- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Մեր ուսանողների այցը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
2022թ. սեպտեմբերի 26-ին ԵՊՀ ԻՄ-ի «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առկա ուսուցման 2-4-րդ կուրսերի մի խումբ ուսանողներ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Լ.Թումանյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա՝ Լեյդենի համալսարանի դասախոս, հայագետ, բ.գ.թ. Հրաչ Մարտիրոսյանի զեկուցում-դասախոսությունն ունկնդրելու: Այն նախաձեռնել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ս.Հովհաննիսյանը:
Զեկուցում-դասախոսության նպատակը հայոց լեզվի և մշակույթի ծագման ու պատմական զարգացման ընդհանուր նկարագիրը հնարավորինս հանրամատչելի ձևով ներկայացնել էր:
Ակնարկային դասախոսության թեմատիկ հենքում հայոց լեզվի պատմությունն էր՝ հնդեվրոպական ակունքներից մինչև գրաբար, աշխարհաբար ու բարբառներ: Բանախոսն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց Արցախի ու Սյունիքի տարածքների բարբառային ու լեզվամշակութային առանձնահատկություններին, ինչպես նաև այդ տարածաշրջաններում հայոց հնագույն դիցուհու պաշտամունքի մնացուկներին:
Դասախոսության ընթացքում կարևորվեցին լեզվական փոփոխությունների մշտարթուն ընթացքն ու տրամաբանությունը, հնչյունափոխական օրենքի ըմբռնումը, լեզվամշակութային բազմաշերտ իրողությունները, Հայկական լեռնաշխարհում (մասնավորապես Արցախում և Սյունիքում) հայոց լեզվի պատմական ներկայության լեզվամշակութային ու ժամանակագրական բնութագրերը, արդի լեզվական մարտահրավերները և այլն:
Զեկուցում-դասախոսությունն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով և մտքերի փոխանակությամբ, մասնավորապես՝ հայագիտական արդյունքի միջազգայնացման հարցերի քննարկմամբ:
Այս դժվարին օրերին հայագիտական նման դասընթացն ունկնդիրներին ստիպեց վերադառնալ իրենց ակունքներին, լցվել տոկունությամբ, տոգորվել հայրենասիրությամբ և հայերենասիրությամբ: