2026 թ. հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժնի աշխատակիցների հանդիպումը ՀՀ Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռ․ Թոփչյանի հետ։

Հանդիպման թեմա էր ընտրվել մասնագիտության կրթական ծրագրերի բարելավման արդիական մոտեցումներից մեկը՝ կրթական ծրագրերի վերջնարդյունքների ձևակերպման, դրանց քարտեզագրման, գնահատման և ձեռքբերման համար համապատասխան դասավանդման մեթոդների ընտրության նոր բազմամակարդակ համակարգը և դրա հնարավոր ներդրումը մասնաճյուղի կրթական ծրագրերում։

Վերջնարդյունքների քարտեզը ցույց է տալիս կրթական ծրագրի և դասընթացների կապը միմյանց և ուսումնական գործընթացի մյուս բաղադրիչների հետ, և նրա նպատակն է պարզել, թե այն, ինչ ծրագրի ավարտին ակնկալում ենք ուսանողից, իսկապե՞ս ձևավորվում և գնահատվում է ծրագրի շրջանակում։ Միևնույն ժամանակ քարտեզը պետք է ցույց տա գործատուի պահանջներին համապատասխան մասնագետի ձևավորման ճանապարհը։

Պարոն Թոփչյանը ներկայացրեց 1-ին կուրսից մինչև ավարտական կուրս ուսանողների ուսումնառության կազմակերպման, վերջնարդյունքների ձևավորման, դասընթացների տրամաբանական փոխկապակցվածության, նրանց միջև հորիզոնական և ուղղահայաց համահնչեցման ապահովման և դրանք քարտեզում հնարավորինս տեսանելի և հիմնավորված ցուցադրելու ժամանակակից մոտեցումը։ Նա հանգամանորեն ներկայացրեց հորիզոնական և ուղղահայաց համահնչեցումների տրամաբանությունն ու բովանդակությունը, հիմնավորեց, թե ինչ կարևոր տեղեկատվություն և գործընթացներ են ներառված դրանց մեջ, ներկայացրեց իր տեսակետներն այդ գործընթացի և դրանից հետևող արդյունքների մասին։ 

Մասնավորապես նշվեց, որ հորիզոնական համահնչեցումը թույլ կտա ներկայացնել նույն կրթական մակարդակում կամ նույն ուսումնական փուլում տարբեր դասընթացների, մոդուլների և գործունեությունների միջև կապը, որը պետք է կարողանա տալ մի քանի կարևոր հարցերի պատասխաններ, օրինակ,  արդյո՞ք նույն կիսամյակի դասընթացները փոխլրացնում են միմյանց, չկա՞ն բովանդակության անհարկի կրկնություններ, արդյոք կա՞ն վերջնարդյունքներ, որոնք նախատեսված են, բայց տվյալ փուլում չեն ձևավորվում և այլն։

Ուղղահայաց համահնչեցումը պետք է ցույց տա ժամանակի ընթացքում նույն վերջնարդյունքի ձևավորման՝ ըստ Բլյումի տաքսոնոմիայի աստիճանական զարգացման ընթացքը։
Պարոն Թոփչյանը ներկայացրեց ուսանողների կրթական վերջնարդյունքների ձևավորման CPA (Concrete, Pictorial, Abstract) մեթոդի տրամաբանությունը, թե ինչպես վերջնարդյունքների քարտեզագրման գործընթացում կարող է երևալ ուսանողի առաջընթացը: Այն ուսումնառության աստիճանական կառուցման տրամաբանություն է, որը ներկայացնում է ուսանողի գործողությունները ուսումնառության տարբեր փուլերում և նրան իրական օյեկտներից տանում է դեպի աբստրակտ մտածողություն։  

Հանդիպումն ուղեկցվեց ակտիվ և հետաքրքիր քննարկումներսվ։ Պարոն Թոփչյանն առաջարկեց դիտարկել այդ մոտեցումների ներդրումը մասնաճյուղի կրթական ծրագրերում վերջնարդյունքների քարտեզագրման գործընթացում, որը միևնույն ժամանակ հնարավորություն կտա կրթական ծրագրերի հավատարմագրման ինքնավերլուծությունը կազմակերպել ավելի հիմնավոր և փաստարկված։
 

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: