- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Ամփոփվեցին Վերոնիկ Նուեի՝ մասնաճյուղ կատարած այցի արդյունքները
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի և փոխտնօրեն Մհեր Օթարյանի հետ 2023թ. մարտի 3-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ամփոփվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ Վերոնիկ Նուեի կատարած երեքշաբաթյա այցի արդյունքները: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Աիդա Մարդանյանը:
Ս.թ. փետրվարի 10-ից Փարիզի Ստեֆան Մալարմեի անվան քոլեջի դասախոս Վ.Նուեն ԵՊՀ ԻՄ-ի «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների համար վարում էր ֆրանսերենի բանավոր հաղորդակցման հմտությունները զարգացնող դասընթաց:
Տիկին Նուեն հանդիպման ընթացքում խոսեց ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների՝ ֆրանսերենով հաղորդակցվելու հմտությունների բարձր մակարդակի մասին, որպես ուրախալի փաստ՝ նշեց, որ «Անգլերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողներն էլ ազատ հաղորդակցվում են ֆրանսերենով և սիրում են այդ լեզուն:
Վերոնիկ Նուեն անչափ տպավորվել էր ոչ միայն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության, դասախոսական անձնակազմի և ուսանողների կողմից իր հանդեպ ցուցաբերված ջերմ վերաբերմունքով և ընդունելությամբ, այլև Տավուշի գողտրիկ բնությամբ, մարդկանց հյուրընկալությամբ ու տեսարժան վայրերով: Նշենք, որ մասնաճյուղ կատարած այցի ընթացքում ֆրանսիացի հյուրի համար իրականացվել է էքսկուրսիա դեպի Գոշավանք, Հաղարծնի վանական համալիր, Մակարավանք, Ենոքավան (Լաստիվեր), Ակնաղբյուր (Վարդան Մամիկոնյանի կաղնին), որտեղ կազմակերպվել է նաև գյուղական հյուրասիրություն: Այդ ամենի համար ԵՊՀ ԻՄ-ի տնօրենությանը իր գոհունակությունն ու շնորհակալությունն արտահայտեց Վ.Նուեն և հույս հայտնեց՝ կրկին այցելելու մասնաճյուղ:
Պարոն Մակարյանը ևս շնորհակալություն հայտնեց տիկին Նուեին արդյունավետ փոխգործակցության համար՝ ակնկալելով, որ համագործակցությունը կշարունակվի առկա կամ առցանց դասընթացների ձևաչափով՝ ֆրանսիացի այլ գործընկերների ևս ներգրավելու հնարավորությամբ:
Հանդիպման վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը մասնաճյուղի անունից Վերոնիկ Նուեին նվիրեց «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Իննա Եգանյանի «Գարուն» վերնագրով աշխատանքը (ղեկ.՝ Ա.Չիբուխչյան):