2022թ. հունիսի 8-ին ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանողները պրակտիկայի ղեկավար Ա.Ուլիխանյանի  գլխավորությամբ այցելեցին Երևան:

Այցելության նպատակը  Երևանի՝ որպես ՀՀ կարևոր զբոսաշրջային դեստինացիայի (նպատակակետ) ռեսուրսների և ենթակառուցվածքների ուսումնասիրումը և գնահատումն էր:

Ուղևորությունն իրականացվեց հետևյալ երթուղով՝ Իջևան - Երևանի Ազգային պատկերասրահ - Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան - Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի - Երվանդ Քոչարի տուն-թանգարան - Կասկադ համալիր -  Զվարթնոց տաճար - Իջևան:

Ուսանողները աղյուսակների, քարտեզների, տեսանյութերի միջոցով  նախապես ծանոթացել էին Երևանի պատմությանը, պատմաճարտարապետական հուշարձանների, սոցիալ-մշակութային ծառայություններ մատուցող օբյեկտների, զբոսայգիներին և զբոսաշրջային ենթակառուցվածքների ցանկին: Այցելության համար առանձնացվել էին առավել կարևոր զբոսաշրջային օբյեկտները, և ուսանողներին հանձնարարվել է դրանց վերաբերյալ  մանրամասն տեղեկատվության նախապատրաստում՝ տեղում տվյալ օբյեկտը մասնագիտորեն ուսումնասիրելու, ներկայացնելու, զբոսաշրջային փաթեթներում  դրանց ընդգրկվածությունը  գնահատելու նպատակով:

Ուղևորության ընթացքում «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները ներկայացրին երթուղու ուղղությամբ գտնվող բնաաշխարհագրական օբյեկտները, զբոսաշրջային ենթակառուցվածքները:

Երևանում պրակտիկան կազմակերպվեց քաղաքային շրջագայության ձևով, որը հնարավորություն տվեց ուսումնասիրելու ոչ միայն  երթուղում մատնանշված օբյեկտները, այլև ծանոթանալու քաղաքի փողոցներին, զբոսայգիներին և զբոսաշրջային գրավչություն ունեցող օբյեկտներին: Երևանից ուսանողներն ուղևորվեցին Զվարթնոց տաճար, որտեղ պրակտիկայի  ղեկավարը ուսանողների ակտիվ մասնակցությամբ մասնագիտորեն վերլուծեց տաճարի պատմությունը, ճարտարապետական հորինվածքի առանձնահատկությունները և զբոսաշրջային դերը:

Ուսումնական պրակտիկայի շրջանակներում Երևան կատարված ուղևորությունը բավականին տպավորիչ էր և ուսանելի. այն նպաստեց ուսանողների տեսական գիտելիքների գործնական ամրապնդմանը:

Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: