2024 թ. մարտի 21-ին ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի և Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի համագործակցությամբ մասնաճյուղում կայացավ «Զբոսաշրջություն» մասնագիտության առկա և հեռակա ուսուցման տարբեր կուրսերի ուսանողների հետ Սոցիալական աշխատանքի զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Մ. Ճաղարյանի, նույն բաժնի գլխավոր մասնագետներ Ս. Ցուցուլյանի և Կ. Նազարյանի հանդիպումը:

Ներկա էին նաև Տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ա. Մարգարյանը, ՊԿՇՀ բաժնի վարիչ Լ. Բեգինյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի դասախոս Ս․ Սաֆարյանը:

Մ. Ճաղարյանը ուսանողներին ներկայացրեց Միասնական սոցիալական ծառայության Իջևանի տարածքային կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերը: Նախ խոսվեց «Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակիցների և ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ անձանց համար» ծրագրի մասին: Նշվեց, որ այն  հնարավորություն կտա Ադրբեջանի կողմից 2016, 2020 և 2022 թթ. սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց, ինչպես նաև 2020 թ. հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին ձեռք բերել մասնագիտական հմտություններ, աշխատանքային փորձառություն և աշխատանք:

Ապա ներկայացվեց «2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման» ծրագիրը, որը հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործազուրկ անձանց ձեռք բերել աշխատանքային փորձ:

Հաջորդիվ Սոցիալական աշխատանքի զբաղվածության ծրագրերի բաժնի աշխատակիցները մեր ուսանողներին ներկայացրին տարածաշրջանի տարբեր կազմակերպություններում առկա 97 թափուր հաստիքների մասին:

Այս հանդիպմանը ուսանողները ցուցաբերեցին մեծ հետաքրքրություն: Նախատեսվում է կազմակերպել նմանատիպ ևս մի քանի հանդիպում, որոնց շրջանակներում ուսանողներին կբացատրվեն գործատուին ճիշտ ներկայանալու, գրագետ և արդյունավետ ինքնակենսագրական կազմելու նրբությունները:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: