2022թ. հունիսի 30-ին Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը Ուսումնամեթոդական վարչության հետ համատեղ անցկացրեց ԵՊՀ ԻՄ-ում ուսումնական գործընթացի կազմակերպման նոր կարգի վերաբերյալ հանդիպում-քննարկում:

Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ԻՄտնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, փոխտնօրեն Մ.Օթարյանը, ֆակուլտետների դեկանները, կրթական ծրագրերի ղեկավարները, դեկանատների գործավարներն ու ամբիոնների լաբորանտները:

Ա.Մակարյանը ողջունեց երկու ստորաբաժանումների համատեղ նախաձեռնությունը՝ մասնավորապես նշելով, որ այդ հանդիպումը շատ կարևոր է, քանի որ ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման նոր կարգում (30.04.2022թ. հաստատված ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի կողմից) կան գնահատման համակարգին վերաբերող էական փոփոխություններ, որոնց մասին պետք է տեղյակ լինեն բոլոր համալսարանականները, առաջնահերթ՝ ամբիոնների վարիչները, կրթական ծրագրերի ղեկավարները, դասախոսները, դեկանատների աշխատակիցները, ովքեր այս սեպտեմբերից աշխատելու են այդ կարգի համաձայն:

Պարոն Մակարյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ կարգն ուժի մեջ է մտնելու 2022թ. սեպտեմբերի 1-ից և վերաբերելու է 2022-2023 ուստարում և դրանից հետո ԵՊՀ ԻՄ ընդունված և՛ բակալավրիատի, և՛ մագիստրատուրայի ուսանողներին:

Այնուհետև Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը մանրամասն ներկայացրեց ԵՊՀ ԻՄ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգում կատարված փոփոխությունները: Նախ նա անդրադարձավ կարգի փոփոխման նպատակներին, որոնք են՝ բազմագործոն  գնահատման  համակարգ ներդնելը, դասախոսի  ազատության  աստիճանը մեծացնելը, դրական արդյունարար գնահատական միայն  մեկ  բաղադրիչով  չձևավորելը:

Ա.Դավթյանը շեշտեց, որ փոխվել է նաև գնահատման սանդղակը. այսուհետ «անբավարար» է համարվում 0-9, «բավարար»՝ 10-13, «լավ»՝ 14-17 միավորները:

Ապա առավել հանգամանորեն ներկայացվեցին եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացների գնահատման ձևերը, պարտադիր և ընտրովի բաղադրիչները, նրանց տրվող առավելագույն և նվազագույն միավորները, քննությունների վերահանձնման կարգը և քննական տեղեկագրերի տեսքերը:

Վերջում տեղի ունեցավ քննարկում. մասնակիցների կողմից ուղղված հարցերին տրվեցին պատասխաններ:

 

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: