Иджеванский филиал Ереванского государственного университета

Զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Էրինե Ղարայանը

2015թ. մարտի 6-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում զեկուցում կարդաց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Էրինե Ղարայանը:

Ներկա էին ֆակուլտետի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «Երկրորդ կարգի կոն: Հիպերբոլական ասիմպտոտային կոն: Էլիպտական պարաբոլոիդ: Հիպերբոլական պարաբոլոիդ: Երկրորդ կարգի գլան»:

Թեման ունի մեծ կիրառություն մաթեմատիկայի, ֆիզիկայի, տիեզերագիտության և այլ բնագավառներում:

Ներկայացվեց, թե ինչ է երկրորդ կարգի կոնը, հիպերբոլական ասիմպտոտային կոնը, էլիպտական պարաբոլոիդը, հիպերբոլական պարաբոլոիդը, երկրորդ կարգի գլանը, որոնք են նրանց հավասարումները և գրաֆիկները:

Գրաֆիկների միջոցով ցույց տրվեցին, թե ինչպես կարելի է ստանալ հիպերբոլոիդ և պարաբոլոիդ:

Այնուհետև տեղի ունեցավ քննարկում. զեկուցողը պատասխանեց ներկաների ուղղած հարցերին:

Վերջում ամփոփիչ խոսքով հանդես եկավ Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, բացահայտեց Էրինե Ղարայանի և նախորդ զեկուցողի` Անահիտ Հովսեփյանի զեկուցումների թեմաների ընդհանրությունը, կարևորեց ուսանողների գիտական նախաձեռնությունների դերը:

Զեկուցում կարդաց  «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Հովսեփյանը

2015թ. փետրվարի  27-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում զեկուցում կարդաց  «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Հովսեփյանը:

Ներկա էին ֆակուլտետի դեկան Մ.Զաքարյանը, «Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության» ամբիոնի վարիչ Ա.Ցուցուլյանը, դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «Էլիպսոիդ, հիպերբոլոիդ»: Թեման ունի մեծ կիրառություն մաթեմատիկայի, տիեզերագիտության (օրինակ՝ երկրային էլիպսոիդ) և այլ բնագավառներում:

Ներկայացվեց, թե ինչ են էլիպսոիդն ու հիպերբոլոիդը, ինչպիսին են նրանց հավասարումները: Նշվեց միախոռոչ և երկխոռոչ հիպերբոլոիդների  ու նրանց տարբերության մասին:

Վերջում ներկաները զեկուցողին ուղղեցին հարցեր և ստացան լիարժեք պատասխաններ:

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Ղազախստան-2050» ռազմավարություն. քննարկում Հայաստանում» թեմայով կոնֆերանս

2015թ. փետրվարի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Ղազախստան-2050» ռազմավարություն. քննարկում Հայաստանում» թեմայով կոնֆերանս, որը կազմակերպվել էր «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից:

Կոնֆերանսին ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզջիգիտովը:

Կոնֆերանսի աշխատանքային լեզուն ռուսերենն էր:

Զեկուցումներով հանդես եկան Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան խորհրդատու Աբու Ջանփոլադ Մոլդաբայուլը, Հանրության հետ կապերի և լրատվության կենտրոնի տարածաշրջանային հետազոտությունների ծառայության ղեկավար Մանվել Գումաշյանը, «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը, Երևանի պետական համալսարանի դասախոս, արևելագետ Նաիրա Մկրտչյանը:

Ներկայացված զեկուցումների շուրջ տեղի ունեցավ ակտիվ քննարկում:

ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոս Բոզջիգիտովն ու զեկուցողները պատասխանեցին ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների ուղղած հարցերին, մասնաճյուղին նվիրեցին Ղազախստանի մասին գրականություն (գրքեր, բուկլետներ, օրացույցներ):

Կոնֆերանսի օրակարգը տե՛ս այստեղ:

Մասնաճյուղում անցկացվեց Հոգեբանի օրվան նվիրված գիտագործնական կոնֆերանս

2014թ. նոյեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Հոգեբանի օրվան նվիրված գիտագործնական կոնֆերանս, որը կազմակերպվել էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից:

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հրավիրված էին հոգեբ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը, Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռոզա Մխիթարյանը, նույն թատրոնի դերասան-ասմունքող Ջիվան Սարգսյանը և «Միասնության արևահամ նեկտար» հասարակական կազմակերպության «Սիրո աղբյուր» համույթը:

Բացման խոսքով հանդես եկավ պարոն Աղուզումցյանը` կարևորելով հոգեբանության խնդիրներին նվիրված գիտաժողովի անցկացումը մասնաճյուղում:

Ողջույնի խոսք ասաց Հեռակա ուսուցման բաժնի վարիչի տեղակալ, բան. գիտ. թեկնածու Մուշեղ Սարուխանյանը` Հոգեբանի օրվա առթիվ շնորհավորելով մասնագետներին, ուսանողներին, ընդգծելով հոգեբանի մասնագիտության պատասխանատվությունն ու կարևորությունը մարդու կյանքում:

Այնուհետև մասնաճյուղի հոգեբանության և մանկավարժության ամբիոնի դասախոսները համապատասխան շնորհանդեսների ուղեկցությամբ ներկայացրին գիտական զեկուցումներ:

Հոգեբ. գիտ. թեկնածու Արմեն Բեջանյանը ներկայացրեց զեկուցում`«Էկզոգեն դեպրեսիաների տարածվածությունը, դիֆերենցիալ դիագնոստիկան և հոգեբանական աջակցության մոտեցումները» թեմայով:

«Ներառական կրթության իրականացման ներկայիս խնդիրները» թեմայով զեկուցում կարդաց հոգեբ. գիտ. թեկնածու Դիանա Սարգսյանը:

Հոգեբան Լևոն Սարգսյանը ներկայացրեց զեկուցում`«Հոգեբանի գործունեության խնդիրները դպրոցում» թեմայով:

«Դպրոցի հոգեբանի աշխատանքի առանձնահատկությունները» թեմայով զեկուցում կարդաց հոգեբան Էդիտա Սիմոնյանը:

Հոգեբան Անուշ Մարտիրոսյանը ներկայացրեց զեկուցում`«Ներառական կրթության իրականացման մեխանիզմները ՀՀ-ում» թեմայով:

Նախատեսված էր նաև գեղարվեստական մաս, որի ընթացքում Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ռոզա Մխիթարյանը, նույն թատրոնի դերասան-ասմունքող Ջիվան Սարգսյանը, «Միասնության արևահամ նեկտար» հասարակական կազմակերպության «Սիրո աղբյուր» համույթի անդամները հանդես եկան գրական-երաժշտական փայլուն ելույթներով (դասական պոեզիայի, ժողովրդական-գուսանական երգերի ոգեշունչ կատարումներ):

«Սիրո աղբյուր» համույթի անդամներին Հեռակա ուսուցման բաժնի կողմից տրվեցին ծաղկեփնջեր ու հուշանվերներ:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ Վ. Բրուտյանը` շնորհակալություն հայտնելով մասնակիցներին, ներկաներին և հայտնելով, որ նման միջոցառումները կլինեն շարունակական:

Միջոցառման բոլոր լուսանկարները տե´ս այստեղ: