2018թ. փետրվարի 3-ին Ակնաղբյուր գյուղի Սուրբ Վարդան զորավար մատուռի մոտ տեղի ունեցավ Իջևանի № զորամասի նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ, հոգևորականներ, համալսարանականներ (ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ), զորակոչիկների հարազատները, քաղաքացիներ:
Զինվորական երդման արարողության համար վայրը պատահական չէր ընտրված. դարեր առաջ (450թ.) սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Խաղխաղի ճակատամարտում հաղթելով մեծաքանակ թշնամուն, ծառ էր տնկել այդ վայրում, և դարեր անց մատաղ սերնդի ներկայացուցիչները նույն վայրում երդվեցին անմնացորդ ու անձնվեր կերպով ծառայել հայրենիքին.
«-Ես (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, հանդիսավոր կերպով երդվում եմ՝
- Անձնվիրաբար ծառայել Հայրենիքիս՝ Հայաստանի Հանրապետությանը և հանուն նրա չխնայել կյանքս:
- Ենթարկվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին:
- Անվերապահորեն կատարել հրամանատարներիս հրամանը, պահպանել ռազմական գաղտնիքը:
- Ու թե դրժեմ երդումս, թող պատժվեմ օրենքի ամբողջ խստությամբ»:
Երդման արարողության ժամանակ հնչեցվեց տերունական աղոթքը, Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն օրհնեց նորակոչիկներին:
Ելույթ ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, ԵԿՄ Տավուշի մարզային կազմակերպության փոխնախագահ Ս. Ա. Առաքելյանը՝ ողջունելով և գոտեպնդելով նորակոչիկներին ու նրանց հարազատներին, երախտիքի ու մեծարանքի խոսք հղելով սահմանապահ քաջ հայորդիներին, մաղթելով նրանց խաղաղ ու անամպ երկինք, անփորձանք ծառայություն, բարի վերադարձ: