2026 թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «ՏԻՄ ընտրություններ․ ի՞նչ դեր ունեն և ինչո՞ւ են կարևոր համայնքի և պետության համար» թեմայով հանդիպում-քննարկումը՝ նվիրված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակությանը և ընտրական գործընթացներում երիտասարդների ներգրավվածությանը։

Միջոցառումը կազմակերպվել էր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից՝ Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) ֆինանսավորմամբ։

Հանդիպում-քննարկման բանախոսներն էին Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի ներկայացուցիչ Սոֆի Աբրահամյանը, ԹԻՀԿ ծրագրի համակարգողներ Անահիտ Հովակիմյանը և Շուշան Ավագյանը:

Հանդիպման նպատակն էր բարձրացնել ԵՊՀ ԻՄ ուսանողների իրազեկվածությունը ՏԻՄ ընտրությունների կարևորության, տեղական ինքնակառավարման մարմինների դերի և համայնքների զարգացման վրա դրանց ազդեցության վերաբերյալ, ինչպես նաև խթանել երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու մասնակցությունն ընտրական գործընթացներին։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակությանը, համայնքի կառավարման գործընթացներում քաղաքացիների մասնակցության կարևորությանը և ընտրությունների ազդեցությանը համայնքների զարգացման ու բնակիչների առօրյա կյանքի վրա։

Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսներին, արտահայտելու իրենց տեսակետները և քննարկելու տեղական ինքնակառավարմանն ու ընտրական գործընթացներին առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև տեղեկատվության հավաստիության գնահատմանն ու մեդիաաղբյուրների քննադատական ընկալմանը։

Նման հանդիպումները կարևոր նշանակություն ունեն երիտասարդների քաղաքացիական գիտակցության բարձրացման, ժողովրդավարական արժեքների ամրապնդման և համայնքային կյանքում նրանց ակտիվ ներգրավվածության խթանման գործում։

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: