2025 թ. հոկտեմբերի 11-ին ԵՊՀ ԻՄ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները՝ որպես այցելուներ, Երևանում մասնակցեցին “Digitec Expo 2025” տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Այն համախմբել էր տեղեկատվական տեխնոլոգիաների, ինժեներիայի և նորարարության ոլորտների առաջատար ընկերություններին, ստարտափներին և կրթական հաստատություններին։

Միջոցառման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ), ծրագրավորման, ռոբոտատեխնիկայի և նորարարական լուծումների ոլորտում վերջին ձեռքբերումներին։ Նրանք այցելեցին տարբեր հայկական և արտերկրից ժամանած ընկերությունների տաղավարներ, մասնակցեցին ցուցադրություններին և տեղեկացան նորագույն տեխնոլոգիական միտումների մասին։

Հետաքրքիր տաղավարների շարքում առանձնանում էին մի քանի նորարարական նախագծեր․

  • Կապի ապահովման սարք, որը խլացուցիչի աշխատանքի ժամանակ ապահովում էր անխափան հաղորդակցություն՝ ազդանշանի հաճախությունը պարբերաբար փոխելու միջոցով։

  • Ծրագիր, որը կարողանում էր հայերեն ձայնային խոսքը վերածել տեքստի, իսկ տրված տեքստը՝ ձայնային խոսքի՝ ապահովելով երկկողմանի խոսքային հաղորդակցություն։

  • Բժշկական անալիզների ավտոմատ համակարգ, որի միջոցով պոլիկլինիկաներում ընդունված անալիզ-հեղուկները լցնելուց հետո սարքը որոշում էր դրանց քիմիական բաղադրությունը և արդյունքները ուղարկում էր բջջային հավելվածին։

Ուսանողները նաև տեսան ժամանակակից դրոններ և ազդանշանի չափման ու հաճախականային սպեկտրալ անալիզի նոր սերնդի տեխնիկա։

«Armenian Code Academy» տաղավարի քննարկման ժամանակ ուսանողները տեղեկացան առաջիկայում պլանավորվող դասընթացների մասին, քննարկեցին ՏՏ որոշ ուղղությունների մասնագիտացման պահանջարկը, ինչպես նաև ստացան հղումներ իրենց էլեկտրոնային դասընթացների շտեմարանին։

«Teach For Armenia» տաղավարում ուսանողները տեղեկացան կազմակերպության գործունեության մասին, որն աշխատում է՝ ապահովելու, որ Հայաստանի բոլոր երեխաները ստանան որակյալ կրթություն՝ անկախ իրենց բնակավայրից։ Կազմակերպությունը ներկայացրեց իր կրթական ծրագրերը, մենթորության հնարավորությունները և կամավորական գործունեությունը։

Ուսանողները ծանոթացան ավտոմատացված ձևով արհեստական բանականության մոդելներ կառուցող ընկերության հետ, որն առաջարկում էր իրենց հետ համագործակցությամբ կիրառել LLM մոդելներ՝ մասնագիտանալով այն ոլորտներում, որտեղ հատկապես կարևոր է տվյալների անվտանգությունը։

Ուշագրավ էր նաև ՏՏ հարցազրույցների պատրաստող ծրագիրը, որը նախատեսված է ուսանողներին օգնելու հարցազրույցների նախապատրաստման գործընթացում՝ ամրապնդելով նրանց գիտելիքներն ու ինքնավստահությունը՝ ապագա աշխատանքի դիմելիս։

Տպավորիչ էր Երևանի քաղաքապետարանում գործող «Երևան քաղաքի տեխնոլոգիաների կենտրոն»-ի ներկայացրած վահանակը, որտեղ տեղակայված էին օնլայն ռեժիմում գործող Երևանի բնապահպանական և քաղաքային կյանքին վերաբերող տվյալների գրաֆիկ-պատկերները։

«Digitec Expo 2025»-ին մասնակցությունը նպաստեց ուսանողների մասնագիտական տեսադաշտի ընդլայնմանը և ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրության աճին։

Տեսանյութ
Video file
Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: