- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տնօրենության նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2023թ. հունիսի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա.Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ՝ օրակարգային ութ հարցերով:
Առաջին հարցի վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը՝ ներկայացնելով 2022-2023 ուստարվա առկա և հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի երկրորդ ընթացիկ քննությունների և ստուգումների ավարտի և քննաշրջանի ընթացքի մասին: Նշվեց, որ 2022-23 ուստարվա հեռակա ուսուցման 2-րդ կիսամյակի երկրորդ ընթացիկ քննություններն ու ստուգումներն իրականացվել են ս.թ. մայիսի 16-27-ն ընկած ժամանակահատվածում, առկա ուսուցմանը՝ մայիսի 30-ից հունիսի 3-ը:
Բակալավրի հեռակա ուսուցման համակարգում ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմել է 46.36%. քննություններին մասնակցած 371 ուսանողից 172-ը ստացել է դրական միավորներ, 199-ը կուտակել է պարտքեր: Առկա ուսուցման համակարգում առաջադիմությունը կազմել է 89.5%. քննություններին մասնակցած 506 ուսանողից 453-ը ստացել է դրական միավորներ, 53 ուսանող ունի պարտքեր: Մագիստրատուրայում (13 ուսանող) արձանագրվել է 100% առաջադիմություն:
2022-2023 ուստարվա առկա և հեռակա ուսուցման քննաշրջանն ընթացքի մեջ է, իրականացվում է սահմանված կարգով, ըստ հաստատված ժամանակացույցների:
Առաջին լուծարքային շրջանը կտևի ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 6-ը, երկրորդ լուծարքային շրջանը՝ օգոստոսի 22-29-ը:
Հաջորդ հարցի՝ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում դասապրոցեսին ուսանողների մասնակցության վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Մ.Օթարյանը: Ներկայացվեցին բացակայությունների թույլատրելի սահմանը հատած ուսանողների անունները, և նշվեց, թե ԵՊՀ ԻՄ-ի ներքին կարգապահական կանոններով համապատասխանաբար ինչ տույժեր են սահմանված: Ըստ այդմ՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի առկա ուսուցման համակարգի 1 ուսանող այս կիսամյակի դասապրոցեսից 120 ժամ և ավել անհարգելի բացակայության պատճառով հեռացվեց մասնաճյուղից:
Առաջարկվեց դեկանների և իրավաբանի ընդգկվածությամբ ձևավորել հանձնաժողով, որը կուսումնասիրի ուսանողների կողմից ներկայացված բժշկական և այլ տեղեկանքները՝ բացակայությունները հարգելի համարելու հիմքեր դիտարկելու տեսակետից:
ԵՊՀ ԻՄ-ի կրթական ծրագրերի մոնիթորինգի հանրագումարային զեկույց ներկայացրեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը: Մասնավորապես նշվեց, որ մոնիթորինգի նպատակով երեք ֆակուլտետից ընտրվել է 1-ական կրթական ծրագիր. Հումանիտար գիտությունների ֆակուլտետից՝ «Հայոց լեզու և գրականություն», Տնտեսագիտության ֆակուլտետից՝ «Զբոսաշրջություն», Կիրառական արվեստի ֆակուլտետից՝ «Դիզայն» կրթական ծրագիրը:
Համաձայն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կրթական ծրագրերի մոնիթորինգի և վերանայման կարգի՝ ձևավորվել են մինչև 7-ական անդամներից բաղկացած խմբեր, որոնցում ընդգրկվել են կրթական ծրագրերի ղեկավարները, արտաքին և ներքին շահակիցներ, տվյալ ֆակուլտետի որակի կառավարման հանձնաժողովի լիազոր-ներկայացուցիչները:
Խմբերը, կարգով նախատեսված ընթացակարգի համաձայն, աշխատել են 2021թ. հոկտեմբերից մինչև 2022թ. մարտն ընկած ժամանակահատվածում, մոնիթորինգի հաշվետվությունները ներկայացրել իրենց ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում, որից հետո դեկանները տվյալ հաշվետվությունները՝ համապատասխան եզրակացություններով հանդերձ, ներկայացրել են Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժին:
Հաշվետվությունների վերջում տրված են ծրագրի ուժեղ և թույլ կողմերը՝ SWOT վերլուծության միջոցով: Վերլուծության վերջում ներկայացված է ծրագրի որակի բարելավման (բարձրացման) գործողությունների պլանը՝ առաջիկա երկու ուստարվա համար նախատեսված աշխատանքներով, դրանց իրականացման հստակ ժամկետներով և պատասխանատուներով:
Ֆակուլտետի դեկաններին հանձնարարվեց հետևողական լինել ներկայացված գործողությունների պլան-ժամանակացույցի՝ ամբիոնների կողմից իրականացմանը:
Առկա ուսուցման համակարգում 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի հետազոտական աշխատանքների կատարման գործընթացի վերլուծությամբ ևս հանդես եկավ Ն.Գրիգորյանը: Նա նշեց, որ 2022-23 ուստարվա երկրորդ կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների ընդհանուր թիվը առկա ուսուցման համակարգում 33 է (412 աշխատանք), հեռակայում՝ 15 (229 աշխատանք): Այս կիսամյակի հետազոտական աշխատանքներում, նախորդների համեմատությամբ, զգացվում է որակական առաջընթաց:
Առկա ուսուցման՝ 2022-2023 ուստարվա պաշտպանությունների ավարտի և հեռակա ուսուցման ավարտական աշխատանքների նախապաշտպանությունների ու պաշտպանությունների ընթացքի մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները:
Մասնավորապես նշվեց, որ ս.թ. մայիսի 6-27-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվել է 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը՝ 11 մասնագիտության 12 կրթական ծրագրով՝ «Հոգեբանություն», «Պատմություն», «Զբոսաշրջություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Դիզայն», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Հայոց լեզու և գրականություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»: ԵՊՀ ԻՄ-ում այս ուստարվա առկա ուսուցման ամփոփիչ ատեստավորման գործընթացը, ըստ հանձնաժողովների նախագահների արտահայտած կարծիք-տեսակետների, բուհի ղեկավարության, վարչական համապատասխան ստորաբաժանումների և մասնագիտական ամբիոնների կողմից կազմակերպվել և իրականացվել է պատշաճ կարգով, ժամանակացույցներին, գործող կարգով ավարտական աշխատանքների համար նախատեսված չափորոշիչներին համապատասխան:
Հեռակա ուսուցման՝ 2022-2023 ուստարվա ավարտական աշխատանքների նախապաշտպանություններն ու պաշտպանություններն ընթացքի մեջ են: Ըստ ժամանակացույցների՝ պաշտպանությունները նախատեսված է իրականացնել ս.թ. հունիսի 10-27-ն ընկած ժամանակահատվածում:
2023-2027 առկա և 2023-2028 հեռակա ուսուցման կրթական ծրագրերի մշակման աշխատանքների մասին զեկուցեց ԿԲԴՎ բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը: Նա նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի՝ 15.12.2022թ. հրամանի համաձայն՝ ձևավորվել է «Գործարար վարչարարություն» կրթական ծրագիրը մշակող աշխատանքային խումբը, իսկ ըստ տնօրենի՝ 19.01.2023թ. հրամանի՝ բակալավրի 12 կրթական ծրագրի վերանայման աշխատանքային խմբերը, որոնք մինչև մայիսի 23-ը պետք է ԿԲԴՎ բաժին ներկայացնեին բակալվրի կրթական ծրագրերը: Այս պահի դրությամբ կրթական ծրագրերի մեծ մասը պատրաստ է, շտկման ենթակա են մի քանի ծրագրեր, որոնք ավարտուն տեսքի բերելու համար տնօրենի կողմից տրվել է լրացուցիչ ժամանակ:
Հաջորդ հարցը վերաբերում էր մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպման ընթացքին: Նշվեց, որ մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր է կուտակել և քննություն վերահանձնել 2 ուսանող՝ Բնական գիտությունների ֆակուլտետի առկա և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգերից:
Նիստի վերջին հարցի՝ դասալսումների արդյունքների մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները՝ ներկայացնելով 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի ընթացքում մասնագիտական ամբիոնների վարիչների իրականացրած դասալսումների և դասախոսների կատարած փոխադարձ դասալսումների արդյունքները:
Տնօրենը դեկաններին հանձնարարեց հետևողական լինել, որ դասալսումներն ըստ ժամանակացույցների իրականացվեն, և ներկայացվեն հաշվետվություններ՝ համաձայն ԵՊՀ ԻՄ-ում դասալսումների անցկացման կարգում ընդգրկված դասի գնահատման հարցաթերթի դրույթների (դասի վարման մեթոդիկան, նյութի ամրապնդման հնարների կիրառումը, ուսանողների մասնակցության ղեկավարումը, կարգապահության պահպանման հնարների կիրառումը):