- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Հովհաննես Ներզեթյանի գրական ստեղծագործությունների շուրջ բանախոսություն-քննարկում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
ԵՊՀ ԻՄ-ի նիստերի դահլիճում կայացավ գրող Հովհաննես Ներզեթյանի գրական դիմանկարի և ստեղծագործությունների շուրջ բանախոսություն-քննարկում: Հովհաննես Ներզեթյանը ստեղծագործում է դեռևս խորհրդային տարիներից և ընթերցողի սեղանին է դրել «Սամվել», «Արտավազդ և Կլեոպատրա» դրամաները, «Մարդկության սկիզբը և վերջը մի անհատի կյանքն է. «ԵՍ»» աֆորիզմների ժողովածուն և մի շարք այլ ստեղծագործություններ:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ Վ.Պողոսյանը` ընդգծելով. «Այսօրվա միջոցառման առանցքը Հովհաննես Ներզեթյանի գրական դիմանկարն է, վերջինիս ստեղծագործությունների` դրամատիկական ժանրից մինչև բազմաթիվ աֆորիզմների արժևորումը, որը կփորձենք ամբողջացնել դասախոսների և ուսանողների համակարծության կամ տարակարծության միջոցով»:
Գրողի ստեղծագործական ուղին ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Սերգեյ Ազարյանը՝ շեշտելով, որ մեծ է Հովհաննես Ներզեթյան անհատի և գրողի ազդեցությունը իր՝ որպես մասնագետի, գրողի հայացքների, ազգային և համամարդկային արժեքների ընկալումների ձևավորման վրա:
Հաջորդիվ հանդես եկավ բանասեր, լրագրող Վարդան Բաղդասարյանը, ով իր խոսքում նշեց, որ ժամանակակից գրողը պետք է բազմաչափ խորությամբ` զգացական և համամարդկային դիտանկյուններից, մոտենա այժմեական խնդիրներին, և Ներզեթյանի ստեղծագործությունները, նրանցում արտահայտված համամարդկային գաղափարներն այդ ճանապարհի ուղեկից և խորհրդատու կարող են լինել:
Ներզեթյանի ստեղծագործությունների գրականագիտական վերլուծությամբ հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհիներ Անուշ Աղաջանյանն ու Ռոզա Բաղրամյանը: Ըստ Ա.Աղաջանյանի՝ հեղինակն իր ստեղծագործություններում կարևորում է նպատակասլացությունը, հոգու արիությունը, մտքի ճկունությունը, բնավորության կայունությունը, հորդորում ապրել առանց նախանձի, քանզի այն պարտվածների, թուլակամների գործն է: Ըստ Ռ.Բաղրամյանի՝ «Սամվել»-ի սյուժեն ընդհանուր առմամբ հասկանալի է ընթերցողին, միևնույն ժամանակ դժվարընթեռնելի է: Խոսքի վերամբարձությունը հնարավորություն չի տալիս միանգամից ընկալել ու զգալ ասվածը:
Ներզեթյանի ստեղծագործությունների գրականագիտական արժեքին անդրադարձավ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Մուրադյանը: Խոսելով դրամատիկական ժանրում հեղինակի ներդրման, գրական ստեղագործությունների առանձնահատկությունների մասին` պրոֆեսոր Ս.Մուրադյանը նշեց. «Ներզեթյանին հաջողվել է ընթերցողի առջև բարձրացնել հանրահայտ պատմավիպական հերոսների այլընտրանքային կերպարներ իրադարձությունների և գործողությունների ռիթմիկ, համընթաց համամասնությամբ, հյութեղ հայերենով և հետաքրքիր երկխոսություններով»: Անդրադառնալով հեղինակի աֆորիզմներին` պրոֆեսոր Մուրադյանը նշեց, որ գրքեր կան, որ դառնում են կյանքի ուղեկից, խորհրդատու, սակայն գրքել էլ կան, որ ինչպես ծնվում են, այնպես էլ մահանում ու մոռացվում: Հովհաննես Ներզեթյանի այդ գիրքը պատկանում է առաջինների թվին: Այն ոչ թե տարբեր տեղերից հավաքած և խմբավորած աֆորիզմների շտեմարան է, այլ արտահայտում է հեղինակի միտքն ու խոսքը՝ հակիրճ ու դիպուկ:
Ելույթ ունեցավ նաև գրքի հեղինակը, ով շնորհակալություն հայտնեց ներկաներին ջերմ խոսքերի համար, ընդհանուր գծերով անդրադարձավ իր անցած ստեղծագործական ուղուն՝ հայացք նետելով և համառոտ մեկնաբանելով իր ստեղծագործությունները:
Հանդիպման վերջում հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա․Մակարյանը՝ շնորհակալություն հայտնելով Հ․Ներզեթյանին և հյուրերին՝ բովանդակային խոսքի և գրքերի ներկայացման համար: Իր խոսքում Ա․Մակարյանը շեշտեց. «Մեր ժամանակների ուսանողը հաճախ կարոտ է գրական երկերի, պատմական կերպարների նոր մեկնությանը և հեղինակների հետ շփումներին, ուստի սա սպասված հանդիպում էր: Հետագայում կփորձենք ավելի սերտացնել գրող-ընթերցող շփումը: Շնորհակալ եմ մեր ուսանողներին՝ իրենց գնահատականների, ազնիվ և համարձակ տեսակետների համար, կարևորենք ազատ և անկախ գիտական խոսքը, որ հետագայում կնպաստի ուսանողների քննադատական մտքի ձևավորմանը»: