- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- 2024 թ. շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ հանձնաժողովների նախագահների գնահատմամբ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչության ու Մասնագիտական կրթության և որակի ապահովման բաժնի կողմից այս տարի ևս հավաքագրվել և վերլուծվում են ԵՊՀ ԻՄ 2023-2024 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների վերաբերյալ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կարծիք-հաշվետվությունները, որոնք շատ կարևոր են բուհի համար. դրանց արդյունքները կիրառվում են որակավորման շնորհման գործընթացի կազմակերպման և իրականացման հետագա բարելավման նպատակով:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մայիսին իրականացվեց 2023-24 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը 11 մասնագիտության 12 կրթական ծրագրով՝ «Հոգեբանություն», «Զբոսաշրջություն», «Դիզայն», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Ռուսաց լեզու և գրականություն»:
Ըստ հանձնաժողովների նախագահների՝ ԵՊՀ ԻՄ-ում այս տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը մասնաճյուղի ղեկավարության, վարչական ստորաբաժանումների և մասնագիտական ամբիոնների կողմից կազմակերպվել էր պատշաճ կարգով և բարձր մակարդակով, ժամանակացույցների, գործող կարգով ավարտական աշխատանքների համար նախատեսված չափանիշների համաձայն:
«Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Անահիտ Վարդանյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 6 շրջանավարտն էլ ստացավ «գերազանց»:
Հանձնաժողովի նախագահը կարծիք է արտահայտել, որ ավարտական աշխատանքների թեմաներն արդիական են, թեմատիկան համապատասխանում է որակավորմանը, ցանկություն է հայտնել, որ նյութն ավելի բարձր որակով ներկայացվի: Նախագահի կողմից բարձր են գնահատվել շրջանավարտների՝ մասնագիտորեն գրագետ բանավոր խոսքը, մասնագիտական գիտելիքների և պատկերացումների դրսևորման, դրանց կիրառման կարողությունների մակարդակը, հաղորդակցման կարողությունների առկայությունը, ինքնակրթության հմտությունների դրսևորման մակարդակը:
Աշխատանքների իրականացման հետագա բարելավման ուղղությամբ շրջանավարտներին առաջարկվել է կատարելագործել շնորհանդեսների որակը, իսկ ուսումնառության ընդհանրական արդյունքների բարելավման համար՝ շարունակել կրթությունը մագիստրատուրայում:
«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի դոցենտ, տեխ․ գիտ. թեկնածու Նարինե Կոսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 17 շրջանավարտ. 7-ը ստացավ «գերազանց», 5-ը՝ «լավ», 5-ը՝ «բավարար»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ բոլոր ավարտական աշխատանքները կատարված էին պատշաճ մակարդակով:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է ավելի շատ ուշադրություն դարձնել կիրառական խնդիրների վրա:
«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրերի) ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետի դեկան, դոցենտ, մ․գ․թ․ Իռենա Մադոյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 24 շրջանավարտ. 14-ը ստացավ «գերազանց», 8-ը՝ «լավ», 2-ը՝ «բավարար»:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ թեմաներն արդիական էին և խորը հետազոտված ուսանողների կողմից: Շրջանավարտները պատրաստակամ և գիտակ մոտեցում էին ցուցաբերում հանձնաժողովի հարցերին:
Ավարտական աշխատանքների իրականացման հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է աշխատանքների խնդիրներում առաջ քաշել վարկած, որը կհաստատվի կամ կհերքվի դրանց կատարման արդյունքում: Ուսումնառության ընդհանրական արդյունքների բարելավման ուղղությամբ առաջարկվել է հնարավորինս շատ ուսումնասիրել մասնագիտական գրականություն:
Նախագահը շնորհակալություն է հայտնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարությանը, ֆակուլտետի դեկանին, Օտար լեզուների ամբիոնի վարիչին՝ ամփոփիչ ատեստավորումը մասնագիտական բարձր մակարդակով կազմակերպելու համար:
«Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն, բ․գ․թ․ Վահագն Սարգսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 13 շրջանավարտ. 9-ը ստացավ «գերազանց», 4-ը՝ «լավ»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ուսանողների գերակշիռ մասը դրսևորել է գիտական ակտիվություն, ուսումնասիրել է թեմային առնչվող գրականությունը, հանդես է եկել գեղեցիկ, ճկուն և սահուն, մասնագիտորեն գրագետ բանավոր խոսքով:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է մասնավորապես լեզվից ընտրել ավելի արդիական թեմաներ՝ տեղանքին, տարածաշրջանին առնչվող, ինչպես նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել ուսանողների ինքնուրույնությանը:
«Պատմություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, պ․գ․դ․ Խաչատուր Ստեփանյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 14 շրջանավարտ. 8-ը ստացավ «գերազանց», 5-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար»:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահի կողմից առաջարկվել է բարձրացնել փորձնականորեն ստացված կամ ուսումնասիրված տվյալների հանրագումարային ներկայացման, սեփական տեսակետների վստահ պաշտպանության կարողությունների մակարդակը: Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության, շրջանավարտների կողմից դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է համաչափ բաժանել թեմաները՝ ըստ հայոց պատմության ժամանակաշրջանների:
«Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր ՀՀ կենտրոնական բանկի տնտեսական հետազոտությունների վարչության հատուկ հետազոտությունների բաժնի պետ, տ.գ.թ․ Գևորգ Մինասյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 27 շրջանավարտ. 8-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ», 7-ը՝ «բավարար», 3-ը՝ «անբավարար»:
Հանձնաժողովն առաջարկել է ընտրել այնպիսի թեմաներ, որոնք պարունակում են հստակ ձևակերպված հետազոտական հարց և վերաբերում են արդի տնտեսական հիմնահարցերին: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ցանկալի չէ թեմաների ցանկում ունենալ այնպիսիք, որոնք կրում են ընդհանրական բնույթ, և որտեղ առաջադրված հարցերին հնարավոր է պատասխանաել առանց խորը վերլուծությունների: Նաև առաջարկվել է հնարավորինս ընդլայնել թեմաների ցանկը, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենան ամբողջական ծավալով կիրառել ուսումնառության տարիներին ձեռք բերված գիտելիքները:
Ուսումնառության ընհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովն առաջարկել է.
1. Ավարտական կուրսերի ուսանողների համար ներդնել «Հետազոտության մեթոդներ» առարկան, որի շրջանակում ուսանողները կսովորեն առաջադրել հետազոտական հարցեր, իրականացնել գրականության վերլուծություն, ձևավորել հիպոթեզներ, ստուգել դրանք քանակական և ոչ քանակական մեթոդներով և ներկայացնել արդյունքները հիմնական շահառուներին:
2. Համալսարանում ներդնել մշակույթ, որը կխրախուսի օնլայն հարթակներում (Edx, MITx, Coursera, DataCamp, Udemy) առաջարկվող դասընթացներին ուսանողների մասնակցությունը: Խրախուսումը կարող է լինել ինչպես փոքր ֆինանսական աջակցություն, այնպես էլ համալսարանի կողմից հավաստագրի տրամադրման տեսքով:
3. ԵՊՀ ԻՄ-ում ստեղծել մարզում գործող տնտեսվարողների տվյալների անանուն շտեմարան, որը մի կողմից թույլ կտա ուսանողներին իրականացնել տնտեսական հետազոտություններ այս կամ այն հարցի վերաբերյալ, մյուս կողմից՝ տնտեսվարողները շահագրգռված կլինեն տեղեկանալու այդ վերլուծությունների արդյունքներին իրենց գործունեության ընթացքում փաստերի վրա հիմնված որոշումների կայացման համար:
«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ, մ․գ․թ․ Լուիզա Միլիտոսյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 22 շրջանավարտ. 9-ը ստացավ «գերազանց», 13-ը՝ «լավ»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ավարտական աշխատանքների թեմաները արդիական են, համապատասխանում են շնորհվող որակավորմանը: Ավարտական աշխատանքներում հստակ սահմանված է աշխատանքի նպատակը, և համապատասխանաբար ձևակերպված են խնդիրները, ներկայացված են հետազոտության օբյեկտը, առարկան, գործնական և տեսական նշանակությունը:
Աշխատանքներում ուսանողները ներկայացրել են այն նոր մոտեցումները, որոնք առկա են տարրական մանկավարժության և ներկայացվող թեմայի դասավանդման մեթոդիկայում: Բոլոր աշխատանքներում իրականացված է մանկավարժական գիտափորձ, և հստակ առկա են բոլոր փուլերը: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփված են տրամագրերում: Ուսանողների ելույթներն ուղեկցվում են սահիկաշարով, որը համապատասխանում է իրենց թեմային և բանավոր խոսքին:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է շեշտադրել հիմնարար փաստաթղթերի և ժամանակակից գրականության ուսումնասիրությունը:
«Դիզայն» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ, դոցենտ Մարիա Բաբյանը:
«Դիզայն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 12 շրջանավարտ. 10-ը ստացավ «գերազանց», 2-ը՝ «լավ»:
«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցած 9 շրջանավարտն էլ ստացավ «գերազանց»:
Հանձնաժողովի նախագահն ընդգծել է իր գոհունակությունը ավարտական աշխատանքների ղեկավարներից և ֆակուլտետի դեկանից՝ որակյալ աշխատանքների և բարձր մակարդակով կազմակերպված պաշտպանությունների համար:
Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության կապակցությամբ նախագահն առաջարկել է, որ շարունակեն վստահել ղեկավարների և ուսանողների նախասիրություններին, նշել է, որ գրեթե բոլոր թեմաները բխում էին տարածաշրջանի պահանջներից և արդիական էին: Աշխատանքները բազմաժանր էին և հետաքրքիր: Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է հնարավորություն ստեղծել ներկայացված նախագծերի իրականացման համար, գտնել շուկայի համապատասխան շահառուներ և դառնալ միջնորդ շրջանավարտի և գործատուի միջև:
«Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորում էր «Եվրոպական համալսարան» հիմնադրամի զբոսաշրջության ֆակուլտետի դեկան, աշխ. գիտ. թեկնածու, դոցենտ Գոռ Մանասյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 15 շրջանավարտ. 5-ը ստացավ «գերազանց», 9-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար»:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ուսանող-շրջանավարտները մեծ մասամբ կարողանում էին հիմնավորել իրենց տեսակետները, բայց որոշ ուսանողների դեպքում նկատվում էին բանավոր խոսքի և ներկայացման թերություններ, հարցադրումներին պատասխանելիս որոշակի կաշկանդվածություն:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է ավարտական աշխատանքներում առավել մեծ ուշադրություն դարձնել տեսական հիմնավորումներին, հետազոտական-վերլուծական բաղադրիչին, թեմաների նպատակների շարադրման, դրված խնդիրների և արդյունքների կապին:
«Հոգեբանություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ․գ․թ. Աննա Առաքելյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 12 շրջանավարտ. 6-ը ստացավ «գերազանց», 6-ը՝ «լավ»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ փորձարարական տվյալները ուսանողները կարողացան վստահ ներկայացնել, անհրաժեշտության դեպքում՝ սեփական տեսակետների դիտանկյունից: Գերազանց գնահատականներ ստացած ուսանողների կողմից վերհանված խնդիրները համակողմանի ուսումնասիրված և վերլուծված էին, ներկայացված էին գործնական առաջարկներ:
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է բարձրացնել՝
հետազոտական աշխատանքի կազմակերպման հմտությունների մակարդակը,
հետազոտական աշխատանքի արդյունքների խորքային վերլուծական կարողությունների մակարդակը,
հետազոտության արդյունքների մեկնաբանության և ընդհանրական եզրահանգումներ անելու կարողությունների մակարդակը,
հետազոտության արդյունքների մշակման տեխնոլոգիաների տիրապետման մակարդակը:
Նախագահն առաջարկել է նաև ավարտական աշխատանքների թեմաները ձևակերպել կոնկրետ, որպեսզի հիմնախնդիրը և հետազոտության առարկան լինեն հստակ, իսկ թեմաները՝ հետազոտելի: