2025 թ. հոկտեմբերի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում գործող Հայաստանում և Սփյուռքում պատմության դասավանդման հիմնախնդիրների հետազոտության կենտրոնի աշխատակիցները՝ Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը, նույն ամբիոնի դոցենտներ Միքայել Մարտիրոսյանը և Արման Մարտիրոսյանը՝ կենտրոնի ղեկավար, մ․գ․թ․, դոցենտ Հարություն Պապոյանի գլխավորությամբ:

Այցելության նպատակը վերապատրաստման դասընթաց և հետազոտություն իրականացնելն էր:
Պատմության դասավանդման հիմնախնդիրների գնահատման նպատակով նրանք հետազոտություն անցկացրին Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի դպրոցների պատմության ուսուցիչների հետ (շուրջ 60 ուսուցիչ):

Հետազոտությունից բացի՝ Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ համաշխարհային պատմության և նրա դասավանդման ամբիոնի վարիչ, պ․գ․դ․, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը ուսուցիչների համար անցկացրեց «Նախագծային ուսուցումը պատմության դասավանդման ընթացքում» թեմայով վերապատրաստման դասընթաց: Նման վերապատրաստումներն օգտակար են ուսուցիչների համար, քանի որ նախագծային ուսուցումը հիմա առավել է կարևորվում հանրակրթության գործընթացում:
Վերապատրաստող թիմն ընդգծեց ուսուցիչների ակտիվ մասնակցության կարևորությունը, որը նաև հնարավորություն է տալիս կատարելագործելու վերապատրաստման ծրագրերը:

Հայաստանում և Սփյուռքում պատմության դասավանդման հիմնախնդիրների հետազոտության կենտրոնի ներկայացուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մ. Օթարյանին և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանին՝ հետազոտության ու վերապատրաստման դասընթացի իրականացմանն աջակցելու և հյուրընկալության համար:
 

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: