- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Հանդիպումներ Տավուշի մարզի դպրոցներում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժինը 2024 թ. ապրիլին Տավուշի մարզի 21 հանրակրթական դպրոցներում (Բերդի, Դիլիջանի և Իջևանի տարածաշրջաններ) կազմակերպել էր հանդիպումների շարք, որը ներառում էր թեմատիկ դասախոսություններ, մասնաճյուղի կրթական ծրագրերի ներկայացում և մասնագիտական կողմնորոշման թեստավորման աշխատանքներ:
Հանդիպումներին մասնակցել են ԵՊՀ ԻՄ տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանը, փոխտնօրեն Մ․ Օթարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը, Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ. Բեգինյանը, Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա. Մարգարյանը, Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Մ․ Զաքարյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ. Աղաբաբյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ․գ․թ․, դոցենտ Վ․ Ավագյանը, Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ․գ․թ․, դոցենտ Ք․ Հարությունյանը, «Հոգեբանություն» կրթական ծրագրի ղեկավար, հ.գ.դ., պրոֆեսոր Ռ․ Աղուզումցյանը, «Պատմություն» կրթական ծրագրի ղեկավար, պ․գ․թ․, դոցենտ Ն․ Գրիգորյանը, բ․գ․թ․, դոցենտներ Ա․ Սարհատյանը և Ա․ Հասանյանը, ֆ.մ.գ.թ., դոցենտ Կ․ Հովսեփյանը:
Հանդիպումների ընթացքում մասնաճյուղի դասախոսները 7-12-րդ դասարանի աշակերտների համար դասախոսություններ են իրականացրել «Հայոց լեզու», «Գրականություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Անգլերեն», «Հայոց պատմություն» և «Արվեստ» առարկաների շրջանակներում: Դասախոսությունների համար ընտրվել են ծրագրային և արդիական, դպրոցականների համար հետաքրքրություն ու մոտիվացիա առաջացնող մի շարք թեմաներ՝ նպատակ ունենալով լրացնելու կամ ընդլայնելու նրանց ունեցած գիտելիքները: Դասախոսությունների որոշ մասն էլ իրականացվել է՝ կարևորելով դպրոցների կողմից առաջարկվող թեմաները: Այդ կերպ «Տարիքային հոգեբանություն» թեմայով դասախոսություն է իրականացվել նաև Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչների համար, քննարկվել են գործընթացներ և վարքագիծ՝ կապված ուսուցման և տարիքային առանձնահատկությունների հետ:
Դասախոսների այցը դպրոցներ ոգևորիչ էր աշակերտների և ուսուցիչների համար, քանի որ դպրոցականներին օգնում էր ընդհանրացնելու նախկինում ձեռք բերված գիտելիքները, յուրացնելու նորերը, հասկանալու որոշ խնդիրների տեսական և գործառնական նշանակությունները, իսկ ուսուցիչների համար հնարավորություն էր երկխոսության մեջ մտնելու համալսարանական գործընկերների հետ:
Միաժամանակ ԵՊՀ ԻՄ աշխատակիցները 11-րդ դասարանցիներին ներկայացրել են մասնաճյուղի գործունեությունը, քննարկել և տեղեկատվություն տրամադրել մասնագիտությունների, կրթական ծրագրերի և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ, կատարել մտքերի փոխանակում, պատասխանել աշակերտներին հետաքրքրող հարցերին:
Այս հանդիպումների ընթացքում բուհի կողմից առաջին անգամ իրականացվել են մասնագիտական կողմնորոշման ուսումնասիրություններ: ԵՊՀ ԻՄ «Հոգեբանություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողները Բերդի և Դիլիջանի ավագ դպրոցների, Իջևանի վարժարանի, Հաղարծնի և Ազատամուտի միջնակարգ դպրոցների 2024 թ. շրջանավարտների շրջանում կատարել են մասնագիտական կողմնորոշման թեստավորման աշխատանքներ՝ նպատակ ունենալով նախ պարզել աշակերտների հետաքրքրությունների շրջանակը, կարողությունների զարգացման մակարդակը, անհատական հատկանիշները, իսկ արդյունքների քննարկմամբ նաև ընտրված մասնագիտության համապատասխանությունը, ապա, հաշվի առնելով աշակերտների անհատական առանձնահատկությունները և աշխատաշուկայի սոցիալ-տնտեսական իրավիճակը, օգնել երիտասարդներին՝ ապագա մասնագիտություն ընտրելու և աշխատանքի նկատմամբ գիտակցված վերաբերմունք ձևավորելու:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և դպրոցների միջև մշտական շփում ապահովելու և դպրոց-համալսարան կապն ամրապնդելու նպատակով աշակերտներին առաջարկվել է ճանաչողական այց կատարել մասնաճյուղ: