- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տնօրենության նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ: Նիստում քննարկվեցին 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում դասապրոցեսին ուսանողների մասնակցությանը, հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը և արդյունքներին, մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպման ընթացքին, հանրակրթական դպրոցներից ԵՊՀ ԻՄ դիմած դիմորդներին (2021 թ., 2022 թ., 2023 թ.), նախորդ տնօրենության նիստի որոշումների կատարողականին վերաբերող հարցեր:
Առաջին հարցի մասին նշվեց, որ նախորդ ուստարվա համեմատությամբ այս ուստարվա 1-ին կիսամյակում դասապրոցեսին ուսանողների մասնակցության ընդհանուր վիճակն ավելի լավ է: Կան բացակայությունների թույլատրելի սահմանը հատած ուսանողներ, որոնց հետ կազմակերպվել են հանդիպումներ, և բարելավման ուղղությամբ իրականացվել են խորհրդատվական ու բացատրական աշխատանքներ:
Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և արդյունքների վերաբերյալ նշվեց, որ վերապատրաստող մասնագետների և վերապատրաստված ուսուցիչների արտահայտած կարծիքներն ու տեսակետները փաստում են գոհացուցիչ արդյունքների մասին: Ս.թ. սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 28-ը ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպվել և իրականցվել են Տավուշի և Գեղարքունիքի մարզի 19 դպրոցների 48 ուսուցիչների համար վերապատրաստումներ: Նախ կազմվել և ԿԳՄՍ նախարարության հաստատմանն են ներկայացվել «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մոդուլը», դասընթացի ժամանակացույցը և վերապատրաստվող ուսուցիչների տվյալները: ԵՊՀ ԻՄ-ը պայմանագիր է կնքել Տավուշի և Գեղարքունիքի մարզի 19 դպրոցի հետ:
Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ իրականացվել են վերապատրաստումները՝ 110 ժամ ընդհանուր տևողությամբ, հետևյալ մոդուլներից՝ Հանրակրթության բնագավառի օրենսդրություն, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ, Տարիքային հոգեբանություն, Համընդհանուր ներառում, Գնահատում, Դիրքորոշում և արժեք, Առարկայի դասավանդման մեթոդիկա, Հետազոտական աշխատանքներ կատարելու սկզբունքներ:
Վերապատրաստումներն իրականացրել են 8 դասընթացավարներ, որոնցից 6-ը մասնաճյուղի աշխատակիցներն են, իսկ երկուսի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր՝ դասընթացների ժամանակահատվածի համար:
Ուսուցիչների հետազոտական աշխատանքների էլեկտրոնային տարբերակները մուտքագրվել են Հայկական կրթական միջավայրի Պաշարների շտեմարան, թղթային տարբերակները հանձնվել են Արխիվ: Վերապատրաստման յուրաքանչյուր խմբի համար վարվել են առաջին թղթային մատյաններ: 2023 թ. հոկտեմբերի 31-ին նախարարություն է ուղարկվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից իրականացված վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն, իսկ նոյեմբերի 1-ին վերապատրաստված ուսուցիչներին տրվեն են վկայականները:
Հաջորդ հարցի մասին նշվեց, որ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում եղել է մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր կուտակած 19 ուսանող, որից 2-ը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետից (առկա), 10-ը՝ Բնական գիտությունների ֆակուլտետից (առկա՝ 2, հեռակա՝ 8), 7-ը՝ Տնտեսագիտության ֆակուլտետից (հեռակա): Ընդ որում՝ նշված ուսանողներից 5-ը վերահանձնելու է ուսումնական պրակտիկա: Նոյեմբերի 1-7-ը դիմումների ընդունման, իսկ նոյեմբերի 21-27-ը՝ քննությունների հանձնման ժամանակաշրջանն է: Սահմանված ժամկետներում ուսանողները ներկայացրել են իրենց դիմումները՝ ակադեմիական պարտքերը մարելու համար: Ֆակուլտետների դեկանները տնօրենի հաստատմանն են ներկայացրել հանձնաժողովների կազմերը և ժամանակացույցները:
Մյուս հարցի հետ կապված՝ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի կողմից, ըստ հանրակրթական դպրոցների, կատարվել է վերջին երեք տարիներին ԵՊՀ ԻՄ դիմած դիմորդների թվի և ընդունելության մրցույթի արդյունքների համեմատական վերլուծություն, ըստ որի՝ դիմորդների հիմնական հոսքը կատարվում է Տավուշի մարզի դպրոցներից (2021 թ․ այն կազմել է ընդհանուր դիմորդների 96.28%-ը, 2022 թ․՝ 99․6%-ը, իսկ 2023 թ․՝ 99%-ը):
2021 թ․ ընդունելության ընթացքում Լոռու մարզից դիմորդ է գրանցվել միայն Մարգահովիտի միջնակարգ դպրոցից (1 դիմորդ-1 ընդունված հարաբերակցությամբ): Նույն թվականին Երևանից մասնաճյուղ է դիմել 2, ընդունվել 1 դիմորդ:
ՊԿՇՀ բաժինը յուրաքանչյուր տարի այցելություններ է իրականացնում Տավուշի մարզի գրեթե բոլոր դպրոցներ (բացառությամբ այն դպրոցների, որոնք չունեն շրջանավարտ կամ դիմորդ) և Գեղարքունիքի, Լոռու մարզերի նշված դպրոցներ, սակայն ճանաչողական այցերի և ակնարկային դասախոսությունների շրջանակում ոչ բոլոր դպրոցներն են ընդգրկվում: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է ամրապնդել մասնաճյուղի կապն այն դպրոցների հետ, որոնք գրանցում են դիմորդների համեմատաբար մեծ հոսք, ակտիվացնել կապն այն դպրոցների հետ, որոնք չեն գրանցում դիմորդների մեծ հոսք, սակայն տարածաշրջանային դիրքով և տրանսպորտի հասանելիությամբ ունեն մասնաճյուղի մատուցած կրթությունից օգտվելու ավելի մեծ հնարավորություն:
Օրակարգային վերջին հարցի շրջանակներում անդրադարձ կատարվեց նախորդ տնօրենության նիստի որոշումների կատարողականին, և արձանագրվեց, որ բոլոր որոշումներն էլ իրականացվել են:
Ընթացիկ՝ դիպլոմն անվավեր ճանաչելու և կրկնօրինակ տրամադրելու մասին հարցի կապակցությամբ նշվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2020 թ. 1 շրջանավարտ դիմել է իր դիպլոմի կրկնօրինակը տրամադրելու համար: Հիմք ընդունելով «ԵՊՀ-ի կողմից լրացուցիչ ծառայությունների մատուցման և փաստաթղթերի տրամադրման վարձաչափերի և ժամկետների մասին», ինչպես նաև «ԵՊՀ-ի դիպլոմի կրկնօրինակը տալու կարգը հաստատելու մասին» ԵՊՀ ռեկտորի հրամանները՝ որոշվեց անվավեր ճանաչել ԵՊՀ ԻՄ շրջանավարտի նախկին դիպլոմը և թույլատրել տրամադրել կրկնօրինակը: