- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տնօրենության նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2023թ. ապրիլի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա.Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության նիստ՝ օրակարգային ութ հարցերով:
Առաջին հարցի մասին զեկուցեց Վ.Աղաբաբյանը՝ մասնավորապես նշելով, որ ս.թ. ապրիլի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իրականացրել է ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2023թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը: Օլիմպիադան անցկացվել է հետևյալ հանրակրթական առարկաների գծով՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայոց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ինֆորմատիկա և լրացուցիչ կրթական առարկաներից՝ հայոց եկեղեցու պատմություն, տրամաբանություն, սոցիոլոգիա, պետություն և իրավունքի հիմունքներ, էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ, տնտեսագիտություն: Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից օլիմպիադային 11 առարկայից մասնակցել է 30 դպրոցի 183 աշակերտ (68 աշակերտ՝ հայոց լեզու և գրականություն առարկայից, 30-ը՝ մաթեմատիկա, 23-ը՝ հայոց պատմություն, 21-ը՝ անգլերեն, 15-ը՝ կենսաբանություն, 9-ը՝ ռուսաց լեզու, 7-ը՝ քիմիա, 5-ը՝ ֆիզիկա, 3-ը՝ աշխարհագրություն, 1-ը՝ ֆրանսերեն, 1-ը՝ գերմաներեն):
Ներկայացնելով օլիմպիադայի 1-ին փուլի արդյունքները՝ զեկուցողը նշեց, որ 183 մասնակիցներից առաջին փուլը հաղթահարել է 35 աշակերտ (14 աշակերտ՝ հայոց լեզու և գրականություն առարկայից, 1-ը՝ մաթեմատիկա, 3-ը՝ հայոց պատմություն, 3-ը՝ անգլերեն, 4-ը՝ ռուսաց լեզու, 3-ը՝ քիմիա, 4-ը՝ ֆիզիկա, 3-ը՝ աշխարհագրություն): Բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտների քանակով առանձնանում է Դիլիջանի ավագ դպրոցը (12 աշակետ անցել է 2-րդ փուլ):
Իբրև ամփոփում՝ նշվեց, որ ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2023թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը մասնաճյուղը կազմակերպել է պատշաճ կերպով և բարձր մակարդակով, որի կապակցությամբ բուհի ղեկավարությունը շնորհակալություն ու գոհունակություն հայտնեց օլիմպիադայի բոլոր կազմակերպիչներին ու պատասխանատուներին:
Երկրորդ հարցի՝ դասապրոցեսին ուսանողների մասնակցության վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Մ.Օթարյանը՝ ըստ կուրսերի ներկայացնելով այս պահի դրությամբ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման դասապրոցեսին ուսանողների հաճախելիության պատկերը: Նշվեց, որ թե՛ առկա և թե՛ հեռակա ուսուցման համակարգերում կան ուսանողներ, ովքեր հատել են բացակայությունների թույլատրելի սահմանը և ստացել են նկատողություն իրենց դեկանատի կամ խիստ նկատողություն տնօրենության կողմից:
2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի դասապրոցեսին ուսանողների մասնակցության ընդհանուր վիճակը գնահատվեց բավարար:
Ավագ դպրոցներում և քոլեջներում սովորողների համար ամենամյա «Բաց դռների օրեր» և ճանաչողական այցեր մասնաճյուղ կազմակերպելու, ԵՊՀ ԻՄ-ի հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող ավագ դպրոցների և քոլեջների շրջանակն ընդլայնելու, ԵՊՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներին հանրակրթական ուսումնական հաստատություններում առավելագույնս ներգրավելու հարցերի մասին զեկուցեց Լ.Բեգինյանը:
Նա մասնավորապես նշեց, որ «Բաց դռների օրեր» կազմակերպելու վերաբերյալ կատարվել են քննարկումներ Բնական գիտությունների ֆակուլտետում «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և Տնտեսագիտության ֆակուլտետում «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի շրջանակներում, ըստ որոնց՝ նախատեսվել է երկրորդ կիսամյակում (մինչև մայիսի 20-ը) ունենալ երկու «Բաց դռների օրեր»:
Ներկայացվեց, որ 2022-2023 ուստարվա ընթացքում ունեցել ենք տարբեր դպրոցների կողմից ճանաչողական այցեր համալսարան:
ԵՊՀ ԻՄ-ի հետ պայմանագրային հիմունքներով համագործակցող ավագ դպրոցների և քոլեջների շրջանակն ընդլայնելու մասին նշվեց, որ մասնաճյուղը համագործակցության պայմանագրեր ունի Տավուշի մարզում գործող Իջևանի, Դիլիջանի, Բերդի և Նոյեմբերյանի ավագ դպրոցների հետ: Պայմանագրերը կնքված են 25 տարով և գործելու են մինչև 2036 թվականը: Մասնաճյուղի հետ համագործակցող ավագ դպրոցների շրջանակն ընդլայնելու հարցում վերանայվել են վերջին հինգ տարիների դիմորդների տվյալները, որոնց շնորհիվ մասնաճյուղը դիմորդներ է ունեցել Ճամբարակի ավագ դպրոցից և Երևանի տարբեր (N118, N127, N190) ավագ դպրոցներից:
Պետական քոլեջներից մասնաճյուղում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու հետ կապված՝ նշվեց, որ անորոշ ժամկետով համագործակցության պայմանագրեր ունենք մարզի չորս՝ Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի և Բերդի պետական քոլեջների հետ: Մասնաճյուղի հետ համագործակցող քոլեջների շրջանակն ընդլայնելու համար վերանայվել է վերջին հինգ տարվա տվյալների համաձայն կրթության շարունակության համար մասնաճյուղ դիմած քոլեջների շրջանավարտների շրջանակը (Դիլիջանի պետական բժշկական քոլեջ, Դիլիջանի արվեստի պետական քոլեջ, Շիրակի Մ․Նալբանդյանի անվան պետական համալսարանի քոլեջ, Արարատի պետական քոլեջ, Հրազդանի պետական քոլեջ, Աբովյանի պետական քոլեջ, Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջ, Երևանի հենակետային բժշկական քոլեջ):
ԵՊՀ-ի և ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներին հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ ակնարկային և բովանդակային դասախոսությունների, թեմատիկ քննարկումների կազմակերպման գործում առավելագույնս ներգրավելու մասին նշվեց, որ բաժնի կողմից դպրոցներ կազմակերպված այցելությունների ժամանակ (46 դպրոցում կատարվել են քննարկումներ) ներկայացվել է, որ մասնաճյուղը պատրաստ է աջակցել դպրոցներին առարկայական թեմաների քննարկումներ կատարելու հարցում: Մասնաճյուղի աջակցությանը դիմել են Իջևանի վարժարանից (նախագծային աշխատանքի շրջանակներում): Այժմ Ուսումնամեթոդական վարչության կողմից ամբիոններին իջեցվել է շրջաբերական՝ մինչև ապրիլի 20-ը ներկայացնելու թեմաներ, որպեսզի գործընթացը դպրոցներում մինչև մայիսի 15-ն իրականացվի:
Տնօրենը նշեց, որ ինչպես այլ, այնպես էլ մասնագիտական կողմնորոշման հետ կապված գործընթացներն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել հստակ պլանավորում և ըստ ժամանակացույցի՝ հետևողական լինել դրանց իրականացմանը:
Դասախոսների և ուսանողների (կրթական և այլ) կարիքների վերհանման, մատուցվող ծառայություններից նրանց բավարարվածության գնահատման հարցերի վերաբերյալ զեկուցեց Մ.Ճաղարյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2021-2022 ուստարում ՄԿՈԱ բաժնի կողմից տարբեր մեխանիզմներով վերհանվել էին դասախոսների և ուսանողների մի շարք խնդիրներ և կարիքներ:
Բաժնում այդ խնդիրները տրոհվել են, խմբավորվել ըստ պատասխանատվության և ընթացիկ ուստարվա սկզբին ուղարկվել են բոլոր ստորաբաժանումներին, որոնց հիման վրա ստորաբաժանումները կազմել են ներառված խնդիրների լուծման իրենց ծրագրերը՝ քայլերով, ակնկալիքներով և ժամկետներով ամրագրված:
Այդ խնդիրների պատճառների հստակեցման, դրանց հնարավոր լուծման համար պատասխանատու ստորաբաժանումները կազմակերպել են հանդիպում-քննարկումներ ուսանողների և դասախոսների հետ:
Զեկուցողն անդրադարձավ վերհանված հիմնական խնդիրներին և դրանց լուծման համար իրականացված գործընթացներին, որոնք վերաբերում էին մասնագիտական գրականության համալրմանը և հետազոտությունների իրականացման համար տվյալների ձեռքբերմանը, հետազոտական աշխատանքների իրականացմանը և գնահատմանը, պրակտիկաների կազմակերպման ձևին, ժամանակահատվածին, տևողությանը և ղեկավարների ընտրությանը, ուսանողների գնահատման բազմագործոն համակարգի արդյունավետության բարձրացմանը, գնահատման օբյեկտիվությանը և թափանցիկության ապահովմանը, ուսանողների և դասախոսների կողմից բարձրաձայնված և լուծումներ ստացած այլ հարցերի:
Օրակարգային վերջին հարցի մասին զեկուցեց Ն.Առուշանյանը՝ ամփոփելով հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի քննաշրջանը (լուծարքային շրջանը ներառյալ):
Ելնելով 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքներից՝ ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի 15 ուսանող հեռացվեց մասնաճյուղից ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով: