ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ․ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցավ հանդիպում տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Պողոսյանի, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ա.Մարդանյանի, «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության անդամ Վ.Նուեի և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի պատասխանատու Մ.Գասպարյանի մասնակցությամբ:

Հանդիպման նպատակը 2023-2024 ուստարվա համար մասնաճյուղի և միության միջև համագործակցության շարունակման համաձայնագիր ստորագրելն էր:

Տնօրենի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցությանը վերաբերող հարցեր, և կնքվեց համաձայնագիր, որով կողմերն ամրագրեցին իրենց պատրաստակամությունը նպաստելու մասնաճյուղում և մարզում ֆրանսերենի զարգացմանը, ֆրանկոֆոնիայի տարածմանը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցելու մասնավորապես հետևյալ ուղղություններով.

  • 2023-2024 ուստարում «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությունը կտրամադրի կրթաթոշակ՝ ուսման վճարի փոխանցման և ֆրանսերեն ուսումնասիրող ուսանողների շրջանում ֆրանկոֆոնիայի տարածման նպատակով:
  • Կրթաթոշակ ստացող ուսանողները պարտավորվում են մասնակցել Իջևանի՝ Պատրիկ Տևեճյանի անվան գյուղատնտեսական տարածաշրջանային քոլեջում տեղակայված՝ Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի և միջնակարգ հաստատությունների գործունեությանը ամսական 2 անգամ՝ պրն․ Ջոսեֆ Միլիների հանձնարարությամբ: Ամսական մեկ անգամ կատարված աշխատանքների մասին մանրամասն հաշվետվություն կներկայացվի կազմակերպությանը: Ուսանողները Իջևանի շրջանի բնակչությանը՝ հատկապես ծնողներին, կտեղեկացնեն ֆրանկոֆոն կենտրոնի և Պատրիկ Տևեճյանի անվան գյուղատնտեսական տարածաշրջանային քոլեջի գործունեության մասին, ակտիվորոն կմասնակցեն կազմակերպվող միջոցառումներին, հատկապես մարտ-ապրիլ ամիսներին կազմակերպվող ֆրանկոֆոնիայի օրերին:
  • Ֆրանսերեն լեզվի և գրականության սեկցիայի պատասխանատու տ. Աիդա Մարդանյանը կտեղեկացնի կրթաթոշակ ստացող ուսանողների՝ դպրոցներում ծավալած գործունեության, իսկ տ․ Մերի Գասպարյանը՝ Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնում նրանց կատարած աշխատանքների մասին:
  • Համաձայնագրով կրթաթոշակները կփոխանցվեն ուսանողներին՝ ըստ իրենց կատարած աշխատանքի՝ 250-ից 500 եվրո գումարի չափով:

Պարոն Մակարյանը տիկին Նուեին խնդրեց ԵՊՀ ԻՄ-ի անձնակազմի և ուսանողների շնորհակալական խոսքը փոխանցել «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միությանը և առանձնապես տիկին Պոլետ Կուտանին՝ հայրենանվեր գործունեության, մասնաճյուղի հետ երկարատև և ամուր համագործակցության համար:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: