ԵՊՀ ԻՄ «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի՝ 2025-2026 ուստարվա շրջանավարտներ Հասմիկ Արզումանյանը, Ելենա Սահակյանը և Անի Մատինյանը Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Մինասյանի գիտական ղեկավարությամբ մասնակցել են «Logos magister optimus» ավարտական որակավորման աշխատանքների միջազգային VI մրցույթին և 2026 թվականին Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելով՝ դարձել են մրցույթի հաղթողներ:

Միջազգային մրցույթն ուղղված էր 2026 թ. շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման արդյունքների որակի բարձրացմանը, Ռուսաստանի և արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների գիտահետազոտական գործունեության խթանմանը, երիտասարդ հետազոտողների գիտական ներուժի բացահայտմանն ու աջակցությանը, ինչպես նաև միջազգային ակադեմիական համագործակցության զարգացմանը: Մրցույթն անցկացվել է միջազգային համագործակցության ծրագրի շրջանակներում:

Մրցույթին մասնակցել են 18 բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ՝ Ռուսաստանի և արտասահմանյան մոտ և հեռավոր երկրների 280 մասնակիցներ: Բարձր միջազգային մրցակցության պայմաններում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների ներկայացրած աշխատանքներն առանձնացել են իրենց գիտական և գործնական արժեքով և արժանիորեն մրցունակ են եղել ներկայացված բազմաթիվ հետազոտական աշխատանքների շարքում:

Հատկանշական է երիտասարդ հետազոտողների ձգտումը՝ ոչ միայն ուսումնասիրելու կրթության և տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող ժամանակակից փոփոխությունները, այլև վերլուծելու և իմաստավորելու նոր գործընթացները, բացահայտելու զարգացման միտումները և առաջարկելու սեփական մոտեցումներն ու հետագա զարգացման առաջնահերթությունները: Այսպիսի հետազոտական դիրքորոշումը վկայում է ուսանողների ինքնուրույն գիտական մտածողության ձևավորման և արդի կրթական խնդիրների լուծման գործընթացում ակտիվորեն ներգրավվելու պատրաստակամության մասին:

Ուսանողների ներկայացրած ավարտական որակավորման աշխատանքներն աչքի են ընկել արդիականությամբ, գործնական ուղղվածությամբ և կրթության ժամանակակից մոտեցումների կիրառմամբ: Աշխատանքներում ներկայացվել են հեղինակային մեթոդիկաներ և մոտեցումներ, որոնք հիմնված են կրթական գործընթացի նախագծման, խաղայնացման, թվային հարթակների կիրառման և նորարարական կրթական տեխնոլոգիաների ժամանակակից ընկալումների վրա:

Մրցույթին մասնակցությունը մեր շրջանավարտների համար հնարավորություն էր՝ իրենց հետազոտությունների արդյունքները ներկայացնելու միջազգային մակարդակով, ձեռք բերելու գիտական համագործակցության նոր փորձ և ցուցադրելու Հայաստանի երիտասարդ հետազոտողների ներուժը։: Այսպիսի միջազգային մրցույթում հաղթանակը կարևոր ձեռքբերում է ինչպես ուսանողների, այնպես էլ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի համար:

ԵՊՀ ԻՄ ղեկավարության և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անունից շնորհավորում ենք Հասմիկ Արզումանյանին, Ելենա Սահակյանին և Անի Մատինյանին արժանի հաղթանակի կապակցությամբ և շնորհակալություն ենք հայտնում գիտական ղեկավար, պրոֆեսոր Սվետլանա Մինասյանին՝ ուսանողների գիտահետազոտական աշխատանքներին ցուցաբերած մասնագիտական աջակցության և ուղղորդման համար:

Մեր երիտասարդ հետազոտողներին մաղթում ենք նոր գիտական հաջողություններ, հետաքրքիր և հեռանկարային ծրագրեր, համարձակ գաղափարներ ու նոր բացահայտումներ, մասնագիտական շարունակական աճ և ձեռքբերումներ՝ ի նպաստ ժամանակակից գիտության և կրթության զարգացման:
 

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: