2026 թ. հոկտեմբերի 3-ին՝ Ուսուցչի տոնին ընդառաջ, «ԵՊՀ ԻՄ ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական մանկավարժության և մեթոդիկայի մասնագետների մասնակցությամբ։ Ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը, տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ն. Գրիգորյանը:
Սեմինարի ընթացքում ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ռուբեն Թոփչյանի, ԵՊՀ ԻՄ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ, մ.գ.թ., դոցենտ Քնարիկ Հովհաննիսյանի և մ.գ.թ., ասիստենտ Մելանյա Բարսեղյանի կողմից անդրադարձ կատարվեց տարրական դասարանների մաթեմատիկայի դասընթացի առանցքային գաղափարների և ենթագաղափարների ուսումնասիրման մեթոդաբանությանը, ուսուցիչների առարկայական և մեթոդամանկավարժական կարողունակությունների զարգացման ու շարունակական թարմացման արդյունավետ միջոցներին, ձևավորող գնահատման սկզբունքներին, ինչպես նաև տարրական կրթության արդի հիմնահարցերին և զարգացման հեռանկարներին։
Քննարկումների առանցքում էին նաև սովորողների մաթեմատիկական մտածողության զարգացման, սխալների վերլուծության, ուսուցման գործընթացում հետադարձ կապի արդյունավետ կազմակերպման և ուսուցչի մասնագիտական զարգացման / թարմացման հետ կապված հարցերը։
Մասնակից ուսուցիչները ներկայացրին իրենց փորձը, բարձրաձայնեցին դասավանդման ընթացքում հանդիպող խնդիրներն ու մասնագիտական կարիքները և մասնակցեցին գործնական քննարկումների։
Հանդիպման շրջանակում իրականացված քննարկումները, ուսուցիչների կողմից արծարծված հարցերը և մասնագիտական կարիքների բացահայտմանը միտված հետազոտության արդյունքների վերլուծությունը, բանախոսների գնահատմամբ, կարևոր հիմք կարող են դառնալ ԵՊՀ ԻՄ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի շարունակական բարելավման համար։ Կատարված դիտարկումները և արձագանքները կարող են նպաստել ինչպես ուսումնական պլանների, այնպես էլ առանձին դասընթացների բովանդակության վերանայմանն ու արդիականացմանը, ինչպես նաև ոլորտային առաջնահերթությունների առավել հստակ սահմանմանը։
Կարևորվեցին համալսարան–դպրոց մասնագիտական համագործակցության շարունակականությունը և այնպիսի հարթակների ձևավորումը, որոնցում հնարավոր կլինի համադրել ակադեմիական գիտելիքը, ուսուցիչների գործնական փորձն ու կրթության համակարգում առկա իրական կարիքները։
Նման հանդիպում-քննարկումները նախատեսվում է դարձնել պարբերական՝ մասնագիտական երկխոսության շարունակականության, հետադարձ կապի ապահովման և կրթական ծրագրերի ու դպրոցական պրակտիկայի միջև կապի ամրապնդման նպատակով։