- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Կայացավ Գ. Բալասանյանի մենագրության շնորհանդեսը
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում ս.թ. դեկտեմբերի 10-ին կայացավ պ.գ.թ., դոցենտ Գրիգոր Բալասանյանի «Խորհրդային Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները 1920-1927 թթ.» մենագրության շնորհանդեսը, որին մասնակցում էին բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր, գրասեր հասարակության անդամներ:
Շնորհանդեսի բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանի վարիչ, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոս Վլադիմիր Պողոսյանը՝ մասնավորապես նշելով. «Խորհրդային անցյալը, Խորհրդային Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքի կազմակերպման հարցերի անաչառ, գաղափարական ենթատեքստերից դուրս, օբյեկտիվ ուսումնասիրության շնորհիվ հնարավորություն ունենք արժևորելու նախորդ դարաշրջանի իրադարձութենական գործընթացների ազդեցությունը Հայաստանի և հայության վրա: Այս առումով Գրիգոր Բալասանյանի «Խորհրդային Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունները 1920-1927 թթ.» մենագրությունը կարևոր քայլ է Խորհրդային Հայաստանի առևտրատնտեսական հարաբերությունների, առևտրային դիվանագիտության խնդիրների ներկապնակն ամբողջացնելու տեսանկյունից: Կարևորենք այն ձեռքբերումները, որոնց շնորհիվ հնարավոր եղավ Մեծ եղեռնից ու հայ-թուրքական պատերազմներից հետո ծայրահեղ աղքատության մատնված եղեռնապուրծ հայության համախմբումն ու հուսալի ապագային միտված գործունեությունը, Խորհրդային Հայաստանի քաղաքական գործիչների մեծ դերակատարումը պետականաշինական գործընթացում, որում անշեղորեն առկա էր ԽՍՀՄ քաղաքական և գաղափարական ազդեցությունը»:
Գ.Բալասանյանի գրքի վերաբերյալ վերլուծության մեջ Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Արա Ազատյանն ընդգծեց. «Խորհրդային Հայաստանի կողմից մի շարք երկրների հետ առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու և զարգացնելու պատմության ուսումնասիրությունը կարևոր խնդիր է հայ պատմագիտության համար: Այս առումով շնորհակալ գործ է կատարել պ.գ.թ., դոցենտ Գ. Բալասանյանը՝ ընթերցողի սեղանին դնելով վերոնշյալ թեմային նվիրված մի աշխատություն: Հարուստ աղբյուրագիտական բազա ունեցող աշխատությունն ընդգրկում է 1920-1927 թվականները. շարադրանքը սկսելով Հայաստանի խորհրդայնացումից՝ հեղինակն այն հասցնում է մինչև 1927 թվականը, մի ժամանակաշրջան, երբ շնորհիվ Խորհրդային Ռուսաստանի, այնուհետև Խորհրդային Միության ձեռնարկած միջոցառումների բարելավվեց երկրի տնտեսական վիճակը, ստեղծվեցին արդյունաբերական նոր ձեռնարկություններ, զարգացավ երկաթգծի աշխատանքը, և առևտրային կապեր հաստատվեցին հարևան պետությունների հետ: Ի դեպ, Խորհրդային Հայաստանի հարևան երկրներից առաջինը Պարսկաստանն էր, որի հետ առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման համար բանակցություններ սկսվեցին»:
ԵՊՀ-ի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր, ք.գ.դ. Գարիկ Քեռյանն իր ելույթում նշեց. «Խորհրդային Հայաստանի քաղաքական գործընթացները և տնտեսական ձեռքբերումների, խնդիրների ուսումնասիրությունը կարևոր է այժմյան նմանօրինակ գործընթացների միտվածությունը հասկանալու և հնարավոր ռիսկերը գնահատելու տեսանկյունից: Գ.Բալասանյանի մենագրությունը տալիս է այդօրինակ բազմաթիվ հարցերի պատասխաններ, մատնանշում խորհրդային հանրապետությունների միության մեջ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության սուբյեկտայնությունը, առևտրատնտեսական հարաբերություններում ունեցած նվաճումները: Հուսավառ ենք, որ հեղինակը կշարունակի իր ուսումնասիրությունները վերոնշյալ ոլորտում և ընթերցողիս սեղանին կդնի հաջորդ հատորները»:
Գնահատանքի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը` նշելով. «Գրիգոր Բալասանյանի մենագրության շնորհանդեսով ևս մեկ անգամ փորձում ենք արժևորել դասախոս-գիտնականի դերակատարումը կրթության և հետազոտության ներդաշնակությունն ապահելու տեսանկյունից: Որպես խորհրդային ժամանակաշրջանում ծնված և կրթություն ստացած քաղաքացի` ես ևս կարևորում եմ խորհրդային ձեռքբերումների, բազմաչափ գործընթացների օբյեկտիվ ուսումնասիրությունը, քանզի այդ ժամանակաշրջանը, իսկապես, «նվաճողական» էր հայրենական գիտության և կրթության համար: Ի դեմս Գրիգոր Բալասանյանի՝ մենք գործ ունենք փորձագետ-մասնագետի հետ, ով իր գրքում փաստերի հիման վրա ներկայացրել է Խորհրդային Հայաստանի պատկերը այդ ծանր տարիներին: Շնորհակալ ենք պարոն Բալասանյանին՝ արժեքավոր գրքի և այդ գրքի շնորհանդեսը մեր բուհում անցակցնելու համար»:
Վերջում ելույթ ունեցավ գրքի հեղինակ Գրիգոր Բալասանյանը, շնորհակալություն հայտնեց շնորհանդեսի բոլոր ներկաներին, կազմակերպիչներին ու ելույթ ունեցողներին: Նա մասնավորապես նշեց. «Առաջին մենագրությունը հաճելի և պարտավորեցնող է, և ես՝ որպես իջևանցի, ուրախ եմ և հպարտ՝ գրքիս շնորհանդեսը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացնելու համար: Մենագրության մեջ քննության են առնված և հրապարակված բազմաթիվ արխիվային փաստաթղթեր, տարբեր վիճակագրական նյութեր, որոնք ամբողջացնում են Խորհրդային Հայաստանի առևտրատնտեսական գործունեությունը 1920-27 թվականներին: Շնորհակալ եմ ներկաներին և հանձնառու՝ հաջորդիվ ևս կիսվելու մասնագիտական ձեռքբերումներով ու նոր հրապարակումներով»: