2025 թ. հոկտեմբերի 15-ին ԵՊՀ ԻՄ հոգեբանական, ուսումնախորհրդատվական նորաստեղծ կենտրոնում տեղի ունեցավ «MeaningfulWorld»-ի կողմից կազմակերպված տեղեկատվական հանդիպում, որին մասնակցում էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հոգեբանություն» և այլ մասնագիտությունների ուսանողներ:
Հանդիպումը վարեցին «MeaningfulWorld» (Association for Trauma Outreach and Prevention - ATOP) կազմակերպության հիմնադիր, Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի «Տարվա լավագույն հոգեբան» մրցանակակիր դոկտոր Անի Գալայճեանը և Հայկական վարքային գիտությունների ասոցիացիայի համահիմնադիր դոկտոր Հարոլտ Դաքուշեանը:
Դոկտոր Գալայճեանը ներկայացրեց «MeaningfulWorld»-ի մարդասիրական առաքելությունն ու գլոբալ գործունեությունը՝ միտված վնասվածքի հաղթահարմանն ու համայնքային հաշտեցմանն ամբողջ աշխարհում: Մասնավորապես նշվեց, որ կազմակերպությունն իրականացնում է հոգեբանական աջակցություն, տրավմայի հաղթահարման և հաշտեցման ծրագրեր տարբեր երկրներում՝ նպաստելով մտքի, մարմնի և հոգու առողջությանը:
Բանախոսը նաև ներկայացրեց իր հեղինակած 7-քայլանի ամբողջական բուժական մոդելը, որը ներառում է տագնապի և կոնֆլիկտների մակարդակների գնահատում, ապրումների արտահայտում, փոխադարձ կարեկցանք, իմաստի որոնում և մարմնական ու շնչառական մեթոդներով ապաքինում:
Հանդիպմանը մասնակցող ուսանողներն ակտիվորեն ներգրավվեցին քննարկումներում և գործնական վարժություններում՝ ուղղված ներքին խաղաղության, կարեկցանքի և հաշտեցման զարգացմանը: