- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- «Քաղաքային տարածության փոխակերպումները Իջևանի օրինակով» բաց դասախոսություն
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2024 թ. ապրիլի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի խորհրդակցությունների սենյակում տեղի ունեցավ «Քաղաքային տարածության փոխակերպումները Իջևանի օրինակով» թեմայով բաց դասախոսություն, որը վարեց Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս, «Զարթոնք Իջևանի» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:
Դասախոսությանը մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողներ և դասախոսներ, բուհի վարչական աշխատակիցներ:
Դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է Իջևանի համայնքապետարանի և «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի միջև կնքված EU4Culture EU173 դրամաշնորհային պայմանագրով իրականացվող «Մենք ենք մեր սարերը» ծրագրի շրջանակներում՝ շնորհված ԵՄ և Գյոթեի ինստիտուտի (Goethe-Institut EV) միջև կնքված ENI/2020/417-654 դրամաշնորհային պայմանագրով:
«Ժամանակակից քաղաքն ու քաղաքային միջավայրը, - նշեց բանախոս Վ. Պողոսյանը, - իրենց մեջ և իրենց շուրջ ստեղծում և գեներացնում են բազմաթիվ խնդիրներ ու ռիսկեր, որոնք ժառանգություն են նախորդ ժամանակաշրջաններից: Դրանց լուծումը կա՛մ բերելու է քաղաքային միջավայրի այլափոխմանը, աղճատմանը, կա՛մ նպաստելու է քաղաքային կյանքի որակական բարելավմանն ու քաղաքաբնակների հարմարավետության աճին: Այս հանգամքնով պայմանավորված՝ կարևորում ենք Իջևանի քաղաքային տարածության ձևավորման նախնական փուլի ուսումնասիրությունը, քանի որ տվյալ ժամանակաշրջանի գաղափարական-քաղաքական հայեցակարգային մոտեցումների պայմաններում ձևավորվել է մոդելային քաղաք-արդյունաբերական-վարչական շրջանային կենտրոն, որի ենթակառուցվածքները, տարածքային և տարածական համաչափությունը հարմարեցվել էր խորհրդային ժամանակաշրջանի հասարակական ու պետական պահանջներին»:
Բանախոսն անդրադարձավ քաղաքային տարածության ձևավորման խորհրդային հայկական փորձառությանը, իջևանյան օրինաչափություններին և տարբերություններին: Նշվեց, որ միայն Հայրենական մեծ պատերազմից հետո Իջևանում ընթացան քաղաքաշինական նորմատիվներին համապատասխան կառուցապատման աշխատանքներ, պլանավորվեց ու հատակագծվեց քաղաքային տարածքը, և հետագայում այդ հատակագիծը հիմք դարձավ հետագա քաղաքաշինական նախաձեռնությունների ու կառուցապատումների համար: Խորհրդային տարիներին Իջևանում ձևավորվեցին ոչ միայն արտադրական, արդյունաբերական և վարչական համակարգեր, այլև մշակութահեն՝ ժամանցային և սպասարկման կենտրոններ, քաղաքային տարածության մաքսիմալ և օպտիմալ օգտագործման միջավայրեր:
Բաց դասախոսությունն ավարտվեց հարց ու պատասխանի ձևաչափով: Տեղի ունեցավ քննարկում, որի շրջանակներում մասնակիցները փորձեցին համադրել մերօրյա և խորհրդային Իջևանի առավելություններն ու թերությունները, քաղաքային տարածքի կերպափոխության ժամանակակից փորձառությունը: