Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենության նիստ

1. գլխավորԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին առկա ուսուցման՝ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումների և քննությունների, հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների նախապատրաստական աշխատանքներին, ԵՊՀ ԻՄ աշխատակիցների և ուսանողների՝ 2022-2023 ուստարում հարցումների միջոցով վերհանված խնդիրներին և կարիքներին վերաբերող օրակարգային հարցերը: Բնական գիտությունների ֆակուլտետի՝ 2022-2023 ուստարվա գործունեության վերաբերյալ հաշվետվության ներկայացման հարցը հետաձգվեց՝ պայմանավորված ԵՊՀ գիտական խորհրդի՝ 2023թ. հոկտեմբերի 26-ի նիստում հաշվետվությունների նոր ձևաչափի ներկայացմամբ և մասնաճյուղում դրա ներդրմամբ:

Տնօրենության նիստում քննարկվեցին նաև ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին ԵՊՀ ԻՄ ընդունելու և հետագա ուսումնառությունը շարունակելու վերաբերյալ ընթացիկ հարցերը:

Առաջին հարցի մասին նշվեց, որ առկա ուսուցման՝ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումների և քննությունների համար իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:

Ժամանակացույցի համաձայն՝ քննաշրջանը մեկնարկել է ս.թ. հոկտեմբերի 27-ին և կտևի մինչև նոյեմբերի 4-ը: Ֆակուլտետների դեկանները ամբիոններում քննարկումներից հետո Ուսումնամեթոդական վարչություն են ներկայացրել ընթացիկ ստուգումների և քննությունների կազմակերպման ժամանակացույցները, դրանք տեղադրվել են պաշտոնական կայքէջում, և դրանց մասին իրազեկվել են դասախոսները և ուսանողները: Ֆակուլտետներին տրամադրվել են քննությունների համար նախատեսված տետրերը, կատարվել են նախապատրաստական այլ աշխատանքներ:

Քննաշրջանն ընթանում է սահմանված կարգով, Ոսումնամեթոդական վարչությունը, դեկանները և գործընթացի բոլոր պատասխանատուները հետևողական են դրա պատշաճ կազմակերպման և իրականացման գործում, առաջին օրվա դրությամբ խնդիրներ և խախտումներ չեն արձանագրվել:

2Հաջորդիվ ներկայացվեց, որ հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի՝ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքները սկսելու համար նույնպես իրականացվել են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներ: Հեռակա ուսուցման բակալավրի 2-5-րդ կուրսերի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն ս.թ. նոյեմբերի 1-ից, մագիստրատուրայինը՝ նոյեմբերի 14-ից: Քանի որ 2023-2024 ուստարվա բակալավրի հեռակա ուսուցման ընդունելության քննությունները դեռևս ընթացքի մեջ են, և առաջին կուրսեր չեն ձևավորվել, ուստի Ուսումնամեթոդական վարչության պետի կողմից առաջարկվեց հեռակա ուսուցման բակալավրի 1-ին կուրսերի դասերը սկսել նոյեմբերի 3-ից: Դասացուցակները բերվում են վերջնական տեսքի և սեղմ ժամկետներում՝ 2 օրվա ընթացքում, կտեղադրվեն մասնաճյուղի պաշտոնական կայքում, դրանց մասին կտեղեկացվեն դասախոսները և ուսանողները:

Մասնաճյուղի աշխատակիցների և ուսանողների՝ 2022-2023 ուստարում վերհանված խնդիրների և կարիքների վերաբերյալ նշվեց, որ Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինը 2022-23 ուստարում տարբեր մեխանիզմներով վերհանել է բուհի աշխատակիցների և ուսանողների մի շարք կարիքներ և խնդիրներ: Դրանք հիմնականում վերաբերում են դասավանդման և ուսումառության գործընթացին, այդ թվում՝ պրակտիկաներին, գնահատման բազմագործոն համակարգին, նյութատեխնիկական և այլ ռեսուրսներին ու միջոցներին:

Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի կողմից այդ խնդիրները և կարիքները կխմբավորվեն ըստ պատասխանատվության և կուղարկվեն համապատասխան ստորաբաժանումներին, որպեսզի վերջիններս ներկայացնեն վերհանված խնդիրների լուծման վերաբերյալ իրենց ծրագրերը՝ համապատասխան քայլերով, ժամկետներով և ակնկալիքներով:

Առաջին ընթացիկ հարցի մասին նշվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման համակարգի 2 նախկին ուսանողներ դիմել են իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար: Ուսումնամեթոդական վարչությունը ստուգել է նրանց ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին: Ըստ այդմ՝ նրանց թույլատրվում է վերականգնել իրենց ուսանողական իրավունքները:

Նիստի վերջին հարցի կապակցությամբ ներկայացվեց, որ ս.թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ ԵՊՀ ԻՄ ընդունվելու և մասնաճյուղում նույն կամ հարակից մասնագիտություններով հետագա ուսումնառությունը շարունակելու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 20 ուսանող: Առարկայական տարբերությունների հանձնման I փուլը ս.թ. նոյեմբերի 1-15-ն ընկած ժամանակահատվածում է: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում շարունակվում է Արցախից բռնի տեղահանված ուսանողների ընդունելության գործընթացը: