- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տնօրենության նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2023թ. հունվարի 27-ին Ա.Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ տնօրենության՝ այս տարվա առաջին նիստը:
Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023-2024 ուստարվա ուսման վճարների չափերին, 2022-2023 ուստարվա առկա ուսուցման 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների արդյունքների վերլուծությանը, 2022-23 ուստարվա 1-ին կիսամյակում իրականացված պրակտիկաներին և 2-րդ կիսամյակի ընթացքում նախատեսվող պրակտիկաների նախապատրաստական աշխատանքներին, 2022-23 ուստարվա 1-ին կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպմանը, 2022-23 ուստարվա 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:
Ամփոփվեց 2022-23 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման ձմեռային քննաշրջանը (առանց լուծարքային շրջանի), ներկայացվեց Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի հաշվետվությունը, հեռակա ուսուցման համակարգի 2 ուսանողի մասնաճյուղից հեռացման հարցը:
Առաջին հարցի մասին նշվեց, որ ըստ ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության կողմից հանրապետության մյուս բուհերի հետ իրականացված հերթական համեմատական վերլուծության՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսման վարձավճարների չափերը շարունակում են մնալ հանրապետությունում ամենացածրերից այն դեպքում, երբ մասնաճյուղի կողմից առաջարկված կրթական ծրագրերը աշխատաշուկայում իրենց մրցունակությամբ և կրթության որակով ամենևին չեն զիջում համանման կրթական ծրագրերին, իսկ իրականացված ծախսերը որոշ մասնագիտություններում գերազանցում են վարձավճարների չափերին: Միևնույն ժամանակ չի կարելի հաշվի չառնել մարզի բնակչության սոցիալական վիճակը: Ելնելով վերոնշյալ հանգամանքներից՝ քննարկումների արդյունքում որոշվեց առաջարկել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդին ոչ մեծ չափով (հիմնականում 20 և 30 հազար ՀՀ դրամի, «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրինը՝ 10 հազար ՀՀ դրամի չափով) փոփոխություններ կատարել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023-2024 ուստարվա ուսման վճարների չափերում:
Երկրորդ հարցի կապակցությամբ ներկայացվեցին 2022-2023 ուստարվա առկա ուսուցման 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների արդյունքները:
Նշվեց, որ 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների ընդհանուր թիվը 31 է, որից 23-ը՝ ընթացիկ քննություններով, 8-ը՝ ընթացիկ ստուգումով, եզրափակիչ գնահատումով դասընթացներով աշխատանքների թիվը պետք է լիներ 290, իսկ առանց եզրափակիչ գնահատումով դասընթացների դեպքում՝ 108 աշխատանք:
ԵՊՀ-ի բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքների կատարման կարգի 13-րդ կետի համաձայն՝ ամբիոններում երրորդ շաբաթվա ընթացքում հաստատվել են հետազոտական աշխատանքների թեմաները և ներկայացվել ուսանողներին:
Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը 2022թ. սեպտեմբերից 2023թ. հունվար ամիսներին կազմակերպել է 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ առցանց հանդիպում-քննարկումներ, որոնք վարել է ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հետազոտական թեմաների ընտրության, աշխատանքների պատրաստման, դրանց ներկայացման և գնահատման չափանիշները:
Տնօրենության անդամները շնորհակալություն հայտնեցին ԿԲԴՎ բաժնին՝ կատարված աշխատանքի համար, տնօրենը հավելեց, որ առավել նպատակահարմար կլինի հետազոտական աշխատանքների արդյունքները հաջորդիվ ներկայացնել ըստ ֆակուլտետների և գնահատականների բաշխման համեմատական վերլուծության ձևով:
Հաջորդ հարցի վերաբերյալ նշվեց, որ 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է եղել 13 պրակտիկա (առկա ուսուցման համակարգում՝ 9-ը, հեռակա ուսուցման համակարգում՝ 4-ը): Պրակտիկաներն իրականացվել են ծրագրերին համապատասխան, գործընթացին մասնակցել է 151 ուսանող, որոնցից 1 ուսանող ընթացքում վերցրել է տարկետում:
Երկրորդ կիսամյակում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է 34 պրակտիկա (21-ը՝ առկա ուսուցման համակարգում, 13-ը՝ հեռակա ուսուցման համակարգում):
Այժմ կատարվում են առկա ուսուցման պրակտիկաների նախապատրաստական աշխատանքներ: Թեև, ժամանակացույցի համաձայն, ամբիոնների կողմից ծրագրերը Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժին պետք է ներկայացվեին 12 օր առաջ, և հիշեցման կարգով բաժնի կողմից այդ ամսին ուղարկվել է շրջաբերական, ամբիոնների կողմից մինչև այժմ ծրագրերը ներկայացվել են մասամբ:
Բաժնի կողմից ստուգվել են ներկայացված ծրագրերի ժամաքանակը, ժամանակահատվածի համապատասխանությունը կրթական ծրագրով սահմանված մոդուլի նկարագրիչի հետ, անճշտությունների դեպքում ապահովվել է հետադարձ կապ: Ըստ ներկայացված ծրագրերի՝ մասնագիտական պրակտիկաների մի մասը նախատեսված է կազմակերպել մասնաճյուղում` Վիքիմեդիայի հետ համագործակցությամբ և մասնաճյուղի տարածքում գործող Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնի (Ijevan CyberHub), «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ի հետ համագործակցությամբ, ինչպես նաև կիրառական արվեստի ֆակուլտետի արվեստանոցներում:
Մասնաճյուղից դուրս ընդգրկված են 20 հաստատություններ: Մանկավարժական պրակտիկաները նախատեսվում է կազմակերպել Իջևանի համար 1, 4 և 5 հիմնական դպրոցներում: Երթուղիներ ունեցող ուսումնական պրակտիկաների ծրագրերը («Զբոսաշրջություն» կրթական ծրագրի) ընդգրկում են 5 մարզ (Տավուշ, Լոռի, Արագածոտն, Վայոց ձոր, Շիրակ) և Երևան:
Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնին հանձնարարվեց մինչև ս.թ. հունվարի 31-ը ավարտին հասցնել բոլոր ծրագրերը, առաջիկայում կազմակերպել պրակտիկաների ղեկավարների հետ հանդիպումներ:
2022-23 ուստարվա 1-ին կիսամյակի լուծարքային շրջանի կազմակերպման կապակցությամբ նշվեց, որ կազմվել են գրաֆիկները և լուծարքային հանձնաժողովների կազմերը, տեղադրվել մասնաճյուղի պաշտոնական կայքէջում, և դրանց մասին իրազեկվել են ուսանողները և հանձնաժողովների անդամները:
2022-23 ուստարվա 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ նշվեց, որ իրականացվել կամ ընթացքի մեջ են նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքները՝ կապված երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցի, դասացուցակների կազմման, ամբիոններում առարկայական ծրագրերի և փաթեթների վերանայման-թարմացման և այլնի հետ: Երկրորդ կիսամյակի առկա ուսուցման դասապրոցեսը նախատեսվում է սկսել ս.թ. փետրվարի 7-ից:
Դեկաններին հանձնարարվեց մինչև 2023թ. փետրվարի 1-ը ֆակուլտետների դասացուցակները վերջնական տեսքով ներկայացնել հաստատման և ուղարկել մասնաճյուղի պաշտոնական կայքէջում տեղադրման:
2022-23 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման ձմեռային քննաշրջանը (առանց լուծարքային շրջանի) ամփոփելիս մասնավորապես նշվեց, որ քննաշրջանին մասնակցած ընդհանուր ուսանողների թիվը 629 է (անվճար՝ 165, վճարովի՝ 464): Ուսանողների ընդհանուր առաջադիմությունը կազմում է 71.4% (անվճար՝ 97.6%, վճարովի՝ 60.8%): Ներկայացվեց նաև քննաշրջանի արդյունքների պատկերը՝ ըստ ֆակուլտետների: Ամենաբարձր առաջադիմությունը գրանցվել է Հումանիտար գիտությունների ֆակուլտետում (80.3%), ամենացածրը՝ Բնական գիտությունների ֆակուլտետում (53.4%): Տնտեսագիտության ֆակուլտետում ուսանողների առաջադիմությունը կազմում է 61.8%, Կիրառական արվեստի ֆակուլտետում՝ 69.6%:
Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Վ.Աղաբաբյանը ներկայացրեց ընդունված ձևաչափով ԵՊՀ ԻՄ-ի ռազմավարական ծրագրի կարճաժամկետ (2022թ. ապրիլ-դեկտեմբեր) պլանի կատարողականի վերաբերյալ ֆակուտետի տարեկան հաշվետվությունը:
Մասնավորապես նշվեց, որ ներկայումս ֆակուլտետում կրթություն է իրականացվում միայն առկա՝ «Դիզայն» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերով: Ֆակուլտետում ուսանում է 69 ուսանող, որոնցից 21-ը՝ անվճար, 48-ը՝ վճարովի ուսուցման համակարգում:
Կիրառական արվեստի ֆակուլտետում դասավանդում են 4 դոցենտ, 6 ասիստենտ և 12 դասախոս: Դասավանդողներից 7-ը Նկարիչների միության անդամ է, իսկ 1-ը՝ Դիզայներների միության:
Հաշվետու ժամանակահատվածում ֆակուլտետը պարբերաբար կազմակերպել է «Բաց դռների օրեր» և ապագա դիմորդների ճանաչողական այցեր՝ ֆակուլտետի կրթական հնարավորությունները ներկայացնելու համար:
Կրթական ծրագրերը ներկայացնելու նպատակով կազմակերպվել են այցեր Տավուշի և Գեղարքունիքի մարզերի ավագ և միջնակարգ դպրոցներ:
«Դիզայն» կրթական ծրագրի վերանայման և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի մոնիթորինգի ընթացքում վերանայվել է շրջանավարտների մասնագիտական կոմպետենցիաների համախումբը: Այժմ մոնիթորինգի է ենթարկվում «Դիզայն» կրթական ծրագիրը:
Ֆակուլտետում ներդրվել են գրագողությամ դեմ պայքարի մեխանիզմներ:
Ավարտական աշխատանքների գիտական մակարդակի բարձրացմանը միտված քայլեր են պարբերաբար իրականացվում: Ֆակուլտետը ավարտական աշխատանքների ղեկավարման և գրախոսման գործում մշտապես ներգրավում է արհեստավարժ մասնագետների:
Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսները պարբերաբար մասնակցում են ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին:
Ամբիոններում իրականացվել են փոխադարձ դասալսումներ, վարպետաց դասեր՝ ուսումնասիրելու դասախոսական կազմի ուսումնամեթոդական առաջավոր փորձը, կազմակերպվել են ցուցահանդեսներ:
Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն:
Հեռակա ուսուցման համակարգի 2 ուսանող հեռացվեց մասնաճյուղից՝ առարկայական տարբերությունները չհանձնելու և կիսամյակի ընթացքում 60 և ավելի ժամ անհարգելի բացակայություններ ունենալու, ուսման վարձը չվճարելու պատճառներով: