2023թ. ապրիլի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Մայր բուհի կողմից ս.թ. մարտի 22-ին իրականացված «Լաւագոյն գրաբարագէտ» խորագրով օլիմպիադայի մեր մասնակիցների շնորհակալագրերի և խրախուսական պարգևների հանձնման արարողությունը, որին մասնակցում էին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.թ. դոցենտ Վ.Ավագյանը և ամբիոնի դասախոսներ:
«Լաւագոյն գրաբարագէտ» օլիմպիադան կազմակերպվել էր ԵՊՀ հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության, «Դասական դպրոց» հիմնադրամի և Արարատյան Հայրապետական թեմի համատեղ գործակցությամբ:
Օլիմպիադայի նպատակն էր արժևորել տալ հին հայերենը, նոր սերնդին մոտեցնել ոսկեղենիկ հայերենին:
Անվանակարգերը երկուսն էին (տեքստի՝ աշխարհաբարից գրաբար փոխադրում և «Երկիր Նաիրի Հայաստանս» գրաբարով շարադրություն):
Օլիմպիադային մասնակցում էին ուսանողներ Երևանի պետական համալսարանից, ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցից, Գևորգյան հոգևոր ճեմարանից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, Արցախի պետական համալսարանից և այլ կրթական հաստատություններից:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից «Լաւագոյն գրաբարագէտ» օլիմպիադային մասնակցեցին «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողուհիներ Ռիմա Եգանյանը և Գոհար Վիրաբյանը, ովքեր արժանացան շնորհակալագրերի և խրախուսական պարգևների: