «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությանը՝ ի դեմս փոխնախագահ տիկին Կուտանի, խոստացան սիրով ու եռանդով շարունակել համագործակցությունը:
 

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: