2026 թ․ սեպտեմբերի 28-ից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի շրջանակում ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի անդամների համար սկսել է վերապատրաստումներ՝ «Անգլերեն», «Անձնակազմի կառավարում» և «Առաջնորդություն» ծրագրերով։

Վերապատրաստումներին մասնակցում են ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի  14 բաժինների շուրջ 45 աշխատակիցներ։
Դասերն իրականացվում են առկա և առցանց ձևաչափերով՝ խմբային և անհատական տարբերակներով, ԵՊՀ առաջատար մասնագետների կողմից։

«Առաջնորդություն» դասընթացը վարում է ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի ասիստենտ Աննա Մկրտչյանը։

«Անգլերեն» դասընթացը վարում է ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի դասախոս Արինա Պարոնյանը։
«Անձնակազմի կառավարում» դասընթացը վարում է ԵՊՀ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, Սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի տեսության և պատմության ամբիոնի ասիստենտ, դոցենտ, տնտ․ գիտությունների թեկնածու Աննա Մաքսուդյանը։

Վերապատրաստման ծրագրերը նպատակաուղղված են զարգացնելու աշխատակիցների առաջնորդության, արդյունավետ հաղորդակցության և կառավարման, կոնֆլիկտների լուծման հմտությունները։
«Առաջնորդություն» ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան հետևել առաջնորդի վարքագծին բնորոշ բարոյական և սոցիալական նորմերին, առաջնորդել խմբային աշխատանքները թիրախավորված նպատակներին, կիրառել գործարար արդյունավետ կառավարման մոտեցումներ, բացահայտել կորպորատիվ կառավարման կատարելագործման ուղիները: 

«Անգլերեն» ծրագրի ավարտին մասնակիցները կկարողանան գործածել նոր բառապաշարը, կառուցել տրամաբանորեն ճիշտ և հստակ բանավոր խոսք, կիրառել գիտելիքները պրակտիկայում՝ միջմշակութային հաղորդակցությունների համատեքստում:
«Անձնակազմի կառավարում» ծրագրի ավարտին մասնակիցները կտիրապետեն անձնակազմի պլանավորման հիմնական ձևերին, կիմանան անձնակազմի գնահատման և մոտիվացման ժամանակակից հիմնական մեթոդները, կկարողանան մշակել անձնակազմի աշխատանքի արդյունավետության հիմնական ցուցանիշները և գործնականում իրականացնել անձնակազմի պլանավորում:
 

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: