- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2020թ. ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը…
Արդեն 105 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից, բայց ժողովրդի ցավը չի հնանում. մինչև այսօր Թուրքիայի կողմից պետական մակարդակով անամոթաբար ժխտվում է ցեղասպանություն–ոճիրն այն «տրամաբանությամբ», որ քանի դեռ աշխարհն ամբողջովին չի ճանաչել ու դատապարտել իր գործած ոճիրը, ուրեմն՝ չկա ոճիր, ուստի չկա նաև պատիժ: Այնինչ հայը «հիշում է և պահանջում». հիշում է իր դարավոր ահռելի ցավը, տագնապն ու սարսափը և պահանջում Հայոց ցեղասպանության արդարացի ճանաչում ու հատուցում…
Հայոց ցեղասպանության սկիզբը պայմանականորեն համարվում է 1915թ. ապրիլի 24-ը. այդ օրը Կոստանդնուպոլսում ձերբակալվեց մտավորականության սերուցքը՝ 600 հայազգի մտավորականներ, որոնք հետագայում սպանվեցին աքսորի ճանապարհին. Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Սիամանթո, Ռուբեն Սևակ, Երվանդ Սրմաքեշխանլյան, Ատոմ Յարճանյան, Հովհաննես Հարությունյան և ուրիշներ: Սակայն հայ պատմագիտության մեջ որպես Հայոց ցեղասպանության տարեթվեր ընդունված է համարել 1892-1923 թթ. որպես Թուրքիայի կառավարող շրջանների՝ Համիդյան Թուրքիայի, ապա Երիտթուրքերի կառավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։ Ծիծեռնակաբերդի հուշարձանի 12 քարակոթողները, ըստ ժողովրդական ստուգաբանության, խորհրդանշում են կորցրած 12 գավառները, որոնք այժմ գտնվում են ժամանակակից Թուրքիայի կազմում:
Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է՝ հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կառներ Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թուրքացում և երազելի «Մեծ Թուրանի»-ի ստեղծում՝ Բոսֆորից մինչև Ալթայ։ Այս համատեքստում Արևմտյան Հայաստանի բնիկ հայ ժողովուրդը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին, իսկ չկային հայերը՝ չկար նաև Հայկական հարցը։ Երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը: Ծրագրի հեղինակներն էին Թալեաթը (ներքին գործերի նախարար), էնվերը (ռազմական գործերի նախարար), Ջեմալը (Պաղեստինյան ճակատի հրամանատար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ:
Հայոց ցեղասպանությունը նախատեսված էր իրականացնել երեք փուլով, որի առաջին փուլը ապրիլի 24-ն էր, իսկ երկրորդ փուլը՝ շուրջ 60.000 հայ տղամարդկանց զորակոչը թուրքական բանակ: Բանակ զորակոչված 15-45 տարեկան բոլոր հայ տղամարդիկ ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը՝ գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց մասսայական բռնագաղթ, աքսոր և ջարդ: Հայերին կա՛մ ստիպում էին ուրանալ քրիստոնեությունը, կա՛մ սպանում էին, կա՛մ ստիպում բռնել գաղթի ուղին: Արևմտյան Հայաստանի ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Միջագետքի անապատներ, հիմնականում՝ Դեր Զոր, որտեղ և բնաջնջվեցին:
Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից դատապարտվել է տարբեր մակարդակներով. այն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը՝ 1998, 2001 թթ., Եվրամիությունը՝ Եվրախորհրդարանի բանաձևերով, Հայոց ցեղասպանությունը դատապարտել են 1987, 1998, 2000, 2001, 2002 և 2005 թթ. ՄԱԿ–ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն: Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր և որոշումներ ունեն Շվեդիայի խորհրդարանը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, Չիլիի և Արգենտինայի Սենատները, Լիտվայի Ասամբլեան, Եվրապառլամենտը, Վենեսուելայի Ազգային Ասամբլեան, Լեհաստանի և Նիդերլանդների, Իտալիայի (2019թ. ապրիլի 10-ին) խորհրդարանները, Կանադայի Համայնքների պալատը, և այլն: Ֆրանսիայում, Ուրուգվայում, Կիպրոսում օրենքների տեսքով, իսկ Շվեյցարիայում՝ նաև այն ժխտելը դատապարտվում է քրեորեն:
Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և այդպիսով՝ նոր ցեղասպանությունների կանխումը, ինչպես Հռոմի պապ Ֆրանցիսկոսն է ասել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագի ժամանակ, ողջ մարդկային ընտանիքի պատասխանատվությունն է. «Ոչ միայն հայերի և Տիեզերական եկեղեցու, այլև ողջ մարդկային ընտանիքի պատասխանատվությունն է՝ հիշել այն, ինչ տեղի է ունեցել, որպեսզի այդ ողբերգության նախազգուշացումը թույլ չտա կրկնելու այդ սարսափը, որը վիրավորում է Աստծուն և մարդկային արժանապատվությունը: … Բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները նման հանցագործություններին պետք է հակազդեն պարտքի հաստատուն զգացումով՝ տեղի չտալով երկդիմությանը և անհանդուրժողությանը»: