- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տեղի ունեցավ տնօրենության նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2022թ. հոկտեմբերի 21-ին ԵՊՀ ԻՄ-ում Ա.Մակարյանի նախագահությամբ տեղի ունեցավ տնօրենության նիստ, որին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էր Ուսումնամեթոդական վարչության ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյանը:
Նիստում քննարկվեցին 2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների կազմակերպմանը, առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստական աշխատանքներին, հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքների և պրակտիկաների կազմակերպմանը, ավարտական աշխատանքների թեմաների հաստատման ընթացքին, 2021-2022 ուստարում ուսանողների և դասախոսների վերհանված խնդիրների և կարիքների լուծումներին, բակալավրի հեռակա ուսուցման ուսանողների իրավունքների վերականգնմանը վերաբերող հարցեր: Հաստատվեցին որոշ տարակարգերի աշխատողների համար աշխատանքի նկարագրերը:
2022-2023 ուստարվա 1-ին կիսամյակի հետազոտական աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին նշվեց, որ առկա ուսուցման համակարգում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացների ընդհանուր թիվը 31 է, իսկ հեռակա ուսուցման համակարգում՝ 19: Այս կիսամյակի առաջին շաբաթվա ընթացքում Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի կողմից հիշեցման կարգով նամակներ են ուղարկվել ամբիոնների վարիչներին, կրթական ծրագրերի ղեկավարներին, դեկաններին և գործավարներին, որ ԵՊՀ-ի բակալավրի և մագիստրոսական կրթական ծրագրերի մասնագիտական դասընթացներում հետազոտական աշխատանքների կատարման կարգի 13-րդ կետի համաձայն՝ ամբիոններում երրորդ շաբաթվա ընթացքում պետք է հաստատել հետազոտական աշխատանքների թեմաները և ներկայացնել ուսանողներին: Չորրորդ շաբաթվա ընթացքում բոլոր ամբիոնները բաժին են ուղարկել առկա ուսուցման համակարգի հետազոտական աշխատանքների թեմաների և այդ թեմաներն ընտրած ուսանողների ցանկը՝ ամբիոնների համապատասխան նիստի արձանագրության քաղվածքներով:
Բաժնի կողմից հավաքագրվել են նաև հեռակա ուսուցման համակարգի հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների տվյալները, ինչպես նաև ամբիոններից պահանջվել է, որ ամբիոնների համապատասխան նիստերում քննարկեն հեռակա ուսուցման համակարգի հետազոտական աշխատանքների թեմաները:
ԿԲԴՎ բաժինը կազմակերպել է 2022-2023 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում հետազոտական բաղադրիչ պարունակող դասընթացները վարող դասախոսների հետ առցանց հանդիպում-քննարկումներ, որոնք վարել է ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հետազոտական թեմաների ընտրության, աշխատանքների պատրաստման, դրանց ներկայացման և գնահատման չափանիշները: Սեպտեմբերին բաժնի կողմից կազմակերպվել է նաև ուսանողների հետ հանդիպում, որի ժամանակ նախ քննարկվել են ուսանողների կողմից բարձրաձայնված խնդիրները, ապա ներկայացվել է հետազոտական աշխատանք պատրաստելու կարգը, մեթոդները: Նախատեսվում է նման հանդիպում կազմակերպել նաև նոյեմբերին:
2022-2023 ուստարվա առաջին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ նշվեց, որ դրանք կազմակերպվել են՝ համաձայն ժամանակացույցի: Քննաշրջանն իրականացվելու է 2022թ. հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ը: Ամբիոններում քննարկումներից հետո ֆակուլտետների դեկանները Ուսումնամեթոդական վարչություն են ներկայացրել ընթացիկ ստուգումների և քննությունների կազմակերպման ժամանակացույցները, դրանք տեղադրվել են պաշտոնական կայքէջում, և դրանց մասին տեղեկացվել է դասախոսներին և ուսանողներին: Ֆակուլտետներին են տրամադրվել քննությունների համար նախատեսված տետրերը: Իրականացվել են նախապատրաստական այլ անհրաժեշտ աշխատանքներ, և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստ է քննաշրջանի իրականացմանը:
Ըստ հաստատված ժամանակացույցի՝ 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի հեռակա ուսուցման բակալավրի ուսումնական պարապմունքները կսկսվեն ս.թ. նոյեմբերի 1-ից, մագիստրատուրայի դասերը կմեկնարկեն նոյեմբերի 15-ից:
Մասնաճյուղում 2022-2023 ուստարվա պրակտիկաների կազմակերպման ընթացքի մասին նշվեց, որ առաջին կիսամյակում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է եղել 13 պրակտիկա (առկա ուսուցման համակարգում` 4 մանկավարժական, 1 մասնագիտական, 4 ուսումնական, հեռակա ուսուցման համակարգում` 2 մանկավարժական, 1 մասնագիտական, 1 գիտամանկավարժական): Առկա ուսուցման պրակտիկաներն ընթացքի մեջ են:
«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» և «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրերի մանկավարժական պրակտիկաներն իրականացվում են Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում: 3-րդ կուրսերի մանկավարժական պրակտիկաները կազմակերպվել են՝ ընդգրկելով կիսամյակի ողջ ընթացքը (շաբաթական մեկ օր), իսկ 4-րդ կուրսերի մանկավարժական պրակտիկաները կազմակերպվել են նախքան հանրակրթական դպրոցներում աշնանային արձակուրդները, 3 շաբաթ տևողությամբ և կիրականացվեն արձակուրդների ավարտից հետո ևս 3 շաբաթ տևողությամբ:
«Հոգեբանություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի մասնագիտական պրակտիկան կազմակերպվել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Իջևանի մասնաճյուղում` ընդգրկելով կիսամյակի ողջ ընթացքը (շաբաթական մեկ օր):
«Դիզայն» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրերի ուսումնական պրակտիկաները կազմակերպվել են մասնաճյուղում և դասացուցակում եղել են արտահայտված:
Հեռակա ուսուցմամբ նախատեսված պրակտիկաների կազմակերպման համար կատարվում են նախապատրաստական աշխատանքներ:
Ավարտական աշխատանքների թեմաների հաստատման ընթացքի կապակցությամբ դեկանները նշեցին, որ ամբիոնային նիստերում քննարկվել են դրանք, իրականացվել են անհրաժեշտ շտկումներ և փոփոխություններ, որոշ ֆակուլտետների գիտական խորհուրդների նիստերում արդեն հաստատվել, մյուսներում առաջիկայում կհաստատվեն դրանք: ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանն ընդգծեց, որ գործընթացի պատասխանատուները հետևողական լինեն, որ ավարտական աշխատանքների թեմաները լիովին համապատասխանեն մասնագիտություններին, կրթական ծրագրերի վերջնարդյունքներին, այդ հարցում կարևորեց նախնական անոտացիաների պատրաստման անհրաժեշտությունը:
2021-2022 ուստարում ուսանողների և դասախոսների վերհանված խնդիրների և կարիքների լուծումների վերաբերյալ նշվեց, որ 2021-2022 ուստարում Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինը տարբեր մեխանիզմներով վերհանել է դասախոսների և ուսանողների մի շարք կարիքներ և խնդիրներ: Դրանք բավարարելու և լուծումներ գտնելու նպատակով բաժինն այդ խնդիրները տրոհել և խմբավորվել է ըստ պատասխանատվության և ընթացիկ ուստարվա սկզբին ուղարկել բոլոր ստորաբաժանումներին: Ստորաբաժանումները կազմել են ներառված խնդիրների լուծման իրենց ծրագրերը՝ համապատասխան քայլերով, ակնկալիքներով և ժամկետներով հանդերձ:
Հավաքագրված խնդիրների մեծ մասը վերաբերում է ամբիոններին, որոնց պատճառների հստակեցման, դրանց հնարավոր լուծման համար ամբիոնները նախատեսել են ուսանողների և դասախոսների հետ անցկացնել հանդիպում-քննարկումներ: Ա.Մակարյանը առաջարկեց կազմակերպել հանդիպումներ ամբիոնների վարիչների և կրթական ծրագրերի ղեկավարների հետ՝ խնդիրների լուծման առաջարկվող քայլերը հստակեցնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար:
Իրենց գործունեությանն առնչվող խնդիրների լուծման ծրագրեր են ներկայացրել նաև ԵՊՀ ԻՄ-ի գրադարանը, Տնտեսական գործունեության կազմակերպման և սպասարկման բաժինը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը, Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժինը և Ուսումնամեթոդական վարչությունը:
ՄԿՈԱ բաժինն այդ ծրագրերի իրականացման արդյունքները, համեմատելով նոր հավաքագրված խնդիրների հետ, կամփոփի ընթացիկ ուստարվա վերջում, և ուսանողների ու դասախոսների բավարարվածության դինամիկան թույլ կտա պարզելու, թե որքանով են այդ ծրագրերը եղել արդյունավետ:
ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի հեռակա ուսուցման համակարգում ուսանողների իրավունքների վերականգնման ընթացքի մասին նշվեց, որ 15 նախկին ուսանողներ դիմել են ԵՊՀ ԻՄ-ի բակալավրի հեռակա ուսուցման համակարգում իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու համար: Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել են ուսանողների վերականգնման դեպքում առաջացած առարկայական տարբերություններով պայմանավորված կրեդիտների քանակները և նրանց ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգին:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի III մասի կետերին համապատասխան՝ որոշվեց վերականգնել ԵՊՀ ԻՄ-ի 15 նախկին ուսանողների ուսանողական իրավունքները: