- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Պատմաբանի օրվան նվիրված միջոցառում մասնաճյուղում
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2023 թ. դեկտեմբերի 5-ին ԵՊՀ ԻՄ հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և «Պատմություն» մասնագիտության I-IV կուրսերի ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ պանելային քննարկում:
2012 թվականից ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ որոշվեց դեկտեմբերի 4-ը՝ հայ անվանի պատմաբան, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել Չամչյանի ծննդյան օրը, նշել որպես Պատմաբանի օր:
Այդ առիթով մասնաճյուղում կազմակերպված միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Էռնեստ Խանումյանը՝ շնորհավորելով պատմաբաններին մասնագիտական տոնի առթիվ: Նա կարևորեց անցյալում մարդու գործունեությունը, աշխարհայացքները, սոցիալական կապերն ու կյանքի կազմակերպումը, որը հնարավորություն է տալիս հասկանալ այսօրվա մարտահրավերներն ու ճիշտ կազմակերպել մեր պատմության վաղվա օրը: Պատմության ուսումնասիրումը հնարավորություն է տալիս տեսնելու մարդկության զարգացման ուղին, ուսումնասիրելու մարդկության անցյալը, վերստեղծելու պետության, ժողովուրդների և անհատների կյանքի պատկերը անցյալում, ներկայում և ապագայում:
Մասնագիտական օրվան նվիրված զեկուցումներով հանդես եկան ուսանողներ Վանուհի Խուդավերդյանը և Թամարա Մկրտչյանը:
Այնուհետև ելույթ ունեցան և շնորհավորական խոսքով հանդես եկան Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսները՝ պ.գ.թ., դոցենտ Նաթելլա Գրիգորյանը և Վլադիմիր Պողոսյանը: Շեշտվեց, որ պատմական գիտության գործառույթները պայմանավորված են ժամանակակից իրականության վրա պատմական փորձի և գիտելիքների ազդեցությամբ: Հենց դրանց համախմբությամբ էլ որոշվում է պատմական գիտության արժեքը, այն, թե դրա միջոցով որքանով են լուծվում հասարակության առջև ծառացած հիմնախնդիրները, որքան է դրա սոցիալական պահանջվածությունը: Իհարկե, մարդկանց կողմից իրենց անցյալով հետաքրքրվելն ամբողջապես պայմանավորված չէ միայն դրա հասարակական ազդակներով: Պատմության նկատմամբ հետաքրքրությունը կարող է պայմանավորված լինել նաև զուտ գիտականության պահանջով, անցյալի իրողությունները վեր հանելու, դրանք ճանաչելու ձգտումով, այսինքն՝ ճշմարտության բացահայտման մղումով: Անցյալի փորձն ուսումնասիրելը օգնում է իմաստավորել ներկան և կանխատեսել ապագան:
Ընդգծվեց, որ պատմական գիտելիքներն ավելի ակտիվ են թափանցում հասարակական կյանքի մեջ: Ընդլայնվում են դրանց գործունեության ոլորտները, հետազոտության օբյեկտները, դիֆերենցացումը (տարբերակումը): Դա իր հերթին հանգեցնում է պատմական գիտության գործառույթների ընդլայնմանը: Միևնույն գործառույթը տարբեր տարածաժամանակային պայմաններում կարող է ունենալ միանգամայն հակառակ դեր: Օրինակ՝ պատմության դաստիարակչական գործառույթը նացիզմի ժամանակաշրջանում օգտագործվել է սեփական նպատակների համար: Դրանից անշուշտ չի հետևում, որ պատմությունը պետքական չէ: Պարզապես դրա գործառույթները պետք է դիտարկել միասնականության մեջ՝ առաջնային համարելով գիտականությունը:
Ելույթներից հետո քննարկվեցին պատմության՝ գիտաճանաչողական, կանխատեսման, դաստիարակչական և հասարակական հիշողություն լինելու գործառույթները: