Иджеванский филиал Ереванского государственного университета

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

2015թ. հոկտեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստ, որին մասնակցում էին ֆակուլտետի գիտական խորհրդի անդամները` ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Վ.Ալեքսանյանի նախագահությամբ:

Ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում քննարկվեցին 2016 թվականին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կառուցվածքում ներդրվող «Սոցիալական աշխատանք» և «Տարրական մանկավարժություն» կրթական ծրագրերի ուսումնական պլաններին, 2015-2016 ուստարվա 1-ին միջանկյալ քննությունների ընթացքին վերաբերող մի շարք հարցեր:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում

2016-2017 ուստարում Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կառուցվածքում ներդրվող «Սոցիալական աշխատանք» և «Տարրական մանկավարժություն» կրթական ծրագրերի վերաբերյալ նշվեց, որ այդ երկու նոր մասնագիտությունները ԵՊՀ ԻՄ-ում ներդնելիս հաշվի են առնվել մասնագետների, արտաքին շահակիցների, մարզի կրթության ոլորտի պատասխանատուների կարծիքները ՀՀ-ի և հատկապես տարածաշրջանի աշխատաշուկայում դրանց ունեցած մեծ պահանջարկի վերաբերյալ:

«Տարրական մանկավարժություն» մասնագիտության հետ կապված` մասնավորապես նշվեց, որ մարզի տարրական դասարաններում առկա է դասավանդողների խիստ պակաս:

«Սոցիալական աշխատանք» մասնագիտության կապակցությամբ ԵՊՀ ԻՄ-ի արտաքին շահակից, «ՍՕՍ» մանկական գյուղ «Իջևան» ծրագրի տնօրեն Սպարտակ Սարգսյանը նշեց, որ այսօր նկատելի է սոցիալական աշխատողի դերի բարձրացում: Իջևանում և հարակից գյուղերում ներկայումս կա 388 երեխա, 151 ընտանիք, որոնց հետ կատարվում է սոցիալական աշխատանք:

Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մարզին անհրաժեշտ են բազային կրթություն ունեցող որակյալ կադրեր սոցիալական աշխատանքի ոլորտում:

Նշվեց նաև, որ «Սոցիալական աշխատանք» կրթական ծրագիրը կիրականացվի տեղի և ԵՊՀ-ից հրավիրված մասնագետների ուժերով:

Այսպիսով` նիստի ընթացքում հաստատվեցին 2016թ. Հումանիտար գիտությունների ֆակուլտետի կառուցվածքում ներդրվող «Սոցիալական աշխատանք» և «Տարրական մանկավարժություն» կրթական ծրագրերի ուսումնական պլանները:

2015-2016 ուստարվա 1-ին միջանկյալ քննությունների ընթացքը գնահատվեց բավարար:

 

Քարվաճառում համալսարանականները մասնակցեցին խաչքարի օծման արարողությանը

2015թ. հոկտեմբերի 18-ին ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության նախագահ Ռ.Դավթյանի և փոխնախագահ, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանի անմիջական նախաձեռնությամբ, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստյանի, Հաղարծնի վանքի լուսարարապետ հայր Սամվել աբեղա Մխիթարյանի ձեռամբ, մի խումբ երկրապահ կամավորականների և համալսարանականների մասնակցությամբ Քարվաճառում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն:

Համալսարանականները մասնակցեցին խաչքարի օծման արարողությանը

Այն կերտված էր Նոր Ջուղայի խաչքարերի ճարտարապետական ոճով և նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին: Օծման արարղության ժամանակ Մեծ եղեռնը նորովի հառնեց ներկաների առաջ: Նոր Ջուղան և բովանդակ կորուստները հիշատակող խաչքարը տեղադրված էր նվիրական հայորդիների արյամբ ազատագրված հայրենի հողի վրա:

Համալսարանականները մասնակցեցին խաչքարի օծման արարողությանը

Սուրբ Էջմիածնից բերված մեռոնի հենց առաջին կաթիլներով սրբազանը օծեց խաչքարը: Տերունական աղոթքն առ Աստված հղող ներկաները ջինջ երկնքում նկատեցին արծվի թռիչքը: Քիչ այն կողմ լսելի էին պատշարի մուրճի համաչափ թրխկոցն ու նույն բակում կանգնած փոքրիկի աշխույժ արտասանությունը: Այս ամենը հսկում էր Մռավ լեռան գագաթին խրոխտ կանգնած զինվորը:

«ԵՊՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

«ԵՊՀ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

«ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգի համաձայն` հայտարարվել է «Լավագույն ուսանող 2015» մրցույթի անցկացման մասին:

Մրցանակաբաշխությունը կազմակերպվում և անցկացվում է տարին մեկ անգամ: 

 Նպատակն է խրախուսել Երևանի պետական համալսարանի բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողների առաջադիմությունը և խթանել նրանց գիտական ու հասարակական ակտիվությունը:

 Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների և մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնող կենտրոնների կամ այլ ստորաբաժանումների այն ուսանողները, ովքեր առնվազն 4 կիսամյակ եղել են ԵՊՀ ուսանող, վերջին երկու կիսամյակների ընթացքում ունեցել են բարձր կամ գերազանց առաջադիմություն (ՄՈԳ-ը՝ 16 և բարձր), ինչպես նաև ունեն մրցանակաբաշխության կանոնակարգում նշված «ԵՊՀ լավագույն ուսանողին» բնութագրող ձեռքբերումները:

 Մասնակցության (որպես թեկնածու առաջադրվելու) համար ուսանողը, սահմանված կարգի համաձայն, պետք է ներկայացնի համապատասխան հայտ և անհրաժեշտ կից փաստաթղթերը: Հայտերը պետք է լրացվեն առցանց՝  beststudent.ysu.am էլեկտրոնային հասցեով:

 Նշված ինտերնետային գործիքի միջոցով անհրաժեշտ է ստեղծված հայտը տպել, ստորագրել, կցել պահանջվող այլ փաստաթղթեր և մինչև 2015թ. հոկտեմբերի  22-ը՝ ժամը 16:00-ը, ներկայացնել ԵՊՀ ընդհանուր բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 1-ին հարկ):

 «ԵՊՀ լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության կանոնակարգը տեղադրված է ԵՊՀ պորտալում:

 Մրցանակաբաշխության մասնակիցը պետք է ծանոթանա նշված կարգին, որպեսզի ապահովի համապատասխան փաստաթղթերի առկայությունը (պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների բնութագիր (առավելագույնը երկու բնութագիր), ֆակուլտետի ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության նախագահի բնութագրերը, տպագրված գիտական աշխատանքների պատճենները կամ դրանք հավաստող այլ փաստաթղթեր, ներհամալսարանական ակտիվությունը հավաստող փաստաթղթեր (եթե այդպիսիք կան) և այլն):

«Լավագույն ուսանող 2015» մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2015թ. նոյեմբերի 17-ին կայանալիք  «Լավագույն ուսանող 2015» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ, որն այս տարի նվիրվում է Հայաստանի ազգային հերոս, ԵՊՀ շրջանավարտ Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին:

 Մրցույթին մասնակցելու հետ կապված ցանկացած հարցով ուսանողները կարող են դիմել ֆակուլտետի դեկանատ կամ «Լավագույն ուսանող 2015» ամենամյա մրցանակաբաշխության հանձնաժողովին (Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ):

Աղբյուրը՝   ysu.am

Կրթաթոշակի մրցույթ՝ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանողների համար

Կրթաթոշակի մրցույթ՝ Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ուսանողների համար

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստան հիմնադրամը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) սոցիոլոգիայի ու տնտեսագիտության և կառավարման  ֆակուլտետների մագիստրատուրայի ուսանողների համարհայտարարում է մեկական հետազոտական կրթաթոշակի մրցույթ՝ անհատական ավարտական հետազոտական թեզերի իրականացմանն աջակցելու նպատակով:

 

Դիմելու կարգը

Հետաքրքրված ուսանողներն իրենց հայտերը պետք է ուղարկեն fellowship@crrc.amէլ. հասցեով մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը: 

 

Հայտի փաթեթում պետք է ներառվեն հետևյալ փաստաթղթերը (հայերենով)՝

 1)      դիմում-հիմնավորում (1 էջ),

2)      մագիստրական հետազոտության համառոտ նկարագիր (մինչև 1000 բառ)` ներառելով նպատակը, ակնկալվող արդյունքները (պաշտպանություն, գիտական հոդված, առցանց տեղակայում, քննարկում և այլն) և իրականացման ժամանակացույցը,

3)      ինքնակենսագրություն (ներառելով տպագրված հոդվածների ցանկը, եթե այդպիսիք կան)

4)      երաշխավորագիր թեզի գիտական ղեկավարից:

 

Ընտրության կարգը

Կրթաթոշակառուների ընտրությունը կիրականացնի ՀՌԿԿ-Հայաստանի կրթաթոշակների հանձնաժողովն անանուն դիտարկմամբ` ներգրավելով ԵՊՀ ներկայացուցիչների:

Նախապատվություն կտրվի արդիական թեմաներով, հիմնավորված հետազոտական մեթոդաբանական մոտեցումներով կիրառական ուղղվածություն ունեցող աշխատանքներին։ ՀՌԿԿ-Հայաստանի տվյալադարանների օգտագործման մտադրությունը ցանկալի է:

Կրթաթոշակառուներին տրվող հնարավորությունները

Կրթաթոշակառուները հնարավորություն կունենան մասնակցելու ՀՌԿԿ-Հայաստանի Կրտսեր հետազոտողների ծրագրով նախատեսված դասընթացներին, օգտվել կենտրոնում առկա բոլոր ռեսուրսներից, ստանալ հիմնադրամի աշխատակիցների խորհրդատվությունը:

 

Կրթաթոշակառուներին ներկայացվող պահանջները

Ընտրված կրթաթոշակառուները պետք է՝

1)      տրամադրվող կրթաթոշակն օգտագործեն միմիայն հետազոտական նպատակներով,

2)      անհատական թեզը գրելիս պահպանեն ակադեմիական ազնվության բոլոր նորմերը,

3)   հետազոտության առաջընթացի վերաբերյալ ՀՌԿԿ-Հայաստանի անձնակազմին ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ,

4)      յուրաքանչյուր բովանդակային հիմնարար փոփոխության մասին տեղեկացնեն ՀՌԿԿ-Հայաստանի անձնակազմին,

5)      ավարտական աշխատանքի հրապարակային պաշտպանության օրվա մասին ծանուցեն ՀՌԿԿ-Հայաստանի անձնակազմին:

Կրթաթոշակի չափը

2015-2016 ուսումնական տարվա համար կրթաթոշակի չափը 200,000 ՀՀ դրամ է:

Աղբյուրը՝  www.crrc.am

«Արդիական գիտական հետազոտությունները ժամանակակից աշխարհում» VI միջազգային գիտագործնական համացանցային կոնֆերանս

«Արդիական գիտական հետազոտությունները ժամանակակից աշխարհում» VI միջազգային գիտագործնական համացանցային կոնֆերանս

Հարգելի՛ համալսարանականներ, 2015թ. հոկտեմբերի 25-26-ը տեղի կունենա «Արդիական գիտական հետազոտությունները ժամանակակից աշխարհում» VI միջազգային գիտագործնական համացանցային կոնֆերանսը:

Կոնֆերանսի աշխատանքային լեզուներից են հայերենը, ռուսերենը, անգլերենը, ուկրաիներենը, բելառուսերենը, ղազախերենը, լեհերենը, ուզբեկերենը, ղրղզերենը:

Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 25-ը (ներառյալ) ուղարկել հոդվածը կազմկոմիտեի էլեկտրոնային հասցեին` iscience.in.ua@gmail.com:

Մանրամասն տե՛ս կոնֆերանսի ծրագիրը: